«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ով ձևավորում է հասարակության պահանջմունքները, նա էլ կառավարում է հասարակությանը

Ով ձևավորում է հասարակության պահանջմունքները, նա էլ կառավարում է հասարակությանը
04.11.2026 | 14:11

Իշխանության մասին խոսելիս մենք սովորաբար պատկերացնում ենք պետություն, կառավարություն, բանակ, ոստիկանություն, օրենքներ և ֆինանսական ռեսուրսներ։

Սակայն գոյություն ունի իշխանության մեկ այլ՝ շատ ավելի խորքային դրսևորում, որը հաճախ անտեսվում է։

Դա մարդկանց պահանջմունքները ձևավորելու կարողությունն է։

Մարդուն կառավարելու համար պարտադիր չէ նրան ինչ-որ բան պարտադրել։ Շատ ավելի արդյունավետ կարող է լինել նրա մեջ այնպիսի ցանկություններ, ձգտումներ և պատկերացումներ ձևավորելը, որոնց հետևելով՝ նա ինքնակամ կգործի որոշակի համակարգի շահերին համապատասխան։

Եվ այստեղ առաջանում է հիմնարար հարց.

Ո՞վ է իրականում ավելի մեծ իշխանություն կրում՝ նա, ով բավարարում է հասարակության պահանջմունքները, թե նա, ով ստեղծում է դրանք։

Իմ համոզմամբ՝ երկրորդը։

ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔԸ՝ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ

Տնտեսագիտության դասական պատկերացման մեջ արտադրողը հայտնաբերում է հասարակության պահանջարկը, արտադրում համապատասխան ապրանքը և ստանում շահույթ։

Սակայն ժամանակակից տնտեսական համակարգում հաճախ գործում է նաև հակառակ տրամաբանությունը։

Սկզբում ձևավորվում է պահանջմունքը, հետո ստեղծվում է դրա բավարարման շուկան։

Մարդուն պարզապես ապրանք չեն վաճառում։ Նախ ձևավորում են պատկերացում, որ այդ ապրանքը անհրաժեշտ է նրա հաջողության, երջանկության, հեղինակության կամ հասարակական դիրքի համար։

Այսպիսով՝ բնական մարդկային պահանջմունքները կապվում են արհեստականորեն ձևավորված ցանկությունների հետ։

Մարդն ունի ճանաչված լինելու պահանջմունք։ Նրան առաջարկում են ճանաչման չափանիշ՝ որոշակի ապրանքանիշ։

Մարդն ունի պատկանելության պահանջմունք։ Նրան առաջարկում են որոշակի կենսակերպ։

Մարդն ունի անվտանգության պահանջմունք։ Նրան առաջարկում են անվտանգության որոշակի համակարգ։

Եվ յուրաքանչյուր նման փոխակերպում կարող է ծնել նոր շուկա, նոր դրամական հոսքեր և կապիտալի կուտակման նոր հնարավորություն։

Պահանջմունքի ձևավորում → պահանջարկ → դրամական հոսքեր → կապիտալի կուտակում → կապիտալի կենտրոնացում → պահանջմունքների ձևավորման ավելի մեծ կարողություն։

Այս շղթան կարող է վերածվել ինքնավերարտադրվող համակարգի։

Հետևաբար, կապիտալը ոչ միայն ձևավորում է հասարակական պահանջմունքները։ Հասարակական պահանջմունքներ ստեղծելու կարողությունն ինքնին կարող է ծնել և կենտրոնացնել կապիտալ։

ԿՐՈՆԸ՝ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հասարակական պահանջմունքների ձևավորումը ժամանակակից գովազդի կամ զանգվածային լրատվամիջոցների հայտնագործությունը չէ։

Դարեր շարունակ այդ գործընթացում կարևոր դեր են ունեցել կրոնական ինստիտուտները։

Կրոնը միայն մարդու և Աստծո հարաբերությունների մասին պատկերացումների համակարգ չէ։ Այն նաև պատմականորեն ձևավորել է բարոյական նորմեր, հասարակական պարտավորություններ, վարքագծի չափանիշներ, ընտանիքի կառուցվածքի և կյանքի իմաստի վերաբերյալ պատկերացումներ։

Կրոնական համակարգերը սահմանել են, թե ինչն է առաքինություն, ինչն է մեղք, ինչին պետք է ձգտել և ինչից պետք է հրաժարվել։

Այստեղ անհրաժեշտ է տարբերակել հավատքը՝ որպես մարդու անձնական հոգևոր ապրում, և կրոնական ինստիտուտները՝ որպես հասարակական կազմակերպված կառույցներ։

Դրանց պատմական ազդեցությունը միանշանակ չի եղել։ Կրոնական ինստիտուտները նպաստել են կրթությանը, բարեգործությանը, համերաշխությանը և մշակույթի պահպանմանը, բայց որոշ պատմական պայմաններում նաև ծառայել են քաղաքական իշխանության օրինականացմանն ու հասարակական հիերարխիաների պահպանմանը։

Հիմնական հարցը կրոնի ճշմարտացիությունը կամ կեղծ լինելը չէ։

Հարցն այն է, թե ինչպես են արժեքային համակարգերը ձևավորում մարդկանց պահանջմունքները և ինչպես են այդ պահանջմունքներն ազդում հասարակության կազմակերպման վրա։

Երբ որևէ արժեք հասարակության կողմից ընդունվում է որպես անվիճելի ճշմարտություն, այն կարող է շարունակաբար վերարտադրվել սերունդների միջոցով՝ առանց մշտական արտաքին պարտադրանքի։

Սա հասարակական ազդեցության ամենաերկարակյաց մեխանիզմներից մեկն է։

ԿՐՈՆԻՑ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Ժամանակակից աշխարհում հասարակական արժեքների և պահանջմունքների ձևավորման գործընթացին մասնակցում են բազմաթիվ ինստիտուտներ՝ կրթական համակարգը, զանգվածային լրատվամիջոցները, կինոարտադրությունը, գովազդային արդյունաբերությունը, սոցիալական ցանցերը և թվային հարթակները։

Եթե պատմական կրոնական համակարգերը մեծապես անդրադառնում էին փրկության, մեղքի, առաքինության և հավերժական կյանքի հարցերին, ապա ժամանակակից սպառողական մշակույթը հաճախ կենտրոնանում է հաջողության, կարգավիճակի, արտաքին տեսքի, հարմարավետության և անհատական ինքնադրսևորման շուրջ։

Այս երկու համակարգերը նույնական չեն, սակայն ունեն ուսումնասիրության արժանի ընդհանրություն։

Երկուսն էլ կարող են ազդել մարդու պատկերացումների վրա այն մասին, թե ինչն է ցանկալի, ինչն է անհրաժեշտ և ինչին արժե նվիրել սեփական կյանքը։

Ժամանակակից մարդը կարող է համոզված լինել, որ իր ընտրությունները բացառապես անհատական են։

Բայց որքանո՞վ են դրանք անհատական, եթե նրա հաջողության չափանիշները, գեղեցկության պատկերացումները, սոցիալական ձգտումները և սպառողական սովորությունները ձևավորվել են արտաքին տեղեկատվական ու մշակութային միջավայրի ազդեցությամբ։

ԷԴՎԱՐԴ ԲԵՌՆԵՅՍ, ԳՐԱՄՇԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Այս երևույթը տարբեր տեսանկյուններից ուսումնասիրել են բազմաթիվ մտածողներ։

Էդվարդ Բեռնեյսը զարգացրել է հանրային կարծիքի և համաձայնության ձևավորման կազմակերպված մեթոդները։

Անտոնիո Գրամշին ուսումնասիրել է մշակութային հեգեմոնիան՝ այն գործընթացը, որի միջոցով որոշակի աշխարհայացք և արժեքներ հասարակության մեջ կարող են ընկալվել որպես բնական ու ինքնըստինքյան հասկանալի։

Միշել Ֆուկոն ուսումնասիրել է իշխանության, գիտելիքի, հասարակական նորմերի և մարդկային վարքագծի փոխհարաբերությունները։

Պիեռ Բուրդիեն ցույց է տվել, թե ինչպես են սոցիալական միջավայրը, կրթությունը և դասակարգային դիրքը մասնակցում մարդու ճաշակի ու նախընտրությունների ձևավորմանը։

Այս մոտեցումները տարբեր են, սակայն դրանց համադրությունը թույլ է տալիս դիտարկել իշխանությունը ոչ միայն որպես հարկադրանքի մեխանիզմ, այլև որպես հասարակական գիտակցության և վարքագծի վրա ազդեցության համակարգ։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե սպառողական պահանջմունքների ձևավորումը կարող է ծնել տնտեսական կապիտալ, ապա անվտանգության պահանջմունքի շուրջ ձևավորվող հասարակական պատկերացումները կարող են ազդել քաղաքական իշխանության կազմակերպման վրա։

Անվտանգությունը մարդու հիմնարար կարիքներից է։

Սակայն իրական վտանգը և վտանգի հասարակական ընկալումը միշտ չէ, որ համընկնում են։

Հասարակությունը, որը որևէ սպառնալիք ընկալում է որպես առաջնահերթ, կարող է պատրաստ լինել անվտանգության ապահովման համար հատկացնել ավելի մեծ ֆինանսական միջոցներ, ընդունել նոր սահմանափակումներ կամ պետությանը փոխանցել լրացուցիչ լիազորություններ։

Սա ինքնին չի նշանակում, որ բոլոր սպառնալիքները հորինված են կամ բոլոր անվտանգության քաղաքականությունները՝ մանիպուլյատիվ։

Սակայն նշանակում է, որ անվտանգության վերաբերյալ հանրային պատկերացումների ձևավորումը կարող է ունենալ հսկայական տնտեսական և քաղաքական հետևանքներ։

Այստեղ արդեն հատվում են պետության, ռազմարդյունաբերական համալիրի, ֆինանսական համակարգի, տեղեկատվական միջավայրի և հասարակական գիտակցության հարցերը։

Ո՞Վ Է ՇԱՀՈՒՄ

Այս ամենից հետո ամենակարևոր հարցերից մեկը դառնում է ոչ թե պարզապես այն, թե ինչ է ցանկանում հասարակությունը, այլ՝

Ո՞վ է ձևավորել այդ ցանկությունը, ո՞վ է ֆինանսավորել դրա տարածումը և ո՞ւմ է հասնում դրա բավարարման արդյունքում առաջացող տնտեսական շահույթը։

Պետք է ուսումնասիրել սեփականության կառուցվածքը, ֆինանսավորման աղբյուրները, տեղեկատվական հոսքերը, շուկաների վերահսկողությունը և կապիտալի վերջնական շահառուներին։

Սակայն կարևոր է չշփոթել տնտեսական շահառուին պահանջմունքի սկզբնական ստեղծողի հետ։ Դրանք կարող են լինել տարբեր դերակատարներ։

Նույնքան կարևոր է հասկանալ, որ հասարակության պահանջմունքները չեն ձևավորվում մեկ կենտրոնից։ Դրանք բազմաթիվ մրցակցող տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական ուժերի փոխազդեցության արդյունք են։

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՐՔԱՅԻՆ ՇԵՐՏԸ

Իշխանության սովորական ընկալման մեջ գլխավոր հարցն այն է, թե ով է որոշումներ կայացնում հասարակության անունից։

Բայց դրանից առաջ կա մեկ այլ հարց։

Ո՞վ է ազդում այն պատկերացումների ձևավորման վրա, որոնց հիման վրա հասարակությունն ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում։

Որովհետև նա, ով կարողանում է ձևավորել հասարակության ցանկությունները, կարող է ազդել նաև նրա տնտեսական վարքագծի, քաղաքական ակնկալիքների, մշակութային արժեքների և զարգացման ուղղության վրա։

Եվ երբ այդ ազդեցությունը դառնում է հասարակական նորմ, այն այլևս պարտադիր չէ պահպանել բացահայտ հարկադրանքով։

Հասարակությունն ինքն է սկսում վերարտադրել այն։

Իշխանության խորքային դրսևորումներից մեկն այն է, երբ մարդիկ ոչ թե ստիպված են ենթարկվում որոշակի համակարգի տրամաբանությանը, այլ սեփական ցանկություններով և ընտրություններով նպաստում են դրա վերարտադրությանը։

Ուստի հասարակության իրական ազատության հարցը չի սահմանափակվում ընտրելու իրավունքով։

Այն ներառում է նաև սեփական ընտրությունների հիմքերը գիտակցելու կարողությունը։

Որովհետև ազատությունը միայն ընտրելու հնարավորությունը չէ։ Ազատությունը նաև հասկանալն է, թե ինչպես և ում ազդեցությամբ են ձևավորվել այն ցանկությունները, որոնց միջև մենք ընտրություն ենք կատարում։

Հ.Գ.

Յուրաքանչյուրն իր հասկացողության չափով աշխատում է հօգուտ իրեն, իր չհասկացողության չափով` հօգուտ նրա, ով ավելին է հասկանում։

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ