ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյան, ՀՀ ՆԳՆ նախարար Ա. Սարգսյան, ՀՀ ԱՆ նախարար Ս. Գալյան, գուցե ժամանա՞կն է հրաժարական ներկայացնելու և դադարեցնելու ձեր մանկավարժական գործունեությունը՝ ներողություն հայցելով ձեր ենթականերից, ուսանողներից և հարկատուներից։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը՝ ի դեմս համահիմնադիր-համակարգող, պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանի և լուսահոգի մայոր Ցոլակ Խաչատրյանի, որը 2020 թվականին կամավոր մեկնել է 44-օրյա պատերազմ և հերոսաբար զոհվել, տարիներ շարունակ բարձրաձայնում է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքների խախտումների մասին՝ հետևողականորեն միջոցներ ձեռնարկելով այդ արատավոր երևույթի դեմ, համագործակցելով փաստաբանական գրասենյակների հետ։
Սակայն տիտղոսային իրավաբան հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյաները, նախընտրելով ստանալ բարձր պարգևավճարներ և օգտվել թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներից, շարունակում են անտեսել և, ըստ էության, կոծկել իրավախախտումները՝ միաժամանակ դասավանդելով ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետներում, կարծես թե ապագա իրավագետներին փոխանցում են քաղաքացիների օրինական իրավունքների ոտնահարման վտանգավոր փորձառությունը։
Խնդրի էությունն այն է, որ ուժային կառույցներում տարիներ շարունակ սխալ են հաշվարկվում և տրամադրվում օրենքով սահմանված արձակուրդային օրերը և արձակուրդային վճարումները։
Գերատեսչությունների ղեկավարները, տեղեկացված լինելով խնդրի գոյության մասին, որևէ քայլ չեն ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ՝ քաղաքացիներին ուղղորդելով դատարաններ՝ արդարությունը վերականգնելու նպատակով, ինչի արդյունքում ծանրաբեռնվում է դատական համակարգը, ավելանում է հարկատուների ֆինանսական բեռը, և բնական տարիքային կորուստների հետևանքով նվազում է շահառուների քանակը։
Պաշտոնյաների անօրինական գործունեության և կոմպետենտության վերաբերյալ հերթական փաստական արձանագրումը տրվել է հերթական՝ օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/5512/05/22 վարչական դատարանի դատական ակտով, համաձայն որի՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած ծառայողին պետք է տրամադրվեն օրենքով հասանելիք գումարները, ինչպես նաև՝ նախադեպային նշանակություն ունեցող տույժերով հաշվարկված հատուցումը։
Վերոնշյալը հիմք է տալիս արձանագրելու, որ գործող պաշտոնական վերնախավի վերաբերմունքում զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք ընկալվում են որպես երկրորդական նշանակության անձինք, որոնց իրավունքները կարելի է անտեսել։
Հուսանք, որ գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում զինծառայողները, նրանց հավասարեցված անձինք և նրանց ընտանիքների անդամները, առաջնորդվելով ինքնասիրության զգացմունքով, իրենց քվեով անպայման կտան քաղաքական գնահատական իշխող քաղաքական ուժի աշխատելաոճին։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
13.02.2026 թ.