Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Սիմոնյանին

Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Սիմոնյանին
16.09.2026 | 11:42

Համաձայն մեզ հասած մտահոգիչ տեղեկությունների՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից վճարովի հիմունքներով տեղեկատվություն տրամադրող գաղտնի գործակալների վարձատրությունը կարող է իրականացվել Երևան քաղաքի, ինչպես նաև համայնքապետարանների միջոցով՝ սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խոսքը յուրաքանչյուր գործակալի տրամադրած տեղեկատվության դիմաց միանվագ կամ ամսական 100 000-ից մինչև 250 000 ՀՀ դրամ վճարումների մասին է։
Այս տեղեկությունը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ գալիք համայնքային ընտրություններին ընդառաջ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչում են հայտարարություններ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման վերաբերյալ։
ՀՀ հարկատուներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ նպատակներով և ինչ իրավական հիմքով են ծախսվում իրենց կողմից համայնքային բյուջեներ վճարվող հարկերը։
Ուստի հրապարակայնորեն հարցնում ենք ՀՀ ԱԱԾ տնօրենին.
1. Արդյո՞ք համապատասխանում է իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցող գաղտնի գործակալներին տեղեկատվության դիմաց վճարումները կարող են իրականացվել Երևանի և համայնքապետարանների միջոցով։
2. Եթե այո, ապա ո՞ր իրավական հիմքով և ի՞նչ մեխանիզմով են իրականացվում այդ վճարումները։
3. Արդյո՞ք համայնքային բյուջեների սոցիալական աջակցության միջոցները կարող են օգտագործվել ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցող անձանց կամ գաղտնի գործակալների վարձատրության նպատակով։
4. Եթե նման պրակտիկա գոյություն ունի, ապա ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ-ի գաղտնի գործակալական ցանցի ֆինանսավորումն իրականացվում է համայնքներում բնակվող քաղաքացիների կողմից վճարվող հարկերի հաշվին։
Եթե վերոնշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ակնկալում ենք ՀՀ ԱԱԾ-ի հստակ հերքումը։
Իսկ եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա հասարակությունն իրավունք ունի ստանալու սպառիչ պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի, ֆինանսավորման աղբյուրների և կիրառվող մեխանիզմների վերաբերյալ։
Հանրային միջոցների օգտագործումը չի կարող մնալ հասարակական վերահսկողությունից դուրս՝ միայն այն հիմնավորմամբ, որ հարցը առնչվում է պետական անվտանգության ոլորտին։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

16.09.2026 թ.
Դիտվել է՝ 3680

Մեկնաբանություններ