Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Երեք հզորները շարունակում են իրենց ջանքերը աշխարհը գլոբալ կոնֆրոնտացիայի անդունդից հետ քաշելու ուղղությամբ

Երեք հզորները շարունակում են իրենց ջանքերը աշխարհը գլոբալ կոնֆրոնտացիայի անդունդից հետ քաշելու ուղղությամբ
16.05.2026 | 16:21

Սի Ծինփինի կողմից շատ կարճ ժամանակով Դոնալդ Թրամփին ընդունելուց հետո Վլադիմիր Պուտինին ընդունելու փաստը խոսում է այն մասին, որ աշխարհի գործերը դեպի կայունություն տանելու ընթացքն արագանում է։

Բայց եթե Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նպատակը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կայունացումն ու հետագա կոնֆրոնտացիայից խուսափելն էր, ապա Պուտինի հետ հանդիպման հիմնական նպատակը Չինաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ ստրատեգիական ալյանսի հետագա խորացումն է։

Այսինքն, երեք հզորները շարունակում են իրենց ջանքերը աշխարհը գլոբալ կոնֆրոնտացիայի անդունդից հետ քաշելու ուղղությամբ, բայց դրանով միաբևեռ աշխարհից անցում կատարելու պրոցեսը դեպի ուժային բազմաբևեռություն դեռ ավարտված չի կարող համարվել, քանի որ անորոշ է մնում Հնդկաստանի նման հզորության վիճակը, իսկ ԵՄ-ն էլ, առանց ԱՄՆ-ի հովանավորության, կայուն լինել չի կարող։

Դրանից բացի, շատ կարևոր է նշել, որ աշխարհը դեպի հարաբերական խաղաղություն և կայունություն տանողը Ռուսաստանի ու Չինաստանի գումարային հզորության բալանսն է՝ ԱՄՆ-ի հզորության հետ։

Դա նշանակում է նաև, որ բոլոր նշաններով աշխարհը գնում է դեպի ուժային երկբևեռություն, որը ներկա պայմաններում միակ հնարավորն է, բայց որը նաև տեսանելի ապագայում կարող է նոր փոփոխությունների ենթարկվել։

Այս իմաստով շատ կարևոր է այն հանգամանքը, որ լիարժեք և մրցունակ ուժային բևեռ կարող են լինել միայն ունիվերսալ հզորություն ունեցող պետական միավորները կամ դրանց տարբեր տեսակի միությունները, մի բան, որը կուժեղացնի աշխարհում անխուսափելիորեն տեղի ունեցող ինտեգրացիոն պրոցեսները։

Այս առումով շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Չինաստանի ալյանսի տեսակի ինտեգրացիան տեղի է ունենում այն պատճառով, որ առանձին-ռանձին նրանք ունիվերսալ հզորություններ չեն։

Բայց, մյուս կողմից էլ, Չինաստանը գնում է դեպի ունիվերսալ հզորություն, որը որոշակի պայմաններում անկայունության աղբյուր կարող է դառնալ Ռուսաստանի հետ նրա ալյանսի համար, որի միակ գրավականը կարող է մնալ Սիբիրի և Հեռավոր Արևելքի ռեսուրսային բազան։

Բացի դրանից, թեկուզ միայն աշխարհի մասնակի երկբևեռության ռեժիմի հաստատումն ու դրա կայունացումը կարող է մարդկային հասարակության առաջ դնել որակական բնույթի նոր պրոբլեմներ։

Մասնավորապես, ամբողջ աշխարհի ռեսուրսային բազայից զրկվելը կբերի նրան, որ ներկայի բարեկեցիկ միլիարդի կյանքի որակը զգալիորեն կընկնի, որը կարող է բերել զանազան տեսակի անկայունությունների։

Դրա անմիջական հետևանքներից կարող է լինել, օրինակ, ԵՄ-ի տրոհումը և նույն բազայի վրա նոր միությունների առաջացումը։

Բազում են նաև աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերող միջին մեծության պետությունների պրոբլեմները ներկա պարադիգմային անցման պայմաններում։

Այս իմաստով, շատ դժվար պրոբլեմների առաջ են կանգնած Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նման դեռևս աշխարհակալ մենթալիտետով երկրները, որոնք իներցիայով դեռևս հին պարադիգմի մտածելակերպն ունեն, որն էլ արդեն ժամանակավրեպ է։

Թույլերի պրոբլեմն էլ նրանում է, որ նրանց էլիտաները վախենում են որևէ միության մեջ մտնելով կորցնել իրենց «թագավորական» կյանքի այնքան դժվարությամբ ձեռք գցած բարիքները, մի բան, որն անխուսափելիորեն տեղի կունենա առանց այդ էլ կասկածելի սուվերենիտետի հաշվին, ինչպես միշտ և ամենուրեք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ