Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եթե կես միլիոն մարդ նայել է ֆիլմն ու հուզվել, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է»

«Եթե կես միլիոն մարդ  նայել է ֆիլմն ու հուզվել, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է»
31.01.2014 | 11:30

Կյանքի հետ հաշիվները փակած մարդը օղակը պարանոցին գցելու պահին նկատում է դիմացի շենքից վայր ընկնող փոքրիկ աղջնակին: Ինքնասպանության պատրաստվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկնող փոքրիկն էլ` իրեն փրկողին:
Արշակ Զաքարյանի «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում: Արժանացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Տարվա բացահայտում» մրցանակին: Ֆիլմը ներկայացված է լեհական «Զում-Զբիլժենիա» անկախ ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնում: Գլխավոր դերում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան ԳԵՈՐԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ է: Դերասանի կարծիքով` ֆիլմի հաջողությունը պայմանավորված է առաջին հերթին խնդրի կարևորությամբ: «Ինչ-որ ձևով պետք է կանխել ինքնասպանությունները, այս առումով ռեժիսորի մտահոգությունն անչափ կարևոր է: Երբ ինչ-որ դեպք առաջին անգամ է լինում, ասում են` ողբերգություն է: Իսկ երբ շարունակական է դառնում, մի տեսակ վերածվում է սովորության: Մենք կարծես սովորել ենք, որ մարդիկ ինքնասպան են լինում»,- ասաց նա:

-Ինքնասպանությունը օգնության կանչ է համարվում, կարծում եք՝ այս ֆիլմը կփրկի՞ գոնե մեկ մարդու կյանք, ով իրեն «անպետք» է զգում:
-Հուսով ենք, իհարկե, դժվար է փաստեր արձանագրել, առնվազն պետք է ինչ-որ մեկն անկեղծանա ու ասի, որ ֆիլմն իր գործն արել է:
-Ֆիլմը նմանեցրել էին սերիալի, ի՞նչ կասեք այդ մասին:
-Անիմաստ, անմիտ համեմատություն է: Սերիալը մանրացրած, մսաղացի նման թեմաները «աղում», «հանում» է, իսկ այս ֆիլմը հարց է բարձրացնում ընդամենը 11 րոպեում:
-Կարծեմ, հուզականության համար էր այդ համեմատությունն արվել:
-Բնական է, որ ֆիլմը պետք է հուզի հանդիսատեսին: Նախ՝ մտածված չենք հուզականություն հաղորդել, այդպես ստացվել է և, անկեղծ ասած, այո, ինձ էլ է հուզում ֆիլմը: Բայց սերիալի առաջացրած հուզումն ուրիշ է, դուք լավ գիտեք, ինչ է կատարվում սերիալներում:
-Ասում են նաև, որ միայն Ձեր խաղն է կենդանի ու հաջողված:
-Անկեղծ ասած, որպես դերասան, ես ուրախ եմ, որ այդչափ հաջողվել է իմ աշխատանքը: Ռեժիսորն էլ է ասում, որ Գեորգիի խաղը 20-30 անգամ բարձրացրել է ֆիլմի արժեքը: Բայց, բոլոր դեպքերում, ֆիլմը չէր կարող կայանալ, եթե չլիներ ռեժիսորի, օպերատորի, մոնտաժողի, դերասանների աշխատանքը: Դա իմ կարծիքն է: Իսկ այն, որ հակասական կարծիքներ կան, նշանակում է` լավ ֆիլմ է ստեղծվել: Թեև դրական արձագանքներն ավելի շատ են:
-Չե՞ք կարծում, որ ֆիլմի կարճ լինելը նույնպես հաջողություն է ապահովում՝ հեշտ է տարածելը համացանցում, շատ ժամանակ չի պահանջում նայելու համար: Մյուս կողմից՝ կինոգետներից մեկը նկատել էր, որ անավարտություն կա ֆիլմում:
-Ասեմ, որ ֆիլմը շարունակություն ուներ, որտեղ ցույց ենք տալիս, թե ինչպես է միանում հերոսի ընտանիքը: Բայց մենք չընդգրկեցինք այդ հատվածը, կարծում եմ` հանդիսատեսը պետք է որոշի` վերջ կտա՞ հերոսն իր կյանքին, թե՞ ոչ: Երեխայի հայրը տեսնում է, թե ինչ էր պատրաստվում անելու իր երեխային փրկողը, և բնական է, որ չպետք է թույլ տար նրան ինքնասպան լինել: Բայց այլ հարց կա. իր ներսում նա կհրաժարվի՞ ինքնասպանության մտքից: Ըստ իս` այս կերպ ավելի ազդեցիկ է ֆիլմը:
-Ես կարծում եմ, որ հակառակը չի կարող լինել:
-Այո, երեխայի հայտնվելը չէր կարող պատահական լիներ, երեխան էլ իրեն պետք է փրկի:
-Ֆիլմը մեր կողքին ապրող անտեսված, անպետք համարվող մարդու մասին է, մարդու մեջ թաքնված լույսի: Ինչո՞ւ չենք տեսնում մարդու միջի լույսը, որովհետև պակասե՞լ է այդ լույսը, թե՞ որովհետև չենք տեսնում:
-Ե՛վ պակասել է մարդկանց միջի լույսը, և՛ չենք տեսնում: Տեսնողները ուժ չունեն մարդկանց լուսավորելու, ձեռք մեկնելու, մարդիկ էլ կան, որ կարող են օգնել, բայց բացարձակ անտարբեր են: Շատ բան է փոխվել վերջին 20 տարում, արժեքներ են փոխվել, մարդու վերաբերմունքն է փոխվել մարդու նկատմամբ: Ես նայում եմ՝ աղբանոցի մոտ մարդ կա, սիրտս մղկտում է, չգիտեմ` ե՞ս ինչ անեմ, ասեմ` մի՛ արա, բա որ ասի` ինչո՞վ ապրեմ: Բայց կան անտարբեր մարդիկ, ջիպերով անցնում են, ու իրենց համար միևնույն է:
-Ասում են` արվեստը պիտի ծառայի կյանքին: Այսօր ստեղծվող արվեստը կատարո՞ւմ է իր այդ ֆունկցիան:
-Գիտե՞ք ինչ, մեր ֆիլմը, այո, ապացուցեց, որ ծառայում է, եթե կես միլիոն մարդ նայել է ֆիլմն ու հուզվել, ուրեմն ամեն ինչ չէ, որ կորած է:
-Բոլորովին վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրեցին խորհրդային ժամանակներում նկարահանված «Գողը» ֆիլմը: Իբրև օրինակ եմ նշում: Ինչո՞ւ հնարավոր չէ նման բարի ֆիլմ նկարահանել այսօր:
-Հեռուստաընկերությունները մասնավոր են, իրենց համար կարևորը գումար քաղելն է: Չեմ ուզում նեղացնել մեր հայրենակիցներին, բայց սերիալները նկարահանվում են միջինից ցածր խավի մարդկանց համար: Ես էլ եմ սերիալում նկարահանվել զուտ գումարի համար, որովհետև, հավատացեք, 54 հազար դրամով չեմ կարող ապրել:
-«Անպետքը» նայելիս` Դասթին Հոֆմանի «Հերոսը» ֆիլմը հիշեցի, ինչ-որ նմանություն եմ տեսնում ֆիլմի տրամադրության հետ, Ձեր կերպարի:
-Դուք առաջինը չեք, որ նման կարծիք եք հայտնում: Դեռ 80-ականներին են ասել, որ նմանեցնում են: Ես շոյվում էի, բայց լուրջ չէի ընդունում:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, Ձեր համագործակցությունը Արշակ Զաքարյանի հետ շարունակվելո՞ւ է:
-Արշակ Զաքարյանն այս ֆիլմից հետո ինձնից «պոկվելու» միտք չունի: Նախագծեր է ներկայացրել կինոկենտրոնին` լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի: Նրա աշխատանքները արդեն մեծ հետաքրքրություն են առաջացնում։
-Ի՞նչ զգացողություն ունեիք ֆիլմում նկարահանվելիս:
-Անկեղծ ասած` հեշտ չէ ինքնասպանի մաշկի մեջ լինելը, բոլոր դեպքերում, ռեժիսորի օգնությամբ փորձել եմ անել այն, ինչ արել եմ:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ