Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Ֆենոմեն է, երբ հանկարծ ժամանակակից մի քանի գրողներ միանգամից բռնում են օդում սավառնող թեմաները»

«Ֆենոմեն է, երբ հանկարծ ժամանակակից մի քանի գրողներ միանգամից բռնում են օդում սավառնող թեմաները»
06.06.2014 | 11:14

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի գրական հերթական ցերեկույթը նվիրված էր արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ նշեց, որ վերջին շրջանում շատ ժամանակակից գրողների մեջ է նկատում գրականության ժառանգորդական կապը մեր դասականների հետ: «Ճյուղեր-տերևներ» վեպը, որ առայժմ վերջինն է գրողի ստեղծագործական պահոցում, բացառություն չէ այս առումով: «Մեր ժողովրդի համար բախտորոշ 1937 թվականին Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Երկիր հայրենի» դրաման` անդրադառնալով Գագիկ թագավորի գահակալության, Վեստ Սարգսի դավաճանության, Անիի անկման ժամանակաշրջանին: Նույն այդ ժամանակաշրջանի անդրադարձն ենք տեսնում նաև «Ճյուղեր-տերևներում»: Երբ Ալիս Հովհաննիսյանին հարցրի, թե ինչով է սա բացատրվում, ասաց. «Ֆենոմեն է, երբ հանկարծ ժամանակակից մի քանի գրողներ միանգամից բռնում են օդում սավառնող թեմաները: Իհարկե, Դեմիրճյանը ժամանակակիցս չէ, բայց հենց պատմական այս շրջանին` անիական շրջանին, գրողները չեն կարողանում անտարբեր նայել»: Այս ենթատեքստում Կարինե Ռաֆայելյանը մեկ այլ օրինակ մատնանշեց, ասաց, որ առաջին անգամ նորօրյա գրականության մեջ Գյուրջիևի կերպարի մասին անդրադարձի հանդիպել է Ալիս Հովհաննիսյանի արձակում, և երբ դիտել է Վաչե Շառաֆյանի «Երկրորդ լուսին» բալետը` նվիրված Գյուրջիևին, իմացել է, որ կինոռեժիսոր Նիկոլայ Դավթյանը նկարահանել է «Գյուրջիևի կոդը» վերնագրով ֆիլմ: «Այսինքն, սա ևս ապացույց է, որ մթնոլորտում թևածում են ինչ-որ թեմաներ: Այդ թեմաները գալիս, գտնում են մարդկանց, ովքեր պետք է դրանք բերեն, հասցնեն հանրությանը: Գուցե և միևնույն ժամանակ են ծնվել ֆիլմը, վեպը, բալետը: Այնպես որ, մթնոլորտում կարծես արդիական է դարձել Գյուրջիևի թեման»:
Կարինե Ռաֆայելյանը նկատեց նաև, որ Ալիս Հովհաննիսյանի վիպագրությունը ձևավորում է գրական մի տարածություն, ուր ոչինչ ի միջի այլոց չէ, թեթև ու հպանցիկ չէ: Նրա գրողական տեսադաշտում, նրա գրչի երկնումներում դրամատիզմով հագեցած դեպքեր են ու այդ դեպքերից գլուխ հանելու դատապարտված մարդկային ճակատագրեր: Թվում է, թե այդպիսի ասելիքով ներկայացող գրողը պիտի մռայլ, ծանր, ճնշող պատումաշար մատուցի իր ընթերցողին, և լույսը, հույսը, ապագայի հանդեպ հավատը մի կերպ, շատ աղոտ շողարձակեն նրա տողերում: Բայց, գուցե իր ընթերցողի հանդեպ մարդկային կարեկցանքից, գուցե ներքին լավատեսությունից դրդված, կամ պարզապես գրողի ենթագիտակցական, բնազդական մղումով նրա գրչի տակ ամենալուրջ ասելիքը հանկարծ ստանում է զավեշտի երանգավորում, ամենադրամատիկ թվացող իրադրության մեջ նա ծիծաղ է ներդնում, և այս իմաստով շատ է հիշեցնում մեր ազգային ճակատագրի խրթին ոդիսականի տարատեսակ դիպվածները գեղարվեստավավերագրող Գուրգեն Մահարուն, որ արցունքի միջից ծիծաղելու հնարքի մեծագույն վարպետն էր հայ գրականությունում:
Գրականագետ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ նշեց, որ մի արձակագրի հարկի տակ են գտնվում, ով շատ կարևոր եզրագիծ բերեց մեր գրականություն: Եվ այս հարկի տակ, ըստ նրա, շատ ազդակներ են փոխանցվում ու հաղորդվում:
Անդրադառնալով Ալիս Հովհաննիսյանին, ասաց, որ նրանք, ովքեր չեն խոսում կամ չեն ուզում խոսել նրա ստեղծագործության մասին, ուրեմն չեն կարդացել այն: «Անկարելի է կարդալ ու չունենալ կարծիք, հնարավոր չէ չզարմանալ: Կարող ես առաջին անգամ տպավորվել, երկրորդ անգամ տպավորվել, բայց երրորդ անգամ հասկանում ես, որ գործ ունես մի կարևոր սյունի հետ, որը պետք է առաջ տանի և ոգևորի հետագա ժամանակները»:
Գրականագետը նշեց, որ գրողի առաջին ժողովածուն` «Թանաքագույն առավոտներ», 1988 թվականին է հրատարակվել: Վերնագիրը շատ տրամադրող է, լուսաբացը, արշալույսը՝ կանխորոշիչ: Նրա բնորոշմամբ` առաջին ժողովածուն գրողի արյան անալիզն է, դրանով կարելի է որոշել՝ գրողը ուր կգնա և ուր կհասնի:
Զրույցների ընթացքում Անի Փաշայանը պարզել է, որ Ալիս Հովհաննիսյանի համար շատ թանկ է «Կումայրի-Գյումրի-Լենինական» ստեղծագործությունը: Գրականագետի կարծիքով, եթե օտարներն ունենային նման երկ, դրոշակ կդարձնեին ու անընդհատ կխոսեին դրա մասին: «Ինչպե՞ս չզարմանալ. Շուշանը` վեպի հերոսը, չունի ձեռքեր, բայց ունի թռչելու հսկա կարողություն, թվում է՝ արդեն վերջացել է նրա կյանքը, բայց հայտնվում է հոլանդացի օդաչուն, որն անսահման սիրում է այս կնոջը և կարծում, թե ինքը չի կարող իր օդանավով այնպես թռչել, ինչպես Շուշանը` առանց ձեռքերի։ Նա ուզում է Շուշանի հետ ճախրել ու հասկանալ կյանքը»:
Եզրափակելով իր խոսքը՝ Անի Փաշայանն ասաց, որ Ալիս Հովհաննիսյանի ներկայությունը պարտադիր ներկայություն է մեր գրականության համար՝ ոգևորող, օգնող և առաջ շարժող: Վստահեցրեց նաև, որ այսօր մեր արձակը լուրջ իրողություն է, մեր կողքին ապրում և ստեղծագործում են տաղանդավոր արձակագիրներ, ինչը շատ հուսադրող է: Երբ արձակն է ամուր, դա խոսում է գրականության կոփվածության մասին:
«Բագին» գրական-մշակութային հանդեսի խմբագիր Հակոբ Պալյանը հայ գրականությունը թարգմանելու և համաշխարհային գրական դաշտում ներկայացնելու առաջարկություն արեց: Ալիս Հովհաննիսյանի ստեղծագործությունները ներկայացրին դերասաններ Սոֆիկ Սարգսյանը, ԵԹԿՊԻ-ի ուսանողները: Համազգային պետական թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը «Կումայրի-Գյումրի-Լենինական» վեպից հատված ներկայացրեց մոնոներկայացման ժանրում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ