Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հայրենիքը սկսվում է սահմանների ամրությունից, ոչ թե բացատրական բառարանից

Հայրենիքը սկսվում է սահմանների ամրությունից, ոչ թե բացատրական բառարանից
25.02.2026 | 16:26

Կարծում էի՝ սոցցանցերը ողողած ցուցադրական «հայրենասիրության» ցեխաջրախառն հեղեղը կկտրվի այսօրվա դեմագոգիկ «ավետիսով»՝ «սիրելի տատիկ-պապիկների» կենսաթոշակներն ապրիլի 1-ից կբարձրանան, պատկերացնու՞մ եք՝ ամբողջական 10 հազար դրամով։

Բայց սխալվեցի։

Որոշ ժամանակ անց կրկին նույն՝ քաղաք-գյուղ «նաղլը», ինչն էլ ստիպեց անդրադառնալու շինծու այդ խնդրին։

Փողոցից ուղիղ օրենսդիր ու գործադիր մարմիններում հայտնված տարբեր ռանգի պատեհապաշտները, որ իշխանական լծակներով կամ մերձությամբ վայելում են կյանքը, հանկարծ մտաբերել են՝ օրեր առաջ ինչ-որ երիտասարդներ վիրավորել են իրենց գետնաքարշ արժանապատվությունը, որովհետև Գյումրին «գյուղ» են անվանել։

Օ՜յ, ինչպիսի՜ անպատկառություն։

Ո՜նց կարելի է հանդուրժել նման ուրացումը։

Սրանց «օ՜յ»-երն ու «երեք մանեթանոց լացերը» ներկայացնող «ժողովածուի» հենց տիտղոսաթերթին դաջված է՝ ակնհայտ արժեքային դիսոնանս։

Սա այն դեպքն է, երբ հայրենասիրությունը չափվում է ոչ թե պետական սահմանի ամրությամբ, ա՞յլ, այո՝ «ճիշտ» բառապաշարով։

Հրահանգով հոխորտացող տղաներ և աղջիկներ, դառնանք ու մի պահ հիշենք՝ որտե՞ղ էր խումհարից անսպասելի դուրս եկած ձեր արժանապատվությունը, երբ կասկածի տակ էր դրվում Հայոց ցեղասպանությունը։ Պետական մակարդակով ուրացվում էր մեր արդար պահանջատիրությունը։

Փոշիացվում-ջնջվում էր ազգային հիշողությունը՝ այն փոխարինելով «իրական Հայաստանի» անդեմ, անանցյալ ու դավաճանական հորինվածքով։

Երբ Արցախը հայաթափվում էր, իսկ Հայաստանի սուվերեն տարածքները հերթով «ադրբեջանական» անուններով էին կոչվում հենց ամբիոններից։

Այդ ժամանակ, ի դեպ, ձեր սարքած՝ քաղա՞ք, թե՞ գյուղ դիլեմայից ավելի կարևոր հարց էր օրակարգում՝ Հայաստանի լինել-չլինելը։

Ջնջվում էր հայոց պատմությունը։ Դասագրքերից ու արարողակարգերից դուրս էր մղվում այն ամենը, ինչը մեզ ազգ էր դարձնում։

Տարօրինակ չէ՞, որ ջուրը բերաններդ առած հաշտվեցիք հայրենիքի կորստի հետ։

Բայց զարմանալիորեն չեք հանդուրժում տերմինաբանական սայթաքումը։

Լռեցիք, երբ ոչնչացնում էին մեր ազգային ինքնությունը, բայց աղմկում եք, երբ ցուցամատով հրամայում են զազրախոսել։

Գիտե՞ք ինչ անվանում ունի ձեր ցուցադրած «շուկայական մազպոկոցին»՝ ներդաշնակության բացակայություն։

Միակ նպատակը մեզ «գյուղ ու քաղաք» անկապ կռվի մեջ ներքաշելն է, որպեսզի չնկատենք-չմտածենք, թե ինչպես է մեր պետությունը վերածվում «կադաստրի թղթի»։

Իրական արժանապատվությունը, ինչը դուք չունեք, ոչ թե իշխանական լրատվամիջոցներով արտահայտած և ինտերնետը ողողած անկապություններն ու սոցցանցային ստատուսներն են, այլ այն միասնական հզոր ձայնը, որը պետք է հնչեր, երբ ուրանում էին մեր նախնիների արյունն ու մեր հողի իրավունքը։

Այն, ինչի ականատեսն ենք վերջին օրերին տիպիկ քաղաքական մանիպուլյացիայի և ուշադրություն շեղելու տեխնոլոգիա է, որը հաճախ կիրառվում է, երբ իշխանությունը գլոբալ ձախողումները փորձում է սքողել տեղային, էմոցիոնալ սկանդալներով։

Սա կեղծ օրակարգ է՝ հասարակությունը պառակտելու հերթական ձախողված փորձը՝ «Մենք՝ մշակութային ու քաղաքային արժեքները հարգողներս, ընդդեմ անարգողների» կարգախոսով։

Ո՞վ չի հասկանում՝ երբ երկրի առջև ծառացած են անվտանգային լրջագույն խնդիրներ, ունենք սահմանների կորուստ, սուվերենության անկում, հանրային էներգիան լիցքաթափելու համար հորինվում են «բառային պատերազմներ»։

Բարձրացված աղմուկն իշխանական թևն օգտագործում է ներկայանալու որպես «արժեքների պաշտպան»՝ որևէ իրական պատասխանատվություն, սակայն, չկրելով հողային կորուստների համար։

Անհաջող սցենար է։ Գավառական ոդևիլ՝ չստացված ռեժիսուրայով։

«Նիժնի տապռ» տգետ բնորոշումով էլ բավական է քծնեք-շողոքորթեք թուրքի առաջ ծնկած «Անկոտրելիին»։ Ձեր շողոմ պահվածքը քաղաքական պրիմիտիվիզմի և հանրային մանիպուլյացիայի ամենաստորին մակարդակն է։

«Նիժնի տապռ» կամ նման արհեստական այլ պիտակավորումները ոչ միայն անգրագիտության դրսևորում են, այլև հստակ քաղաքական տեխնոլոգիա՝ ուղղված հասարակության ներսում թշնամանքի սերմանմանը։

Հասկանալի է՝ երբ իշխանական քարոզչամեքենան չունի փաստարկներ՝ արդարացնելու պետականության կորուստը, նա սկսում է թիրախավորել երիտասարդներին կամ այլախոհներին։ Նրանց «օտար» կամ «Կրեմլի գործակալ» ներկայացնելը փորձ է՝ զրկելու այդ մարդկանց սեփական երկրի մասին խոսելու իրավունքից։

Սա հին ու փտած մեթոդ է՝ բաժանել հասարակությունը «մաքուր հայերի», որոնք լռում են, և «դրսի սպասարկուների», որոնք քննադատում են։

Հավելեմ՝ «Նիժնի տապռ» և նման տխմար բնորոշումներն օգտագործում են որպես ծաղրի գործիք, բայց իրականում ծաղրի առարկա են դառնում հենց իրենք՝ օգտագործողները։

Այդ ապուշ արտահայտությունը մշակութային շովինիզմի դրսևորում է՝ մարդուն փորձում են

նսեմացնել ոչ թե իր մտքի, այլ նրան վերագրվող «ծագման» կամ «կողմնորոշման» համար։

Շա՜տ եք ողորմելի։

Տարօրինակ է տեսնել հատկապես նրանց «հայրենասիրական» զայրույթը, ում համար Արցախը բեռ էր, իսկ Հայաստանի սահմանները՝ վիճելի։ Գյումրին քաղաք է, թե գյուղ՝ դա բառախաղ է, իսկ հանձնված հայրենիքը՝ ողբերգություն։

Լավ կլիներ այդ նույն եռանդով պաշտպանեիք մեր հողերը, ինչպես հիմա պաշտպանում եք ձեր վիրավորված էսթետիկան։

Երբ պետությունը փոքրացնում են մինչև «կադաստրի թուղթ», Գյումրիի կարգավիճակի շուրջ կռիվ տալը պարզապես դեմագոգիա է։

Հայրենիքը սկսվում է սահմանի ամրությունից, ոչ թե բացատրական բառարանից։ Տեղանունների համար «մուննաթ» (արաբական ծագմամբ գավառական այս բառը ճիշտ ձեր «հագով» է) գալուց առաջ հիշեք այն բնակավայրերը, որոնք այլևս քարտեզի վրա չկան ձեր իսկ լռության պատճառով։

Գյումրին միշտ էլ քաղաք է եղել, քաղաք էլ կմնա իր ոգով ու պատմությամբ, բայց հարցն այն է՝ արդյո՞ք մենք կմնանք որպես պահանջատեր ազգ, թե՞ կբավարարվենք սիմվոլիկ «հաղթանակներով» վիրտուալ տիրույթում։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ