«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հայտարարությունը
28.10.2025 | 11:05

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ուշադրությամբ է հետևում Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա ներկայացուցիչներին։

Մենք նշում ենք մեր անհանգստությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործընթացների և իրավապահ մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունների առնչությամբ։ Մենք հույս ենք հայտնում, որ այս գործընթացները կիրականացվեն օրենքի և արդարադատության սկզբունքներին համապատասխան, թափանցիկ և անկողմնակալ ձևով։ Նաև արձանագրում ենք Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունն ու կալանավորումը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձի՝ ներառյալ հոգևորականների, նկատմամբ կիրառվող իրավական միջոցները պետք է հիմնված լինեն հստակ և համարժեք ապացույցների վրա՝ պահպանելով բոլոր իրավական երաշխիքները։

Մենք գիտակցում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և ինքնության պահպանման գործում։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Մենք կարևորում ենք, որ ցանկացած իրավական գործընթաց իրականացվի այնպես, որ չվնասի հասարակական միասնությանը և պահպանի վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանի իշխանությունները կապահովեն արդար, անկախ և թափանցիկ դատավարություն, որը կհարգի բոլոր կողմերի իրավունքները և կնպաստի հասարակական համերաշխությանը։ Մենք շարունակելու ենք հետևել իրադարձություններին և մնում ենք հավատարիմ արդարության, օրինականության և ազգային միասնության արժեքներին։

27.10.2025

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ

Դիտվել է՝ 3555

Մեկնաբանություններ