Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գալստյան հույսի տեսիլքը

Գալստյան հույսի տեսիլքը
04.04.2014 | 11:06

Գիտենք, որ Մեծ պահքի վերջին կիրակին կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մարդկության պատմության շրջադարձային փոփոխությունը և ներկայիս աշխարհի վախճանը: Գալստյան կիրակին ամփոփում է Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների խորհուրդը: Արտահայտում է մարդկության մեծագույն տեսիլքը՝ վերագտնելու դրախտային երջանկության և անմահության ուղին: Մարգարեական այդ հույսը սկսվում է Եդեմի պարտեզից, երբ Ադամն ու Եվան Աստծո կողմից ստացան մահվան ճիրաններից փրկության ավետիսը: Այդ մասին Ծննդոց գրքում ասվում է. «Թշնամութիւն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. 3:15): Առաջին մարդիկ, ինչպես բոլոր ժամանակներում, մեծ խանդավառությամբ սպասում էին, որ շուտով իրականություն կդառնա աստվածային մարգարեությունը: Սակայն ո՞վ էր լինելու հույսի տեսանելի իրականացման անձը, դեռևս մնում էր քողարկված մարդկության համար: Ամենայն հավանականությամբ, Ադամն ու Եվան սկզբնական շրջանում հույսը կապում էին իրենց առաջնեկ զավակի՝ Կայենի հետ, սակայն նրանց ակնկալիքները լիովին անիրական են դառնում, երբ Կայենը սպանում է իր եղբորը: Այսպիսով՝ Մեսիայի գալստյան հույսը ձգվում է Ադամից ու Եվայից դեպի երկրային պատմության դարերի խորքը: Հավանական է, որ նրանք պատմել են իրենց սերունդներին դրախտի պարտեզում Աստծո կողմից փրկության մարգարեության մասին՝ մշտապես սպասելով դրա իրականացմանը: Արարիչը ևս մեկ անգամ հիշեցնում է այս լուսավառ ավետիսը Աբրահամին. «Քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին» (Ծննդ. 22:18): Այնուհետև Փրկչի առաջին գալստյան մասին վկայակոչում են մարգարեները: Եսայի մարգարեն, գնալով ավելի հեռուն, դեպի աշխարհի վախճանը, խորհրդանշականորեն նկարագրում է, որ վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, և ազգերը շարժվելու են դեպի նա: Տերը դատաստան պիտի տեսնի հեթանոսների մեջ ու հանդիմանի բազում ժողովուրդների: Նրանք իրենց սուսերից խոփեր պիտի ձուլեն, և իրենց սվիններից՝ մանգաղներ: Ազգ ազգի վրա սուր չի բարձրացնելու, և այլևս չեն սովորելու պատերազմել (Եսայի 2:2-4): Հին աշխարհում մարդկանց սպասումները եղել են այնպես, որ Մեսիայի գալուստով վերջնականապես կհաստատվեն աստվածային արքայությունը և անմահությունը երկրի վրա: Դարեդար այսպես հոգեբանորեն պատրաստելով իրենց ժառանգներին, մասնավորաբար հրեաները քաղաքական բովանդակություն հաղորդեցին հույսի վարդապետությանը, և երբ Մեսիան եկավ աշխարհ, նրանք այլևս չկարողացան կոտրել իրենց պատկերացումներում կարծրացած ապագայի տեսիլքը, քանի որ եթե ընդունեին Հիսուսին, պիտի ամբողջապես վերանայեին իրենց ավանդական կրոնական հայացքները: Այդպիսի մոտեցումը հոգեբանական ճգնաժամ էր այդ ազգի համար, որն իրեն համարում էր միակ ընտրյալ ազգը Աստծո կողմից և իրեն էր միայն վերապահել ընդունելու Մեսիայի թագավորությունը: Բայց Ավետարանը և այլ հին կրոնական ուղղությունները՝ հին եգիպտական, հնդկական և մյուս հնագույն ազգերի հավատալիքները վկայում են, որ իրենք էլ, լինելով Ադամի ու Եվայի սերունդները, պահպանել էին նրանցից ստացված հույսի գալստյան տեսիլքը, սպասում էին Մեսիայի գալուստին, և պատահական չէր ազգությամբ ոչ հրեա մոգերի ժամանումը Բեթղեհեմ՝ երկրպագություն մատուցելու մանուկ Հիսուսին:
Արդ, դարեր անց Աբրահամի ժառանգներից սերված սուրբ Մարիամը ստանում է Փրկչի ծննդյան ավետիսը (Ղուկ. 1.26-38): Ինչպես Եդեմի պարտեզում առաջինը կնոջ միջոցով մեղքը մտավ մարդկության էության մեջ և խաթարեց ու մահվան պատճառ դարձավ, այդպես էլ կնոջ միջոցով կրկին հավիտենական կյանքը թափանցեց մարդու բնության մեջ և վերականգնեց այն: Հարության առաջին ավետիսը նույնպես կանայք բերեցին ու ավետեցին: Այսպիսով՝ Աստված վերականգնեց կնոջ դերը: Հատկանշական է, որ սատանան, Եդեմի պարտեզում լսելով Աստծո մարգարեական խոսքերը, փորձում էր բացահայտել, թե ով պիտի լինի Մեսիան, ումից ստանալու է ջախջախիչ պարտություն: Անհիշելի ժամանակներից թափառելով երկրի վրա՝ նա փնտրում էր Աստծո կողմից ուղարկված մարդուն, որպեսզի նախահարձակ լիներ և տապալեր աստվածային ծրագիրը: Անապատի փորձության մեջ տեսնում ենք, թե ինչպես է նա մոտենում Հիսուսին և աշխատում հստակեցնել՝ հարցնելով՝ եթե Աստծո որդին ես... (Մատթ. 4.1-11), սակայն անորոշության մեջ է թողնվում և իր առաջին մեծ պարտությունը կրում Մարդու Որդուց:
Քրիստոսի գալուստին սպասելով Աստծուն հավատարիմ մարդիկ և բոլոր նրանք, ովքեր ապրել էին նախքան Փրկչի ծնունդը, այդուհանդերձ, հանդերձյալ աշխարհում ստացան Մեսիայի գալստյան փրկության բարի լուրը, ինչպես սբ Պետրոս առաքյալն է ասում. «Արդարև, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ և ինքը Քրիստոս՝ Արդարը անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն. նա թէպէտև մարմնով մեռաւ, բայց կենդանի է Հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում» (Ա.Պետր 3:16-18):
Առաքելական դարաշրջանում քրիստոնյաները փափագում էին Քրիստոսի վերադարձը, բայց կարծես նրանց համար այն ուշանում էր: Սբ Պետրոսը հորդորում է հավատացյալներին չվհատվել և հատկապես չընկնել կասկածանքների մեջ անզգամ ու ծաղրող մարդկանց պես, որոնք ասում են, թե ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ այն նույն ձևով է մնում, որպես արարչագործության սկզբից էր: Առաքյալը հիշեցնում է, որ Տիրոջ համար մեկ օրը, ինչպես հազար տարի է, և հազար տարին, ինչպես մեկ օր: Եվ Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն: Նա նշում է, որ Տիրոջ օրը անակնկալ կերպով պիտի գա: Երկինքը պիտի անցնի, չքանա շառաչյունով, և տարերքը, հրով կիզված, պիտի լուծվի: Վերջում առաքյալն ավելացնում է, որ մենք՝ հավատացյալներս, Աստծու խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում (Բ. Պետր. 3:1-13): Տեսնում ենք, որ երկրորդ գալուստն ամփոփում է արդարության հաստատման և դատաստանի խորհուրդը:
Պահքն այն տեսանելի, թանձրացական հոգևոր կյանքի գործառույթն է, որը հիշեցնում է մեզ Աստծո խոստացած գալստյան և Նրա թագավորության լիակատար հաստատման հույսի մասին: Քանի դեռ Հիսուս աշակերտների հետ էր, կարիք չկար պահք և ծոմ պահելու, սակայն Իր համբարձումից հետո, պահքը և ծոմը նաև վերհիշեցնում են Նրա վերադարձի մասին: «Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան և ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում: Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, և ապա ծոմ կը պահեն» (Մտ 9:14-15): Այնուհանդերձ Աստծու գալուստը սկսվում է մարդու դարձի հետ միաժամանակ, երբ Սուրբ հոգու ներկայությունը թափանցում է մարդու հոգու մշուշոտ էության մեջ, վերափոխում մարդու կյանքը և լուսավորում ապագայի հանդեպ ունեցած ճանապարհը: Հովհաննես առաքյալին «Հայտնության» գրքի մեջ Աստված կրկին հիշեցնում է իր խոստումը. «Ես գալիս եմ շուտով» (Հայտն. 22.20):


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ