Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Իշխանությունը ստիպված է լինելու մտածել բուտաֆորիկ կազմակերպությունները քաղաքական դաշտից հեռացնելու մասին»

«Իշխանությունը ստիպված է լինելու մտածել բուտաֆորիկ  կազմակերպությունները քաղաքական դաշտից հեռացնելու մասին»
09.11.2012 | 12:23

Ֆրիդրիխ Նիցշեն ասում է, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Այս եզրահանգումը լրջագույն գաղափարական նրբերանգներ ունի, քանզի սրանից բխում է նաև, որ ամեն ժողովուրդ արժանի է նաև իր ընդդիմությանը: Այս պարզ ճշմարտությունը գալիս է ապացուցելու, որ ցանկացած երկրի քաղաքական համակարգ սպասարկում է այդ երկրի քաղաքական կյանքը` հիմքում ունենալով այն արժեքները, որոնք դավանում է տվյալ հասարակությունը: Այս առումով Հայաստանի քաղաքական համակարգը` իշխանությամբ և ընդդիմությամբ հանդերձ, բացառություն չէ և մեր ազգային քաղաքական ավանդույթների ու արժեհամակարգի հայելային անդրադարձն է: Ի դեպ, ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած շրջանում սկսված գաղափարախոսական որոնումները դեռևս շարունակվում են, և պետք է փաստենք, որ Հայաստանում դեռևս ձևավորված չէ գաղափարախոսական մրցակցության ավանդույթը, և շատ քիչ քաղաքական կազմակերպություններ են գաղափարախոսություն առաջարկում:
ՈՒշագրավ է, որ 2013 թ. նախագահական ընտրությանը նախորդող շրջանում Հայաստանի քաղաքական դաշտի գաղափարախոսական դատարկությունը ցցուն է դարձնում այն պարզ իրողությունը, որ կուսակցությունների մեծամասնությունը գործում է քաղաքական տրամաբանությունից դուրս` ստանձնելով քաղաքական իշխանությանը հասնելու իրավական խողովակի դերակատարություն: Ըստ էության, նախագահական ընտրությանը նախորդող շրջանում միայն իշխող ՀՀԿ-ն է, որ շարունակում է գաղափարախոսություն առաջարկել` հիմնվելով ազգային-պահպանողական գաղափարախոսական դրույթների վրա: Ճիշտ է, շատերը կարող են պնդել, թե «Հանրապետականում» համախմբված են նաև մարդիկ, որոնք հեռու են ազգային-պահպանողական գաղափարներից և, ընդհանրապես, ցանկացած տեսակի գաղափարախոսություններից: Միևնույն ժամանակ, չենք կարող չնշել, որ ցանկացած ժամանակաշրջանում և ցանկացած հասարակության պարագայում իշխող կուսակցության շարքերում տեղ են գտնում նաև անհասկանալի տարրեր, որոնց համար էական չէ, թե այդ պահին ինչպիսի քաղաքական գաղափարախոսություն կրող ուժն է գտնվում իշխանության գլխին և ինչպիսի գաղափարական գիծ է որդեգրել իր գործունեության տիրույթում: Սա հայկական առանձնահատկություն չէ, այս խնդիրն առկա է ամբողջ աշխարհում:
Թերևս, հայկական առանձնահատկություն է այն, որ ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում հստակորեն նկատվում է ոչ միայն գաղափարախոսական, այլև գաղափարական ու հայեցակարգային վակուում: Այսպես, Հայաստանի անկախության պատմության շրջանում առաջին անգամ երկրում ընդդիմադիր պայքար ծավալելու և ընդդիմությանը միավորելու ներուժ ունի միայն թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, որի գաղափարախոսական հենքը կարելի է սահմանել մեկ բառով` փող, իսկ հայեցակարգային գործունեության տրամաբանությունը` բաժակաճառ: Ըստ էության, ԲՀԿ ներկայիս կարգավիճակը վերջնականապես ապացուցում է, որ Հայաստանի քաղաքական դաշտը ամայացած է, քանզի իշխանության հետ մրցակցելու ներուժ ունեցող կուսակցությունը հեռու է բոլոր տեսակի գաղափարախոսություններից և միտված է մի քանի մարդկանց կասկածելի հանգամանքներում կուտակած կապիտալի պահպանմանը: Հետաքրքիր է, որ Հայաստանի քաղաքական համակարգի ամայացումն ու գաղափարազերծումը սկսվել է 1998-ից, երբ նախագահի պաշտոնում ընտրված Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը պահպանելու նպատակով սկսեց ներդնել և համակարգված կերպով իրականացնել քաղաքականությունը գաղափարական ու գաղափարախոսական բանավեճից զատելու պրակտիկան:
Քոչարյանական մեքենայի առաջին զոհը, թերևս, դարձավ ՀՅԴ-ն: Սոցիալիստական գաղափարախոսության կրող ՀՅԴ-ն, տասը տարուց ավելի մաս կազմելով իշխանությանը, քայլ անգամ չարեց սոցիալիստական գաղափարները կյանքի կոչելու համար, ինչի պատճառով էլ ժամանակի ընթացքում կորցրեց իր ընտրազանգվածն ու հայտնվեց քաղաքական լուսանցքից դուրս: Գաղափարախոսական նվիրվածության պարագայում ՀՅԴ-ն գործադիր իշխանության մաս չէր կազմի և կսահմանափակվեր սոցիալիստական գաղափարների իրագործմանն ուղղված ակտիվ խորհրդարանական աշխատանքներով: Եվ եթե հետադարձ հայացք նետենք Հայաստանի անկախության շրջանի քաղաքական գործընթացներին, ապա պետք է փաստենք, որ ընդդիմադիր դաշտը երբեք այնքան գաղափարազերծ չի եղել, որքան մեր օրերում:
ՈՒշագրավ է նաև այն փաստը, որ մարդկությանը հայտնի գաղափարախոսություններից հեռու ԲՀԿ-ն հնարավորություն ունի իր շուրջը համախմբելու այնպիսի գաղափարական ուժերի, ինչպիսիք են ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Հիշենք, որ նախորդ նախագահական ընտրությունների շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի «համաժողովրդական» շարժումը հզոր ընդդիմադիր գործոն էր` հանդես գալով գաղափարական դիրքերից և խնդիր ունենալով իշխանությանը հաղթել նաև գաղափարախոսական դաշտում: Ի դեպ, վերջին տարիներին ՀԱԿ-ը գնաց ՀՅԴ-ի որդեգրած սխալ ուղիով` հետ կանգնելով ի սկզբանե հռչակված գաղափարախոսական դրույթներից և մերձենալով իր հետ գաղափարապես ոչ մի առնչություն չունեցող ԲՀԿ-ի հետ: Հենց այդ սխալի պատճառով էլ երբեմնի հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժ հանդիսացող ՀԱԿ-ը կորցրեց իր ընտրազանգվածի զգալի հատվածը` իր կենսունակության ապահովման միակ միջոցը տեսնելով ԲՀԿ կցորդի վերածվելու գործընթացում: Եվ ինչքան էլ քննարկվի այն խնդիրը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը մրցակցում են Գագիկ Ծառուկյանին իրենց հաշվարկներում ներգրավելու համար, միևնույն է, խնդիրը դրանից չի փոխվում և այլևս հնարավոր չէ թաքցնել գաղափարազերծ պայքարի էությունը, թաքցնել «քաղաքականություն հանուն փողի» սկզբունքի գերակայությունը:
Ինչևէ, Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի ամայացումը կարող է դիտարկվել միայն ու միայն ազգային ողբերգության համատեքստում: Ասում են` քաղաքական ընդդիմությունը հասարակության «խիղճն ու հոգին» է, և, եթե այս դիտարկմանը լուրջ ենք վերաբերվում, ապա նշանակում է, որ ազգային ողբերգությունն արդեն իսկ իրականացել է: Անկախ նրանից` Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ, միևնույն է, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, Ծառուկյանն արդեն իսկ «հարամել է» քաղաքական դաշտը: Եթե Ծառուկյանը չի առաջադրվում որպես նախագահի թեկնածու, ապա ստացվում է, որ նա «քաշում է» սեփական կուսակիցներին, քանզի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների զգալի մասն արդեն իսկ հասցրել է «անձնական» կարծիքներ հայտնել առ այն, թե ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես գա: Բացի դրանից, ԲՀԿ շարքերը լիահույս են, որ կուսակցությունը սեփական թեկնածուով է հանդես գալու և առկա է ընդդիմադիր պայքար մղելու առնվազն հոգեբանական պատրաստվածություն: Մյուս կողմից, Ծառուկյանի առաջադրումը կնշանակի, որ նա դեմ է գնում իրենց ծնած համակարգին, քանզի առաջադրման դեպքում Ծառուկյանը չի կարող չքննադատել այդ համակարգը: Միևնույն ժամանակ, Ծառուկյանն ունակ չէ ո՛չ այլ համակարգ ստեղծելու, ո՛չ էլ, անգամ, դրա մասին մտածելու, քանզի համակարգային փոփոխությունները ենթադրում են բարձր արժեհամակարգի և ինտելեկտուալ հատկությունների առկայություն:
Ամեն դեպքում, ցանկացած երկիր կարող է կենսունակ լինել, եթե ունի առողջ քաղաքական-պետական համակարգ: Հայաստանյան իրավիճակը, այս առումով, վտանգված է, և նախագահական ընտրության ավարտից հետո իշխանությունը ստիպված է լինելու մտածել քաղաքական դաշտի առողջացման, գաղափար-գաղափարախոսությունների մրցակցության և բուտաֆորիկ կազմակերպությունները քաղաքական դաշտից հեռացնելու մասին: Այլ ճանապարհը շատ ավելի վտանգավոր է, քանզի առանց գաղափարների մրցակցության հնարավոր չէ պատկերացնել առողջ քաղաքական համակարգ ու ապագա ունեցող երկիր:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ