ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Երևանում մեկնարկել է գինու առաջին համտես-տոնավաճառը

Երևանում մեկնարկել է գինու առաջին համտես-տոնավաճառը
28.11.2015 | 16:23

Այսօր մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող գինու համտես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։

«ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ և մտահղացմամբ մենք այսօրվանից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սկսում ենք հայկական գյուղմթերքի և վերամշակված արտադրանքի տոնավաճառներ և ցուցահանդեսներ՝ հայրենական արտադրանքի խթանման նպատակով: Նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ և 2016 թվականին նույնպես կկազմակերպվեն», - իր խոսքում նշել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Անդրադառնալով գինու համտես-տոնավաճառի կազմակերպմանը՝ փոխնախարարը նշել է, որ այս տարի հանրապետությունում արտադրվել է շուրջ 4 մլն լիտր գինի, և այս միջոցառումը շատ կարևոր նախաձեռնություն է գինու իրացման և օգտագործման մշակույթի տարածման առումով։
«Սա առաջին գինու համտես-տոնավաճառն է Երևանում, որով փորձում ենք նախատոնական օրերի շեմին մեր բնակիչներին հնարավորություն տալ համտեսելու լավ գինի, նաև գնումներ կատարելու։ Երկու գերատեսչությունների նպատակն է՝ աջակցել գյուղացիներին, որ իրենց արտադրանքը բերեն հասցնեն վերջնական արդյունքին՝ իրացմանը, այդպիսով կզարգացնեն և կբարելավեն իրենց գործունեությունը։ Այս առումով մենք պատրաստակամ ենք արձագանքել Գյուղատնտեսության նախարարության բոլոր նախաձեռնություններին», - նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Միջոցառմանը մասնակցում են գինեգործական մոտ 23 ընկերություններ և անհատ գինեգործներ Վայոց ձորի մարզից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր արտադրանքի ողջ տեսականին:
Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:
Տոնավաճառը կգործի նոյեմբերի 28-29-ը՝ ժամը 11:00-ից մինչև 21։00-ն:

Դիտվել է՝ 5196

Մեկնաբանություններ