ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` Հալեի և Թյուբինգենի (Գերմանիա) համալսարանների հետ համագործակցության շրջանակներում (արշավախմբի ղեկավար` Արսեն Բոբոխյան) վերջերս Սոթք գյուղում (Գեղարքունիք) իրականացրած հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել է պարսպապատ վերնամասով, շուրջ 4 հեկտարի հասնող ժայռափոր բնակավայր:
Պեղումների ընթացքում ի հայտ են եկել խեցեղեն, բրոնզե զենք ու զարդեր, կենդանիների ոսկորներ, գարու, ցորենի հատիկներ, ապակե, փիրուզե ուլունքներ, մատանիներ: Բնակավայրի կենտրոնական մասում եղել է նաև մեծատոհմիկի դամբարան: Հնագետները պարզել են, որ Սոթք գյուղում, որտեղ մ.թ.ա. IV հազարամյակի սկիզբին զարգացած են եղել արհեստները (մետաղամշակություն, խեցեգործություն), մարդիկ զբաղվել են նաև երկրագործությամբ և անասնապահությամբ:
Արշավախումբը վաղ բրոնզեդարյան դամբարան է պեղել նաև Սոթքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նորաբակ գյուղում` հայտնաբերելով 40-ի հասնող բրոնզե և երկաթե առարկաներ (հիմնականում զարդեր և իշխանական խորհրդանիշներ):
Ըստ տեղեկատվության, հնագիտական ուսումնասիրությունները Սոթքում և Նորաբակում կշարունակվեն նաև հաջորդ տարի:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ