Չեմ պատկերացնում, որ կգտնվի որևէ անձ, ով կհավատա, թե մարդը երբևէ կդադարի դաժան գիշատիչ լինել։
- Человек, это звучит гордо! ???
Այդպե՞ս է։
Այս խոսքը վերցված է Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսից։
Բայց... Առանց դույզն ինչ խորանալու մարդ կոչվող կենդանու ներաշխարհ, թե իբր մարդ կոչվելը դա վեհ զգացում է, թե մարդը բնության (կամ թե Աստծո) ստեղծած ամենակատարյալ էակն է, քննության առնենք, թե ինչ է մարդը իրականում։
Նախ նշենք, որ մարդը ֆիզիոլոգիապես և ֆիզիկապես շատ թույլ արարած է։
1. Նա կարող է մահանալ կամ լավագույն դեպքում դառնալ հաշմանդամ (ասենք՝ պարալիզացվել) որևէ միջատի մեկանգամյա խայթոցից և նույնիսկ հպումից։
2. Իրականում մարդն ամենավախկոտ կենդանին է, ինչը մեծի մասամբ արտահայտվում է նրա՝ մյուսների վրա իշխելու և դրանով իրեն ապահովագրելու միջոցով։ Այդ նպատակի համար նա վարձում է իրենից կախում ունեցող, բայց ավելի վախկոտ և ավելի դաժան էակների։
3. Մարդը ստեղծել է կրոնը՝ մյուսներին հավաքական կերպով ենթարկելու համար։
Նա, ապրելով միջինը 70֊80 տարի, հասել է ագահության և դաժանության այս աստիճանին։ Պատկերացրեք, որ եթե ապրեր 150֊200 տարի՝ էլ ինչեր կհորիներ։
Մարդը, կառուցելով տարբեր տաճարներ, ցանկանում է հասնել «Արարչին» մի նպատակով՝ ստանալ անմահություն կամ անդրշիրիմյան հավերժ կյանք։
Եվ այդ ճանապարհին չի խորշում վերացնել ամեն ինչ, ամեն բան, և բոլորին։
4. Մարդը ստեղծել, ստեղծում և ստեղծելու է իր նմաններին, և ոչ միայն իր նմաններին, ոչնչացնելու տարբեր զենքեր ու միջոցներ։
5. Մարդը ինքնակամ և ավեհերապահորեն իրեն դասել է որպես բարձրագույն էակ և իրեն կարգել մյուսների տիրակալ։
6. Մարդը հատում, վերացնում է անտառները, քանդում Մայր Երկրի ընդերքը, աղտոտում հողերը, ջրերը, մթնոլորտը՝ ինչպես կենցաղային, այնպես էլ միջուկային թափոններով։
Նա երբեք չի հագենում ընդերքը, ջրերը, հողերն ու անտառները գերշահագործելուց։
7. Ինչքան էլ մարդը զարդարի իրեն, իր տունը, ապարանքը լցնի ամենայն ճոխություններով, որոնց նա անվանում է հարմարավետություն, միևնույնն է, նա մնում է նույն գիշատիչը՝ պատրաստ հոշոտելու բոլորին և ամեն ինչ։
8. Մարդը հնարել է ինչ-որ դեմոկրատիա, ինչ-որ իրավունքներ, ինչ-որ ընտրություններ...
9. Ֆաինա Ռանևսկայան ասում էր.
- Ինչքան էլ գեղեցիկ լինի սիրամարգը, նրա պոչի փետուրների տակ հավի սովորական հետույք է։
Ինչքան էլ գեղեցիկ հագնի ու պճնվի, միևնույնն է, մարդը մնում է գազան։
Человек человеку волк!
Գանք հետույքին և այնտեղից արտամղված զանգվածին։
Ցանկացած կենդանի օրգանիզմ, լինի դա միկրոբ, սունկ, ջրիմուռ, սողուն թե կաթնասուն, խոտ, թուփ կամ ծառ՝ մահանալուց հետո լրացնում է բնության այն մասը, որի մի մասն էր՝ փտելով, քայքայվելով և հող դառնալով։
Իսկ ինչ է անում մարդը։ Թաղում է մահացածին առավելագույնս խոր, թաղում կամ հորում է իր արտաթորանքը։
Իսկ իր ստեղծած աղբն ու թույնը կուտակում է այստեղ ու այնտեղ, աղտոտելով նաև համաշխարհային օվկիանոսը, դրանով վտանգ ստեղծելով բնության և իհարկե իր՝ ժամանակավորապես բնակվելու վայրում, որը կոչվում է ԵՐԿՐԱԳՈՒՆԴ։
Շատ եմ ուզում հավատալ, որ Տիեզերքում միայն այս դժբախտ մոլորակի վրա կա այս գազանից։
Կգա իհարկե այն օրը, երբ մարդկանց վերջին խմբաքանակը խեղդամահ կլինի թթվածնի պակասից։ Դա իհարկե այսօրվա մարդուն շատ նման չի լինի։ Դա կլինի ռադիոակտիվ ճառագայթումից և արհեստական սննդից ու դեղորայքից ձևախեղված արարած։
Այդ ժամանակ էլ այս գեղեցիկ Մոլորակը կփրկվի ամեն ինչը ոչնչացնող այս տեսակից։
Ընդամենը հարյուր տարում մարդը Երկիրը հասցրեց այս վիճակին։
Եվս 150֊200 տարի, և ամեն ինչ կավարտվի։
Իսկ որ դա կլինի, անվիճելի է։
Երկրագունդը կփրկվի անպետք այս արարածից։
Նայեք, թե ինչպես է նմանը նմանին ոչնչացնում, ինչ զինատեսակներ են ստեղծում և զանգվածաբար արտադրում, ինչ ջանասիրությամբ են իրար կոտորում, ինչ էնտուզիազմով են բանտեր կառուցում, ճնշման ինչպիսի միջոցներ են հորինում և անվանում իրավապաշտպանության համակարգ։
Նայեք, թե ստորաքարշությունը, կեղծավորությունը և երկերեսությունը ինչպես են մաշում մարդկանց։
Չէ՛, մարդը ՄԱՐԴ չի դառնա։
Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ