Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սրբազանի շնիկը

Սրբազանի շնիկը
26.07.2013 | 12:05

Հոգևոր ճեմարանն արդեն ավարտել էինք: Մի քանի սարկավագներով հավաքվել էինք մեր միաբանական սենյակներից մեկում և փուռը դրած կովի գլուխ էինք ուտում, որը հետաքրքիր ձև ուներ, ավելի նման էր վագրի ժանիքների: Քանի որ կովի գլուխը լավ չէր եփվել, լրիվ չկարողացանք ուտել, մտածեցինք, թե ի՞նչ անենք: Պատկերացրեք, որ այն ժամանակ մենք 18-20 տարեկան երիտասարդներ էինք, լի չարաճճի մտքերով: Երուսաղեմի վանքից եկած սրբազաններից մեկը, որը Մայր տաճարի լուսարարապետն էր, շատ լավ հոգևորական էր, բոլորս էլ սիրում էինք նրան, և նա հրաշալի օրինակ էր մեզ համար: Նա մի փոքրիկ գեղեցիկ շնիկ ուներ, որը դրսի վանդակում էր պահում: Սրբազանը շատ էր սիրում այդ շնիկին, մենք նույնպես: Մտածեցինք մի բարի խաղ խաղալ նրա հետ, բնականաբար, առանց դիտավորության: Կովի գլուխը, ինչպես նկարագրեցի, վագրի ժանիքների էր նման` բաց բերանով, տարանք և դրեցինք շնիկի բնի առաջ ու վրան գրեցինք` «Փնտրեսչգտնեսյան հանձնաժողով», ու տուն գալով` մեզնից գոհ հանգիստ քնեցինք:
Ինչ տեղի ունեցավ հաջորդ առավոտ, պարզապես աննկարագրելի է: Մեր չարաճճիությունը ավարտվեց տխրությամբ: Ժամերգության ժամանակ նկատեցինք որ սրբազան հայրը լուռ ու տխուր է: Նա միշտ սիրում էր կատակել, ուրախ ու զվարթ մարդ էր: Զարմացանք: Նախաճաշի գնալու ճանապարհին հարցրի, թե նա ինչո՞ւ է տխուր, բա՞ն է պատահել: Մենք արդեն մոռացել էինք գիշերվա մեր արածը, կարծելով, թե պարզապես խաղ էինք արել ուրախանալու համար: Քանի որ սրբազանը ինձ շատ էր սիրում, այդ համարձակությունն ունեցա նրան հարցնելու: Նա տխրությամբ ասաց, որ առավոտյան իր փոքրիկ շնիկին մեռած է գտել: Ինչպե՞ս: Զարմացա ես: Իմ հարցին նա պատասխանեց, թե շունը երբ փորձել է գլուխը դուրս հանել, նկատել է վագրի ժանիքներ, ու քանի որ փոքրիկ էր, վախից սիրտը պայթել է: Ինչ-որ տեղ նա ինձ էլ կասկածեց, բայց ես հերքեցի, քանի որ իրապես մենք ոչ մի այդպիսի նպատակ չէինք ունեցել:
Տխուր էինք իրապես բոլորս` և՛ սրբազանը, և՛ մենք: Այդ օրերից շատ ու շատ տարիներ են անցել, ու ես չեմ կարողանում մոռանալ սրբազանի տխուր դեմքը և կասկածամիտ հայացքը:
Թող Աստված ների մեզ, մեր չգիտակցված արարքի համար, քանի որ մեր նպատակն այդ չէր:
Սիրելի սրբազան, Դուք Ձեր սերը, նվիրվածությունն ու հավատը մեզ ժառանգեցիք: Թող լույս իջնի Ձեր հոգուն:

Տեր Հովսեփ Ա. քահանա

ՀԱԿՈԲՅԱՆ

Սկզբնաղբյուրը`http://frhovsep.com

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ