Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան «Եվրոպայի ապագայի դպրոցի» սաների համար դասախոսության ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի` ում հետ է ցանկանում զարգացման հեռանկարները կապել` Եվրամիությա՞ն, թե՞ Եվրասիական միության: «Հայաստանն ինքնիշխան իրավունք ունի որոշելու իր հետագա զարգացման ճանապարհը: Նա կամ պետք է համագործակցի ԵՄ-ի հետ, կամ արդեն մասնակցի Եվրասիական ծրագրերին: Չեք կարող միաժամանակ տնտեսական և առևտրային համագործակցություն զարգացնել երկու տարբեր կառույցների հետ: Գնդակը հիմա ձեր դաշտում է»,-ասել է Տրայան Հրիսթեան: Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը 2012-ին շատ բարձր մակարդակի բարձրացվեց` փոխադարձ այցեր եղան ու պայմանագրեր կնքվեցին, շատ ավելի կարևոր տարի է 2013-ը, որովհետև 2014-2020 թթ. սկսվում է ԵՄ ֆինանսավորման վեցամյակը և 2013-ին պետք է հստակեցվեն նախատեսվող ծախսերը: