Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Համազգային համախմբումը ամենօրյա պայքարի հրամայական է

Համազգային համախմբումը ամենօրյա պայքարի հրամայական է
24.04.2025 | 12:16

Այսօր, 1915 թվականի մեծ ողբերգության` Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 110-րդ տարելիցը։

Երեկվա Ջահերի երթով կարծես թե մեր ժողովրդին հաջողվեց ցուցադրել աշխարհին, որ մեր վերքերը դեռ սպիացած չեն, և պահանջատիրության զգացողությունը մարած չէ։

Այնուամենայնիվ, մեր հավաքական կերպարը աշխարհին ներկայանում է նաև որպես պատմության դասերը չսովորած մի տարօրինակ ազգ, որը, հայտնվելով հերթական պատմական փորձությունների հորձանուտում, իր իռացիոնալ վարքագծով իր պետականությունն ու կորսված ինքնութենական հիմքերի վերջին փշրանքները պահպանելու փորձեր է կատարում կամ այդպիսի փորձերի իմիտացիա է ցուցադրում։

Իսկ իրականությունն այն է, որ, մի կողմից, այս օրը մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի պատմության տխուր էջն ու ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակը՝ միաժամանակ, լուռ ու անտարբեր ականատես լինելով և կամ մասնակիցը դառնալով ներկայի աճող ու իրական ողբերգությանը, որը տեղի է ունենում մեր աչքերի առաջ՝ ներքաշելով մեզ պատմական ցավի ծանոթ և անվերջանալի թվացող շրջապտույտ:

Այնինչ, ոգեկոչման այս օրը մենք պետք է գիտակցենք, որ թուրքական աշխարհի հավակնություններն ու ծրագրերը՝ ամրապնդված հայաստանյան իշխանական խմբակի համագործակցության պատրաստակամությամբ, հող և իրական պայմաններ են ստեղծել 1915թ․ ապրիլյան և 2023թ․ սեպտեմբերյան ցեղասպանական պատմական ողբերգությունների կրկնության համար։

Հետևությունը մեկն է․ համազգային ու համաժողովրդական համախմբումը չպետք է լինի սոսկ ապրիլի 23-ին Ջահերի երթի մասնակցություն, այն ամենօրյա պայքարի հրամայական է, պատկերավոր ասած՝ մի կոչնակ, որի խրոխտ ռազմականչի հնչյունների տակ մեր ձեռքերն ինքնաբերաբար ձգտում են ամուր բռնելու միմյանց՝ ի նշան պայքարի, հաղթանակի, եղբայրության, խաղաղության և ավելի լավ ապագայի վերականգնված հույսի։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 6126

Մեկնաբանություններ