ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նոբելյան մրցանակակիրները քաղցկեղի մասին դասախոսություններ կկարդան Երևանում

Նոբելյան մրցանակակիրները քաղցկեղի մասին դասախոսություններ կկարդան Երևանում
10.10.2012 | 15:17

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Նոբելյան մրցանակակիրներ, պրոֆեսոր Թիմոթի Հանթի և պրոֆեսոր Մարտին Չալֆիի՝ Երևանում կայանալիք հանրային դասախոսություններին և

«Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների շարքը Հայաստանում» ծրագրի համակարգող Հովակիմ Զաքարյանը տեղեկացրեց, որ դասախոսությունները տեղի են ունենալու նոյեմբերի 4-ին։ Թիմոթի Հանթի դասախոսությունը նվիրված է լինելու քաղցկեղի հիմնախնդրին։ Մարտին Չալֆին ներկայացնելու է գիտահետազոտական աշխատանքներում կիրառվող ժամանակակից մեթոդները։ Դասախոսությունների ունկնդիրների ընտրությունը կատարելիս առաջնությունը տրվելու է մասնագիտությամբ կենսաբաններին, բժիշկներին, բնագետներին։ Գիտության այլ ոլորտները ներկայացնող մասնագետներին նույնպես հնարավորություն կտրվի մասնակցել հանրային դասախոսությունների։ Ընդհանուր առմամբ դասախոսություններին կարող է մասնակցել 180 մասնագետ։ Հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ բավականին մեծ է, և մասնակցության վերջնաժամկետից 10 օր առաջ արդեն իսկ ստացվել է ավելի քան 180 հայտ։
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ տեղի կունենա նաև «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կանցկացվի ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Նոբելյան մրցանակակիրներ Հանթին և Չալֆիին Հայաստան հրավիրելը պատահական չէ։ Հայաստանում նախատեսվում է հիմնել միջազգային չափանիշներին համապատասխան քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոն, և քաղցկեղի ոլորտում ուսումնասիրություններ կատարող անվանի գիտնականները կարող են էապես օգնել իրենց խորհուրդներով, դասախոսություններով ու փորձի հաղորդմամբ։
Կարեն Ավագյանն ընդգծեց նաև, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին տարեկան հատկացվում է 100 միլիոն դրամ։ 2012 թվականի ընթացքում արդեն ֆինանսավորվել են մի քանի տասնյակ ծրագրեր, և հանրապետության նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։
Նշենք, որ Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսությունները կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն։

Տեղեկանք
Թիմոթի Հանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.՝ բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների (ցիկլիններ) բացահայտման համար: Հանթն աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Արքայական գիտական ընկերության (ԱԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԱԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:
Մարտին Չալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաժնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:

Լուսանկարներ

. .
  • Թիմոթի Հանթ
  • Մարտին Չալֆի
Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ