ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Դեֆակտոն նաև դեյուրե

Դեֆակտոն նաև դեյուրե
28.03.2014 | 12:39

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից մեկի չեմպիոնն արդեն հայտնի է՝ հանրահայտ Մյունխենի «Բավարիան», որը վաղաժամկետ փաստեց իր թիվ մեկ լինելը բունդեսլիգայում: Այդ ճանապարհին են և… Սակայն ինչո՞ւ ենք շտապում: Օրը կգա, բարին՝ հետը, ամեն մեկի մասին էլ կխոսենք հավուր պատշաճի:

«ԱՄԵՆԱՎԱՂԱՀԱՍԸ»
Որ առաջնության ավարտից յոթ տուր առաջ չեմպիոն հռչակվելը ցուցանիշ է, կարծում եմ, չեք առարկի: Որ բունդեսլիգան մարտ ամսին պատմության մեջ չեմպիոն չէր ունեցել, կարծեմ, պիտի իմացած լինեք: Եթե չէիք էլ իմացել, հոգ չէ, իմացաք: Անցնենք այլ բաների:
Ինչ տարբերություն կա անցած մրցաշրջանի յուպհայնկեսյան ու ընթացիկի գվարդիոլյան «Բավարիայի» միջև՞: Մեծ։ Բավական մեծ: Սակայն, նույնությունները թողած, ինչո՞ւ տարբերություններից խոսենք: Իսկ գլխավոր նույնությունն այն է, որ երկուսն էլ հայերենով՝ մղանի, միջազգայինով՝ բուլդոզերի պես խրած առաջ են գնում՝ առանց խոչ ու խութ ճանաչելու: Մնացածը մանրամասներ են, փաստեր վիճակագրության սիրահարների համար՝ ավելի կամ պակաս հետաքրքրություն ներկայացնող:
«Հերտայի» նկատմամբ հաղթանակը (3:1) «Բավարիային» դարձրեց երկրի 24-ակի չեմպիոն, ինչը չգերազանցված բարձունք է, իսկ ահա «Շալկեի» հետ սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայի» գոլազուրկ ոչ-ոքին ընդամենն ընթացք է երկրորդը ճանաչվելու ճանապարհին: Հավանաբար այս զույգն էլ կվիճարկի երկրորդ-երրորդ տեղերի հարցը, քանի որ եռյակը եզրափակող «Շալկեն» արդեն յոթ միավորով է գերազանցում «Բայերին»:

ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է
Չեմպիոնների լիգայի խաղարկությանը «Բարսելոնի» թեթև ձեռքով հրաժեշտ տված «Մանչեստր Սիթիին» ընթացիկ մրցաշրջանում արդեն ոչինչ չի մնում, բացի պրեմիեր լիգայում հնարավորինս արդյունավետ հանդես գալուց ու չեմպիոնական ոսկին ձեռք գցելուց: «Քաղաքաբնակներն» իրենց նպատակի լրջությունը հաստատեցին «Մանչեստր Յունայթեդի» հետ խաղում՝ դերբիում հաղթանակի հասնելով 3:0 հաշվով: Իհարկե, ընթացիկում «Յունայթեդի» մոյեսյան տարբերակն այն ուժը չէ, որ ներքաղաքային մրցավեճում դիմադրեր մրցակցին, բայց չմոռանանք, որ դերբին իր չգրված կանոններն ունի: Ինչևէ: «Սիթին» «Չելսիի» նկատմամբ ունեցած պակաս հանդիպումներից մեկն էլ առավելագույն հատույցով ավարտեց ու 66 միավորով՝ Մոուրինյոյի տղաներից երեք միավորի հեռավորության վրա: Իսկ եթե հաշվի առնենք, որ Պելեգրինիի սաները պակաս անցկացրած երկու հանդիպում էլ ունեն, ստացվում է, առաջնության պոտենցիալ լիդերն են:
Հարկավ տխուր է, որ նախորդ տուրում «Չելսիից» կրած խայտառակ հաշվով պարտությունից հետո «Արսենալը» դարձյալ միավորների կորուստ ունեցավ (տնային խաղում 2:2 հաշվով է խաղը ավարտել «Սոունսի Սիթիի» հետ), բայց դեռ վաղ է նրան մեդալային պայքարից դուրս համարելը, թեպետ «Լիվերպուլն» այն կարգի գերազանց հանդիպումներ է անցկացնում արդեն 28 գոլ հեղինակած իր ֆանտաստիկ Լուիս Սուարեսով որ, մեկ էլ տեսար, վերցրեց ու «Չելսի»-«Մանչեստր Սիթի» զույգի խաղաքարերը խառնեց, ցույց տալով, թե իրականում ով է տան գլխավորը: Ի դեպ, նրանք հենց այս տրամաբանությամբ էլ անցկացրին «Սանդերլենդի» հետ հանդիպումը՝ առավելության հասնելով 2:1 հաշվով: Մերսիսայդցիները 68 միավորով աղյուսակի երկրորդ հորիզոնականում են: Այնպես որ, ֆուտբոլային գերտերություններից ամենահետաքրքիրում սպասենք ու իրավամբ սպասենք բուռն զարգացումների:

ՎՐԻՊԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Իսպանական պրեմիեր լիգայում «Սանտյագո Բեռնաբեուում» «Ռեալի» նկատմամբ 4:3 հաշվով առավելության հասնելուց ու արքայական ակումբից հետ մնալը մեկ միավորի հասցնելուց հետո, «Բարսելոնը» ևս մեկ հաղթական հանդիպում անցկացրեց: Մրցակիցը մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում հանգրվանած «Սելտան» էր: Խաղում արձանագրված երեք գոլերից մեկի հեղինակը նշանառությունը վերականգնած Մեսին էր, մյուս երկուսինը՝ Նեյմարը, ում թանկ տրանսֆերի հարցն այդպես էլ չի իջնում հեռուստաեթերից ու թերթերի էջերից: Հանդիպման առնչությամբ փաստենք մի տհաճ իրողություն. վնասվածք ստացավ ու փոխարինվեց Վալդեսը, ինչն ակումբի համար անվիճելիորեն ծանր կորուստ է ոչ միայն առաջնության կտրվածքով, այլև անձնական դրամա է դարպասապահի համար, ով վերջին մրցաշրջանն է անցկացնում կատալոնյան ակումբում:
«Բարսելոնի» այս հաղթանակն ու թեկուզև ժամանակավորապես աղյուսակը գլխավորելը կարող էր հոգեբանական ծանր գործոն լինել նրան մինչ այդ մեկ միավորով գերազանցող «Ռեալի» ու «Աթլետիկոյի» համար, որոնք նույն օրը, ժամերի տարբերությամբ, հանդիպելու էին «Սևիլիայի» ու «Գրանադայի» հետ: Որքան էլ անսպասելի էր, արքայական ակումբը վրիպեց երկրորդ անգամ՝ ծանր պարտություն կրելով մրցակցից: Ծանրությունը, հասկանալի է, խաղի թվային արտահայտությանը չի վերաբերում (հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով), այլ դրա բերած էֆեկտին. մի վայրկյանում «Ռեալը» հետապնդվողից վերածվեց հետապնդողի: Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», մադրիդյան ակումբը նվազագույն հաշվով առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ (գոլի հեղինակը Դիեգո Կոստան է) ու 73 միավորով դուրս եկավ աղյուսակի առաջին հորիզոնական՝ համապատասխանաբար մեկ և երեք միավորի առավելություն ապահովելով կատալոնյան ու արքայական ակումբների նկատմամբ:

ԱՆՊԱՐԶՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Իտալական առաջնությունում ավելի քան վստահորեն չեմպիոնական հանգրվան է գնում Թուրինի «Յուվենտուսը», և դույզն-ինչ կասկած չկա, որ «Ծեր սինյորային» որևէ մեկն այլևս ի վիճակի չէ գցելու «գծերից»: Նրա հերթական զոհը «Պարման» էր (2:1): Երրորդ տեղում ընթացող «Նապոլին» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց աղյուսակը եզրափակող «Կատանիային»: Հավատալ, թե «Յուվենտուս», «Ռոմա», «Նապոլի» դասավորության մեջ առաջնությանը մասնակցող որևէ թիմ կարող է խմբագրումներ մտցնել, անհավանականության ոլորտից է, թեև առջևում դեռ պատկառելի թվով հանդիպումներ կան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ