Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Մնացին մանկության ավտոբուսների մեջ

Մնացին մանկության ավտոբուսների մեջ
14.11.2025 | 19:24

Ես հիշում եմ էս տոմսարկղերը։ Ավտոբուսում, տրոլեյբուսում, տրամվայում սրանք լուսամուտի տակ էին՝ մեկն՝ առջևում, մեկն էլ՝ հետևում։ Փոխարինում էին տոմսավաճառին։ Կոպեկը գցում էիր էն անցքի մեջ, հետո կողքի բռնակը պտտում էիր, ու տոմսը դուրս էր գալիս։ Տոմսերը գծերով բաժանված երկար ժապավեն էին՝ վրան կարծեմ՝ վեցանիշ թիվ։ Մի հատ պոկում էիր, ու դու արդեն օրինական ուղևոր էիր։ Տոմսի վրայի թիվը հաստատ կարդում էիր, որովհետև եթե աջ կեսը հավասար լիներ ձախ կեսին, նշանակում էր՝ դու երջանիկ տոմս ես պոկել։ Բայց, որ հավասար էլ չէր լինում, էլի տոմսը երջանիկ էր, որովհետև էդ տոմսարկղից մենակ երջանիկ տոմսեր էին դուրս գալիս։

Ավտոբուսը հինգ կոպեկ էր, տրոլեյբուսը՝ չորս, իսկ տրամվայը՝ երեք։ Բայց տոմսարկղը չէր ստուգում՝ դու հինգ կոպեկ ես գցում, թե երեք, թե բան չես գցում։ Տոմսն էլ, եթե ուզեիր, երկուսը կպոկեիր կամ երեքը։ Կոպեկի անցքը մեխանիկական ոչ մի սարքով կապված չէր տոմսի բռնակի հետ։ Բայց մտքովդ չէր անցնում, մի տեսակ, անհարմար էր կոպեկ չգցել կամ մեկից ավելի տոմս պոկել։ Կոպեկի անցքը բռնակի հետ ամոթով էր կապված, սովորական ամոթով։

Եթե ավտոբուսը լիքն էր լինում, հեռվից մեկը կոպեկը փոխանցում էր, կոպեկը գալիս, քեզ էր հասնում, դու գցում էիր էն անցքի մեջ, բռնակը պտտում, տոմսը պոկում էիր ու փոխանցում տիրոջը։ Երեխայի համար էդ գործողությունը լուրջ մասնակցություն էր մեծերի կյանքին։

Ես էս տոմսարկղը վերևից չեմ տեսել՝ ինչպես էս նկարում ա։ Իմ բոյին էր։ Իսկ երբ մի քիչ ավելի բոյովացա, դրանք արդեն չկային, մնացին մանկության ավտոբուսների մեջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7383

Մեկնաբանություններ