Թրամփի հերթական սպառնալիքն Իրանին և Ռուսաստանի համառորեն տրված խորհուրդն ԱՄՆ–ին՝ չհարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
Ահաբեկչական պետության՝ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը երեկ հանդես է եկել Իրանի հասցեին հերթական սպառնալիքով:
«Եթե մենք գործարք չկնքենք, դա շատ վատ օր կլինի այս երկրի (Իրանի.-խմբ. ) և, ցավոք, իր ժողովրդի համար»,- Ժնևում Իրանի հետ փետրվարի 26-ին, իսկ ըստ այլ տեղեկությունների, 27-ին նախատեսված բանակցությունների նախաշեմին գրել է ԱՄՆ-ի նախագահն իր սեփական սոցիալական ցանցում՝ «Truth Social»-ում։
Ամերիկյան «Axios» լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Պարբերականի տվյալներով՝ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է անցկացնել փետրվարի 27-ին Ժնևում: Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե առաջիկա երկու օրերին Թեհրանը միջուկային գործարքի վերաբերյալ ծավալուն առաջարկ ներկայացնի։
Փետրվարի 19-ին Թրամփը հայտարարել էր Իրանին 15 օր ժամանակ տալու պատրաստակամության մասին՝ ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու համար: Նրա խոսքով՝ 10-15 օրն առավելագույնն է այս կամ այն պայմանավորվածությանը հասնելու համար։ Հետագայում նա այդ ժամկետն ավելի է որոշակիացրել՝ հայտարարելով, որ մինչև փետրվարի 29-ն աշխարհը կիմանա, թե ինչ կկատարվի Իրանի հետ, այսինքն՝ ընդամենը 10 օր…
Դատելով վերոնշյալ տեղեկություններից, ԱՄՆ-ն Իրանի վրա կարող է հարձակվել փետրվարի 26-ին, եթե Թեհրանը մինչև 27-ը չներկայացնի միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ին բավարարող առաջարկ, հետևաբար և բանակցությունները չկայանան, կամ փետրվարի 26-ին կամ 27-ին բանակցություններում համաձայնության չգալուց հետո, մինչև փետրվարի 29-ը՝ ներառյալ: Շատ քիչ է հավանական, բայց բացառված չէ, որ Թրամփը մի շարք հանգամանքներ, իրողություններ հաշվի առնելով, վերջին պահին փոխի Իրանին հարվածելու մտադրությունը, մանավանդ, որ փոփոխական բնավորություն ու գործելակերպ ունի, նրանից կայուն քաղաքականություն հնարավոր չէ ակնկալել:
Ըստ Եվրոպայում ՆԱՏՕ–ի զորքերի նախկին գլխավոր հրամանատարի, ԱՄՆ–ն Իրանի վրա հարձակման երեք սցենար ունի
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի նախկին հրամանատար, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի վրա հնարավոր հարձակման երեք սցենար ունի, որոնց թվում են հեռվից կիբերհարձակումները, ռազմական թիրախներին սահմանափակ հարվածները և լայնածավալ գործողությունը, որը կարող է շաբաթներ տևել:
«Հաշվի առնելով ամերիկյան զորքերի ներկայությունը Մերձավոր Արևելքում, վարչակազմը (ԱՄՆ.- Ա.Հ.) Իսլամական Հանրապետությանը սպառնալու հնարավորությունների երեք խումբ ունի»,- գրել է Ստավրիդիսը «Bloomberg» գործակալության համար հոդվածում:
Նրա գնահատմամբ՝ հարձակման առաջին սցենարը ներառում է մի իրավիճակ, երբ «պայթյուններ չեն լինի»: Դրանք կիբերհարձակումներն են, տեղեկատվական պատերազմը և ռադիոհաճախականության գործիքների օգտագործումը՝ իրանական սպառազինությունում միկրոչիպերը շարքից հանելու համար։ Երկրորդ սցենարը, որը Ստավրիդիսը համարում է առավել իրատեսական, ռազմական թիրախների սահմանափակ հարվածներն են: Նրանց համար ԱՄՆ-ը կարող է օգտագործել «Arleigh Burke» դասի ականակիրներից արձակված «Tomahawk» հրթիռները, անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև «F-35 Lightning» կործանիչները (հավելենք՝ նաև B-2 ռազմավարական ռմբակոծիչները):
Երրորդ սցենարը, ըստ Ստավրիդիսի, ներառում է ավելի մասշտաբային հարվածներ, որոնք կարող են տևել շաբաթներ։ Թիրախները կարող են դառնալ քաղաքական, կրոնական, ռազմական, նավթարդյունահանման և նավթավերամշակման օբյեկտները:
Նշենք, որ վերոնշյալ սցենարներից առավել հավանական են գնահատվում երկրորդը կամ երրորդը: Ինչպես երեկ նշել ենք «Իրանի վրա ԱՄՆ-ի գրեթե անխուսափելի հարձակումը. մեծ պատերազմը մեր դռան շեմին է ու կարող է նույնիսկ ներս մտնել… 2» վերտառությամբ մեր հոդվածում , «New York Times» թերթը փետրվարի 23-ին վկայակոչելով քննարկումներին ծանոթ մարդկանց, հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, եթե բանակցությունները կամ նախնական սահմանափակ հարվածը չապահովեն անհրաժեշտ արդյունքներ: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, ի պատասխան դրա, հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ:
Եվս մեկ կարևոր դիտարկում. Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի նախկին հրամանատարը նշելով իրանական սպառազինությունում միկրոչիպերը շարքից հանելու նպատակով ռադիոհաճախականության գործիքների օգտագործման մասին, նկատի է ունեցել ԱՄՆ-ի սպառազինության կազմում առկա ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների հնարավոր օգտագործումը:
Իրանը, սակայն, նույնպես ունի Ռուսաստանից ստացված այդպիսի միջոցներ, և դրանց ճիշտ ու ժամանակին օգտագործման դեպքում, հնարավոր է, շարքից դուրս գան ամերիկյան սպառազինության մեջ եղած միկրոչիպերը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ռուսական ՌԷՊ-ը գերազանցում է ամերիկյանին: Միաժամանակ այս հարցում կարևոր է նաև նկատի ունենալը, թե ՌԴ-ն որոշակի ինչ ՌԷՊ միջոց կամ միջոցներ է փոխանցել Իրանին, ինչից թերևս պարզ կդառնա, թե դրանք ինչ կարողություններ ունեն: Հարց, որը կփորձենք պարզել առաջիկայում:
Ռուսաստանն ԱՄՆ–ին երեկ կոչ է արել հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելուց
Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին երեկ կոչ է արել հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելուց: Համապատասխան հայտարարությունն արել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին Ժնևում ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանությանն ուղղված բարեկամների խմբի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ:
«Կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրերից։ Վաշինգտոնին համառորեն խորհուրդ ենք տալիս հետագա ռազմական առճակատում թույլ չտալու ամուր երաշխիքներ տրամադրել»,- Life.ru–ի տեղեկացմամբ , հայտարարել է Լյուբինսկին։
Փոխնախարարը նաև ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնման վերսկսման համար:
Եթե ԱՄՆ-ը, ի վերջո, որոշի հարվածել Իրանին, ապա, ցավոք, չափազանց փոքր է հավանականությունը, որ հաշվի կառնի ՌԴ վերոնշյալ կոչն ու հորդորը, որքան էլ վերջինս համառորեն է ուղղված Միացյալ Նահանգներին: Իրանի վրա ԱՄՆ-ի, ինչպես նաև Իսրայելի հարձակումը թույլ չտալու համար Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը պետք է ավելի վաղ նրա հետ կնքեին ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի պայմանագրի նման պաշտպանության, ռազմական փոխօգնության պայմանագիր, որի 5-րդ հոդվածի համաձայն, Դաշինքի անդամ պետություններից որևէ մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա, հետևաբար և ռազմական պատասխան բոլորի կողմից:
Եթե ՌԴ-ում և Չինաստանում չեն հասկացել, որ ԱՄՆ-ի կողմից միաբևեռ աշխարհակարգի հաստատման ու դրան խոչընդոտող դիմադրության օջախները մեկը մյուսի հետևից կոտրելու ճանապարհին Իրանի ջախջախման դեպքում ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքը մի օր հարձակվելու է իրենց վրա, հետագա թիրախներն իրենք են դառնալու, ապա ավելի վատ իրենց և ողջ աշխարհի համար:
ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի և Իրանի հարցում Թրամփի շրջապատում տարաձայնությունների մասին
Միայն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, ըստ ամերիկացի վերլուծաբան, բլոգեր Էնդրյու Նապոլիտանոյի, դեմ են Վլադիմիր Զելենսկուն օգնություն ցուցաբերելուն և Իրանի դեմ հնարավոր գործողություններին. այս մասին բլոգերը հայտնել է փետրվարի 23-ին ТАСС-ին տված հարցազրույցում ։
Նապոլիտանոն կարծում է, որ վաշինգտոնյան իսթեբլիշմենթի ներկայացուցիչների մեծամասնությունը նեոկոնսերվատիվ հայացքներ ունի։ Նրա գնահատմամբ՝ նման դիրքորոշումը գերակշռում է նաև Թրամփի շրջապատում։ Վերլուծաբանի պնդմամբ, ԱՄՆ-ի նախագահի մերձավոր շրջապատից հենց Վենսը և Գաբարդն են, որ Թրամփին կոչ են անում զերծ մնալ Կիևին աջակցելուց և Իրանի նկատմամբ ռազմական սցենարից:
Նա նաև հիշեցրել է, որ 2016, 2020 և 2024 թթ. նախընտրական արշավների ընթացքում Թրամփը խոստացել է հեռու մնալ նեոկոնսերվատորներից և ուժային արտաքին քաղաքականության կողմնակիցներից: Նապոլիտանոն միաժամանակ այն կարծիքն է հայտնել, որ նախագահի ներկայիս կուրսը կարող է փոխվել, քանի որ, նրա գնահատմամբ, Թրամփը հակված է վերանայել իր դիրքերը:
Արթուր Հովհաննիսյան