Անկախության հռչակագիրը պետության ծննդյան վկայականն է, ոչ թե ժամանակավրեպ թուղթ

Անկախության հռչակագիրը պետության ծննդյան վկայականն է, ոչ թե ժամանակավրեպ թուղթ
03.11.2026 | 11:03

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ Անկախության հռչակագիրը հակապետական է, և այն, ըստ էության, ԱՄՆ-ի «չլինելու» մասին է։ Իսկ տիկին Սրբուհի Գալյանը, կարծում եմ, կհամաձայնի, որ ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ մի բան է, ու թե ինչո՞ւ են այդքան փառաբանում իրենց հռչակագիրը՝ անհասկանալի է․․․
«․․․Այսպիսին է եղել այս գաղութների երկարատև տառապանքը, և այսպիսին է այժմ այն անհրաժեշտությունը, որը ստիպում է նրանց փոխել իրենց նախկին կառավարման համակարգերը։ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավորի պատմությունը կրկնվող վնասների և բռնությունների պատմություն է, որոնց ուղղակի նպատակն է այս նահանգների վրա բացարձակ բռնապետություն հաստատելը»։
«…Such has been the patient sufferance of these Colonies; and such is now the necessity which constrains them to alter their former Systems of Government. The history of the present King of Great Britain is a history of repeated injuries and usurpations, all having in direct object the establishment of an absolute Tyranny over these States...»
Իսկ իրականում․ «Անկախության հռչակագիրը ո՛չ այնքան իրավական, որքան պատմա-քաղաքական փաստաթուղթ է, որն իր մեջ հավաքականորեն խտացնում է պետության ծննդի, ինքնության ու առաքելության տարրերը։ Եվ անկախ այն հանգամանքից, թե այն իրավական իմաստով որքանով է արտահայտում օրվա քաղաքական և իրավական իրողությունները, այն անձեռնմխելի փաստաթուղթ է՝ ինչպես սահմանադրականության հիմքերը, և այն նույնքան պաշտպանության տակ պետք է գտնվի, որքան Սահմանադրության ցանկացած հոդված։ Ապստամբությունը Անկախության հռչակագրի դեմ հարված է սահմանադրականության հիմքերին, հետևաբար՝ սահմանադրական կարգի տապալման տարրեր է պարունակում»։
Պետության գործող իրավական համակարգը՝ Սահմանադրությունը, իր նախաբանում ուղղակի հղում է կատարում Հռչակագրին, ուստի Հռչակագրի իրավաքաղաքական նշանակության ժխտումը կամ դրա դրույթների դեֆորմացիան հարված է պետության իրավական սուվերենությանը։
Որքան էլ արտաքին ճնշումը մեծ լինի, որքան էլ թշնամին շատ հարկադրի, անկարելի է թույլ տալ սահմանադրական կարգի տապալում։
Ուզեք թե չուզեք՝ արտաքին ճնշմամբ Սահմանադրության փոփոխությունը առաջացնում է լեգիտիմության խորը ներքին ճգնաժամ (legitimacy deficit)։ Հասարակությունը ցանկացած նման փոփոխություն ընկալելու է որպես արտաքին թելադրանքի հետևանք, ինչը քայքայում է ներքին հանրային համաձայնությունը և թուլացնում ինստիտուցիոնալ դիմադրողականությունը (institutional resilience)։
ԱՄՆ հիմնադիր հայրերը փառաբանում և անձեռնմխելի են պահում ԱՄՆ Անկախության հռչակագիրը հենց այն պատճառով, որ հասկանում են՝ դրանով է սկսվում պետության իրավական գոյությունը։ Դրա կասկածի տակ դնելը կնշանակեր կասկածի տակ դնել հենց պետության լեգիտիմությունը։
Ելնելով վերոգրյալից՝ եթե անգամ նախագիծը կազմված լինի «ոսկե տառերով», այն որևէ բովանդակային քննարկման ենթակա չի՛ կարող լինել առանց Անկախության հռչակագրի նկատմամբ պատշաճ հարգանքի և անձեռնմխելիության՝ որպես սահմանադրականության հիմք։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ