Ժողովրդական այս իմաստությունն էլ կարծես մեր նման անխոհեմ, անհեռատես, անշրջահայաց ու դյուրահավատ ազգերի կամ ժողովուրդների համար է ասված։ Նրանց համար, որոնք ոչ ուրիշների սխալների վրա են սովորում և ոչ էլ իրենց։ Այդպիսին ենք նաև մենք և երբեք շրջահայաց, հավասարակշռված ու սթափ որոշումներ չենք կայացնում, փորձում ենք առաջ ընկնել և երբեք, թե մեր, թե ուրիշների փորձից դասեր չենք քաղում, ճիշտ չենք կողմնորոշվում և գելը միշտ մեզ ուտում է։ Այդպես էլ պատմության ընթացքում որևէ ժամանակահատվածում չենք շահել, չենք կարողացել օգտվել հարմար ու նպաստավոր աշխարհաքաղաքական պահից, չենք կարողացել ճիշտ հարաբերություններ հաստատել հարևանների ու բարեկամների հետ ու միշտ կորցրել ու տուժել ենք։ Չնայած, որ խորհրդային միության գոյությունն էլ ամենաշատը հայերիս էր պետք և մենք ամենապաշտպանվածը, արժանապատիվն ու ապահովը կարող էինք շարունակել հանգրվանել ԽՍՀՄ֊ կազմում, հայերս առաջիններց մեկը սակսյն դուրս եկանք հրապարակ ԽՍՀՄ֊ ի կազմաքանդման համար պայքարի, հաշվի չառնելով մեր աշխարհագրական դիրքն ու Հայաստանի նկատմամբ անգլոսաքսոնաթրքական աշխարհի ունեցած հավակնությունները։ Միամտաբար հավատացինք այդ ուժերի կողմից` Հայաստանում ներդրված անկախության շարժմանը, սակայն իրականում նրանք օգտագործելով հայ ժողովրդի ըմբոստ, հեղափոխական, դյուրահավատ ու երախտամոռ որակները, անկախության անվան տակ ԽՍՀՄ֊ի քայքայման ու կազմաքանդման նպատակ էին հետապնդում։ Անկախության շարժում ծավալելուց առաջ էլ մեզ հաշիվ չտվեցինք, թե կայացա՞ծ ենք արդյոք ազատության, անկախության ու պետականության համար, թե ապաքինված են արդյոք մեր ազգային ինքնության` ստացած վերքերը, թե մեր ներսում, մեր հոգում կա արդյոք անկախության ու պետականության բավարար զգացողություն ու անկախ պետության համար պատասխանատվություն ստանձնելու ուժ ու ցանկություն։ Հայաստանն էլ ԽՍՀՄ կազնում միութենական միջոցների հաշվին մի քանի անգամ ավելին էր ծախսում քան նրա ստեղծած ներքին արդյունքն էր։
1991թ մեզ Աստծո բարեհաճությամբ առանց պայքարի տրվեց անկախություն,։ Անկախանալուց առաջ էլ Հայաստանն ուներ շուրջ 4 միլիոն կրթված և բարձր արժեքներ կրող ու բարձրաճաշակ մշակույթ ունեցող, ազգաբնակչություն, հզոր արտադրական կարողություններ և զարգացած տնտեսություն, գիտություն, կրթություն և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։ Եվ ո՞ վ էր մեզ խանգարում մեր ոսկե դարը կառուցել, մեր իսկ ձեռքով մեր պետությունը անխնա չթալանել ու չքանդել։ Հիմա անկախությունից 35 տարի անց ունենք 1 միլիոնով պակաս բնակչություն, փաստացի չունենք ոչ անկախ պետականություն, ոչ Արցախ, ոչ անվտանգություն, ոչ զարգացած տնտեսություն։ Հիմա ունենք փլուզված գիտություն ու կրթություն, մսխված հաղթանակ, ունենք դավադիր պարտություն, թշվառ ու խղճուկ զանգվածներ, կորսված ու նվաստացված արժանապատվություն և միջազգային հեղինակություն, կեղծված բազմաթիվ ընտրություններ, թալանված երկիր և այլասերված ու բարոյազուրկ միջավայր։
Հիմա էլ անհասկանալիորեն գնում ենք Եվրոպա, գնում ենք առանց փոխադարձ շահեր ունենալու, առանց մեզ` այնտեղ սպասողների, առանց 20֊րդ դարասկզբին Արևմուտքի հետ փրկության հույսեր կապելու, առանց օգուտն ու վնասը ծանր ու թեթև անելու, առանց ունեցած մեր ու հարևան Վրաստանի ներկա փորձից դասեր քաղելու, առանց Եվրոպայի կեղծավոր ու հաշվենկատ հեռահար նպատակները հաշվի առնելու։
Մենք էլ մեզ պաշտպանված և ապահով կարող ենք զգալ ու զարգանալ ԵԱՏՄ֊ում, իսկ մեր փրկությունն էլ Թումանյանի ասած Աստվածային Արևելքում կարող ենք գտնել։ Մինչդեռ նորից առաջ ենք ընկնում և գելը նորից է մեզ ուտելու, ոտքներս նորից է քարին առնելու քանի դեռ խելքի չենք գալիս, մեր մեծերի ու իմաստունների պատգամները հաշվի չենք առնում, քանի դեռ ազգովի չենք հավաքվում ու մեզ հարց տալիս, թե էս ինչու ենք 2000 տարի միայն կորցնում, միայն տուժում, միսյն ցեղասպանվում, միայն պակասում, միայն զրկանքներ ենք կրում ու տառապում հանուն ոչնչի։ Եվ ինչպես Թումանյանը կասեր. «Մխիթարվում ենք նրանով, որ արդար են մեր տառապանքները»։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ