«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Գվարդիոլայի պարտությունն ու... պարտությունը

Գվարդիոլայի պարտությունն ու... պարտությունը
30.07.2013 | 11:44

Անցած շաբաթ օրը կայացավ Գերմանիայի սուպերգավաթի Դորտմունդի «Բորուսիա»-Մյունխենի «Բավարիա» հանդիպումը` մեծ ֆուտբոլի համար հանգստյան այս օրերի երկրորդ խոշոր իրադարձությունը: Այո, այո` երկրորդ, քանի որ առաջինը բոլորովին այլ դիմակայություն էր, որքան էլ «Բավարիա»-«Բարսելոն» հանդիպումն ընկերական էր, մրցակցային առումով ոչինչ չորոշող: Կամ` գրեթե ոչինչ չորոշող:

Թեպետ այդ վերջինին անդրադառնալու պատեհություն արդեն իսկ ունեցել ենք, սակայն ևս մեկ անգամ հիշելն ավելորդ չի լինի, քանի որ, հանրագումարի մեջ, մեկը վերջին տարիների ֆուտբոլային նորաձևության անխոս առաջատարն է, մյուսը` այդպիսին դառնալու ամենախոշոր հայտ ներկայացրածը, և այս երկուսին` իրենց անցյալով ու ներկայով, միավորողը միևնույն մարդն է` Խոսեպ Գվարդիոլան, ժամանակակից ֆուտբոլի մարզչական աշխարհի ամենաինքնատիպ դեմքերից մեկը:
Իր նոր թիմի ղեկին Գվարդիոլան բառիս բուն իմաստով պատժեց «Բարսելոնին»` «Բավարիային» հնարավորություն տալով դառնալու կատալոնյան ակումբին երեք անգամ պատին անընդմեջ դեմ տված թիմ: Չգիտեմ` ով` ինչպես, սակայն ես բնավ էլ հակված չեմ մտածելու, որ եղածը հարցի միայն մարզական կողմն էր, ու այդ հարցը բնավ էլ Յուպ Հայնկեսից պակաս տղա լինել-չլինելն ապացուցելը չէր:
Պարզաբանեմ:
Կհիշեք` «Բարսելոնը» լքելուց հետո Գվարդիոլան մի ամբողջ տարի իրեն տվեց հանգստի: Մի ամբողջ տարի ոչինչ չխոսեց, սակայն չկարողացավ «չպայթել», երբ բանը հասավ կատալոնյան ակումբից Տիտո Վիլանովայի` իր մոտ ընկերոջ ու գործընկերոջ հեռանալուն: Ասենք` դիվանագիտություն խաղա՞լս որն է, հեռացվելուն: Ստեղծված պարագայում թե ուրիշ ի՞նչ բան պիտի աներ կատալոնյան ակումբի ղեկավարությունն ի դեմս Ռոսել նախագահի, չեմ համարձակվում միանշանակ պատասխանել, բայց որ նրա քայլերի մեջ բացակայող «հումանիզմին» անուղղակի և ուղղակի անդրադարձած Գվարդիոլան ինչ-որ բան էր ձենձենում, մանկամտություն կլինի չնկատելը: Լավ: Եկեք շատ չխորանանք, մանավանդ որ, եթե նկատել եք, ինքս մնում եմ կեսբերան խոսելու կողմնակից, քանի որ, ինչպես սիրում էր ասել լուսահոգի պապս, «հասկցողի համար կես բրդուճն էլ հերիք է»:
Գվարդիոլայի «Բավարիայի» հաղթանակն այդ «կես բրդուճն» էր կատալոնյան ակումբի ղեկավարությանը, բայց ակներևաբար ոչ տղաներին, որոնց հետ վայելել է իր տպավորիչ հաղթանակների բերկրանքը: Ցավոք, ես այդ խաղը չեմ տեսել, որ կարողանամ խաղային մակարդակով արվող վերլուծություններ անել: Ընդամենը գիտեմ մի բան, որ «Բարսելոնը» նոր-նոր է մտնում խաղային ռիթմի մեջ, իսկ նման պարագայում, այն էլ առանց գլխավոր մարզչի, շատ բան անել հնարավոր չէ, որքան էլ պարտք ունես վերադարձնելու:
Խնդիրը միանգամայն այլ դիտանկյունից է ներկայանում «Բավարիա»-«Բորուսիա» խաղի կտրվածքով: Այստեղ թերևս ճիշտ կլինի անդրադառնալ անցած մրցաշրջանում այս երկու ակումբների ունեցած դիմակայություններին: Ընդհանուր թվով դրանք հինգն էին` երկուսը երկրի ներքին առաջնության, մեկական` Չեմպիոնների լիգայի խաղարկության, Գերմանիայի գավաթի ու սուպերգավաթի շրջանակներում:
Առաջին երկուսում «Բավարիան» երկու խաղն էլ ավարտեց նույն 1:1 հաշվով: Դրանք ոչինչ որոշող չէին, որովհետև մրցաշարում մյունխենցիները միավորների ահռելի առավելությամբ առջևում էին, և ոչինչ չէր կարող խանգարել նրանց այն առաջին հորիզոնականում ավարտելու հարցում:
Երրորդում բավարացիների 2:1 հաշվով տարած հաղթանակն ակումբին բերեց Եվրոպայի թիվ մեկ թիմի համարում: Չորրորդում` սուպերգավաթի համար պայքարում, 2:1 հաշիվը նրանց տեր դարձրեց պատվավոր ավարին, իսկ ահա երկրի գավաթի համար պայքարում մեկ քառորդում նվազագույն հաշվով կրած պարտությունը դուրս թողեց մրցակցությունից:
Ժամանակային առումով այս հինգ հանդիպումներից 2013-ի սուպերգավաթի խաղարկությանը առավել մոտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում ունեցած հանդիպումը: Իհարկե, «վրեժի ցասման հրով բորբոքված», արյան տենչացող «Բորուսիայի» երիտասարդ մարզչի համար ավելի նախընտրելի էր յուպհայնկեսյան «Բավարիան», սակայն ծերուկ աղվեսը, գիտեք, արդեն վաստակած հանգստի է անցել, ավելի լուրջ` տատիկ ու թոռնիկ խաղացնելով է զբաղված:
Սուպերգավաթի այս խաղարկությունում, այո, չկար Հայնկեսը, սակայն կար Պեպ Գվարդիոլան, ով պակաս գրգռիչ չէր Կլոպի համար: Ի վերջո, ինչ էլ լինի, ուզենք, թե չուզենք, գերմանական առաջնությունում առաջիկա տարիները Կլոպ-Գվարդիոլա աստղերի շրջանակում են լինելու, աստղեր, որոնցից մեկն իր պայծառ լուսատու լինելը հաստատել է ոչ միայն իսպանական գերազանց որակի ֆուտբոլում, այլև համաշխարհայինում, մյուսն ապացուցել է, ճիշտ է, դեռևս տեղական մակարդակով, թե ինչ կարող է անել բավական համեստ կարողությունների ակումբի հետ իր խենթ ու խելառ ջահելներով, որոնցից առնվազն երկուսի վրա աչք դրած ուներ ու մեկին, արդեն իսկ այս մրցաշրջանում քթի տակից թռցրեց «Բավարիա» գերակումբն իր հզոր ֆինանսական ռեսուրսներով:
Նշենք նաև, որ սուպերգավաթի այս դիմակայությունը Կլոպի համար մեկ այլ կտրվածքով էլ հարաբերություններ պարզելու հզոր առիթ էր, և Գվարդիոլայի դժբախտությունն էր, որ եղավ, օտարահունչով պատկերավոր ասած, «տաք» ձեռքի տակ ընկած «չուժոյ պախմել»: Այն էլ` առաջին իսկ պահից:
Բորուսիացիները, որ դաշտ էին ելել գործնականում նույն այն կազմով, որով հանդես էին եկել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, հաշվի մեջ առաջ անցան արդեն վեցերորդ րոպեին: Մարկո Ռոյսն իր հնարավորությունը բաց չթողեց, ու սա ոչ թե դարպասապահի, այլ կենտրոնական պաշտպանի մեղքով, ով չար բախտի կամքով մի «նվեր» էլ արեց իր նոր գլխավորին (թե քեզ ո՞վ էր ասել, այ Պեպ, Խավի Մարտինեսի նման թառլան տղուն նստեցնել պահեստայինների նստարանին: Չգիտե՞ս` որտեղ Մարտին անունը կա` ուղղակի, թե լծորդված, այնտեղ կյանք, հուսալիություն, վստահություն կա. ամեն ինչ չէ, որ բառ առ բառ պիտի ասվի):
Համարյա հիսուն րոպե տևեց, մինչև հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Արիեն Ռոբենը` հենց նա, ով դորտմունդցիներին նեղացնելու առանձնահատուկ սեր ունի: Ի դեպ` հոլանդացին էր նաև մյունխենցիների խփած երկրորդ գոլի հեղինակը, և սա խորհրդանշական է նրանով, որ շատերի կարծիքով, սակայն անհասկանալի տրամաբանությամբ, առաջինը հենց նրանից պիտի ազատվի Գվարդիոլան: Մինչդեռ ի՞նչ ստացվեց: Փաստորեն, իսպանացի մասնագետին օգնեց նա, ով առանձնապես է խանգարում: Սակայն խոսքով ընկած մոռացանք ասել, որ հոլանդացու առաջին գոլին գրեթե ակնթարթորեն արձագանքեց «Բորուսիան», որն այդ ակնթարթին մի այլ ակնթարթ էլ ավելացրեց` հաշիվը դարձնելով 3:1: Իսկ որպեսզի մարզչի մարմինը կատարյալ յուղած լիներ, խաղավարտին Ռոյսը մի անգամ էլ գրավեց մյունխենցիների դարպասը` Յուրգեն Կլոպի ցնծությունը դարձնելով կատարյալ:
Դորտմունդի «Բորուսիան», որ ինչ-որ չափով դարձել է մերը, շնորհիվ այստեղ տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի, հաղթանակ տարավ 4:2 հաշվով: Սա տպավորիչ հաղթանակ էր, սակայն այդ տպավորիչի մեջ առանձնահատուկ նշելին թերևս այն է, որ մեր տղան հայտնվել է ֆուտբոլային մտահղացումներով հարուստ, ստեղծագործական աշխատանքի դավանաբանություն ունեցող մարզչի ձեռքի տակ, իսկ Հենրիխի տաղանդի ու աշխատասիրության, նորը տեսնելու և ընկալելու առկայության պայմաններում դժվար չէ գուշակել, թե ինչ վիթխարի առաջընթաց կունենա մեր շնորհաշատ ֆուտբոլիստը, իսկ նրան, ինչ կիսատ մնաց Գվարդիոլայի պարտության ու… պարտության լիարժեք ներկայացման հարցում, թույլ տվեք անդրադառնալ մեկ այլ պատեհ առիթով, թեպետ կարծես թե վերևներում մի տեղ ոնց որ թե խոսել էինք հասկացողի համար կես բրդուճի լիուլի լինելուց:
Թե՞ ինձ է թվացել:
Է՜, անտեր մնաս, հիշողություն. մարդ մի վայրկյան առաջ ասածն էլ չի հիշում:
Բա սա եղավ հայերե՞ն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ