Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պահանջատիրական պիտի լինի իմ երգը, առավել ևս, Թուրքիայում»

«Պահանջատիրական պիտի լինի իմ երգը, առավել ևս, Թուրքիայում»
10.06.2014 | 11:12

Մեներգիչ, խմբավար ԳԷՈՐԳ ՀԱՃԵԱՆԸ Ցեղասպանության մոտեցող 100-ամյակին ընդառաջ բազմաթիվ մեծ ծրագրեր ունի` համերգային շրջագայություն, ձայնասկավառակի թողարկում: «2015-ին լրանում է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը: Ես մուսալեռցու թոռ եմ, համերգային շրջագայության հրավերներ ունեմ նաև Մուսալեռան հայրենակցական միության կողմից»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց Գէորգ Հաճեանը:
Մեր զրույցը լիբանանահայ երգչի հետ կոմիտասյան երգի մաքրության, երգի ուժի, ինքնաճանաչման, ազգային ծրագիր ունենալու գերխնդրի, պահանջատիրության մասին է:

-Ձեր երգացանկում հիմնականում հոգևո՞ր երգեր են:
-Իմ երգացանկում հայերեն երգն է առավելապես: Կոմիտաս վարդապետի բնութագրումով` հայի ողնաշարը հայ երգն է, և յուրաքանչյուր ող երգի մի տեսակ է ներկայացնում` ժողովրդական, ազգային-հայրենասիրական, հերոսական, հոգևոր, աշխատանքային, մայրական-օրորոցային, ռազմական և այլն: Այդ բոլորը իմ էության մասնիկն են: Միջազգային լսարանի համար համապատասխան երգացանկ ունեմ նաև օպերային և համաշխարհային դասականներից։
-Երգեր, որ միշտ եք ներկայացնում:
-Նախ և առաջ ասեմ, որ իմ մենահամերգներն ազգային պատկանելությունը պատգամելու, նաև իմ լսարանի հետ շփվելու գեղեցիկ առիթներ են: Քառասունից ավելի քաղաքներում ներկայացրել եմ Կոմիտասի «Հայաստան, երկիր դրախտավայրը», «Կիլիկիան», «Թող հնչեն շեփորք», Կոմիտասի վերջին ստեղծագործությունը` «Հայր մերը» («Աղօթք մանկան շուրթերով»)՝ Դանիել Երաժշտի մշակումով: «Ապրիլի 24» («Լա մինոր») երգը Դանիել Երաժիշտը գրել է լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի «Ապրիլի 24» վերնագրով բանաստեղծության (թարգմանությունը` Վահագն Դավթյանի) հիման վրա: Պրեմիերան Հայաստանում կայացավ 2009-ին, և հատկանշական է, որ այս երգը նվիրվում էր 1948 թ. ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման 60-ամյակին։ Իմ գրեթե բոլոր համերգների ընթացքում կատարում եմ այս երգը: Աշխարհը պետք է տեսնի, որ Ցեղասպանության ժխտողականության դեմ կարելի է պայքարել նաև արվեստով, այս պարագայում՝ հայ և օտար արվեստագետների բառերով գրված երգերով։
-Ի՞նչ կասեք հայաստանյան և սփյուռքի հանդիսատեսի մասին:
-ՈՒրիշ դիտանկյունից մոտենամ հարցին: Երբ խոսում են միայն հայ հանդիսատեսի մասին, լինի Հայաստանի մեջ, Արցախի կամ արտասահմանի, ինձ ուժ տվողն ամենից առաջ հայկականությունն է: Ես ծնվել եմ Լիբանան, Այնճար հայավանին մեջ, մուսալեռցի ծնողներիցս զատ, դաստիարակությունս ստացել եմ գյուղիս ազգային վարժարանում, ապա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Զարեհեան դպրեվանքում: Մեր ուսումնառության մեջ մեծ տեղ է հատկացվել ազգային, հոգևոր արվեստին, հայ ժողովրդի գերխնդիրներին` ազգային գիտակցություն, պահանջատիրություն, հողի սրբություն: Եվ այս բոլոր գաղափարներն ունեն իրենց երգերը: Դրանք ավելի ամրապնդվում են, երբ այդ երգերի կրողն ես դառնում: Առօրյայում մենք այդ երգերով ենք սնվում, ապրում, ուրախանում: Որպես ցեղասպանված և արմատախիլ տարահանված ժողովրդի մեկ մասնիկը` արտասահմանյան հանդիսատեսն այդ գաղափարների պահանջատերն է ու վկայությունների պաշտպանը, նաև՝ հայ երգով։ Իսկ հայաստանյան հանդիսատեսը ավելի շատ մասնագիտական դիտանկյունից է մոտենում հարցին։ Ես ընտանիքովս տեղափոխվել եմ Հայաստան: Համերգներ եմ ունենում Հայաստանում, Արցախում, և կարող եմ ասել հետևյալը. երբ ներկայացնում եմ Կոմիտաս, ականատես եմ լինում ժողովրդիս ինքնաճանաչ ստվար թվի, որ Կոմիտասն ու վերոհիշյալ երգերը ըմբոշխնում է և հոգեպարար ուրախանում: Եվ ես համոզվում եմ կրկնակի, որ Կոմիտասը հայի հավերժության գյուտն է արել: Կոմիտասը մեր երաժշտության մայրենին է, մեր ազգային հավերժության գաղտնիքը, չեմ հասկանում, ինչպե՞ս կարող ենք ձևափոխել կամ Կոմիտասը նորովի վերամշակել՝ այսօրվա հանդիսատեսի պահանջները գոհացնելու համար: Նոր բան են ուզում, թող ստեղծեն իրենցը, ոչ թե Կոմիտասի «Քելե-քելեն» ձևափոխեն:
-Դուք նշեցիք դրսում ապրող մեր հայրենակիցների հայրենապաշտության մասին: Որպես օրինակ, Սիրիայի դեպքերի ժամանակ տեղի հայերի քանի՞ տոկոսը բնակություն հաստատեց հայրենիքում:
-Շատ նուրբ հարց է, մենք ազգային ծրագրի գերխնդիր ունենք: Ամեն հայ հայրենասեր է, անկախ նրանից` Հայաստանո՞ւմ է ծնվել, թե՞ արտասահմանում, որովհետև մենք պատմական փորձ ունենք և բազմադարյա մշակութային արժեքների կրողն ենք: Խնդիրը հայի գիտակցությունը ի մի բերելը, հայերին մեկտեղ հավաքելն է, որը կոչվում է ազգային նպատակ, ազգային ծրագիր: Ներուժ ունենք, խնդիրը միախմբելու, մեկանալու մեջ է: Բոլոր առվակները պետք է հոսեն ու գան թափվեն մեկ հսկա առու` մեր ազգային նպատակների առուն: Չեմ փնովում, երբ հայը չի գալիս Հայաստան կամ գալիս է, նորից գնում: Ամեն մարդ իր կյանքի պայքարն ինքն է ընտրում: Բայց իմ խորունկ համոզմունքն է, որ եթե հայ ես, այդ պայքարը լինի քո սուրբ հողի վրա: Հայաստանից դուրս պայքարը գոյատևելու համար է, իսկ հայրենիքում` հավերժության համար: Իմ կարծիքով` մարդ միայն մեկ հայրենիք կարող է ունենալ: Այնճարը` իմ ծննդավայրը , բռնագաղթված մուսալեռցիների գաղթօջախն է: Այն կարող ես համեմատել առաջադեմ երկրների հետ` իր գեղեցկությամբ, մաքրությամբ, քաղաքակրթությամբ: Միակ բացասականն այն է, որ օտար հողի վրա է, որքան էլ Լիբանանը բարի, հյուրընկալ երկիր է ու հային հնարավորություն է տվել հայորեն ապրելու: Անգամ մի ժամանակ հայերենը պետական լեզուների շարքում ընդգրկվեց: Դա հայի ջանասիրությամբ է եղել:
-Պարոն Հաճեան, իբրև թարմ օրինակ, Քեսաբի հայերը չեն թողնում իրենց հողը: Այն վայրը, ուր ծնվել ես, ապրում ես, չի՞ դառնում քո տունը, քո երկրորդ հայրենիքը:
-Օրինակով փորձեմ պատասխանել: Իմ մեծ մայրը (մորս մայրը) Մուսալեռում է ծնվել: Մինչև վերջին շունչը հույս ուներ, որ կվերադառնան ծննդավայր` Մուսալեռ: Այնճարը ճահճախուտներից, եղեգնուտներից վերածել էին այսօրվա դրախտավայրին: Մուսալեռում նախնական կյանք էր, ջրի ծորակ չունեին անգամ, էլեկտրականություն, երթուղիներ չկային: Զարմանքով հարցնում էինք` այստեղ ամեն ինչ ունեք, այս արդիական կյանքից ուզում եք վերադառնալ նախնական կյանքի՞ն: Ասում էր` այնտեղ, ուր ծնվել եմ, աչքս բացել եմ, տեսել եմ ծառերը, շրջապատի առարկաները, դրանց մեջ է իմ ամբողջ պատկանելությունը: Մուսալեռցիներն ու քեսաբցիներն ունեն բավական մոտ գծեր, բարբառը նույնանման է, Կիլիկիայի նույն հատվածի ժողովուրդն են: Այնճարն իմ ծննդավայրն է, բայց իմ արմատներն ո՞ւր են՝ պապենական հողի մեջ: Դա իմ արժանապատվությունն է, պահանջատիրությունն ու հավերժության խորհրդանիշը: Այնճարը կարող է լինել որպես վերածննդի հող ինձ համար, ոչ թե լոկ ծննդավայր: Ես ասում եմ` մուսալեռցի եմ` ծնված Այնճարում: Հետևաբար, քեսաբցին ծնվել է Քեսաբում և ձգտում է Քեսաբ, որովհետև գիտի, որ պապենական ուժով ու պատգամով, եթե Քեսաբը թողնի, դուրս գա, ինքը կորցնելու է Կիլիկիայի տարածքի միակ ու վերջին մնացորդը համարվող հայահոծ գյուղաքաղաքը: Հակառակ նրան, որ Սիրիայի հողի վրա է, իր յուրահատուկ կենցաղը, իր ազգային նիստն ու կացը, իր երազած «ծովից ծով Հայաստանը» հետ բերելու վախճանական նպատակի մեջ է Քեսաբի հայության այսօրվա գոյապայքարը։
-Թուրքիայում համերգներ ունեցե՞լ եք:
-Թուրքիայում երբեք համերգ չեմ ունեցել: Հրավերներ եղել են, ասել եմ` կմտածեմ: Դեռ մտածում եմ: Մեծ երկվության մեջ եմ, պայքար կա ներսումս: Շատ արվեստագետներ գնում են, ամեն մեկն իր տեսակետն է բարձրաձայնում, հարգում եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ողջունելի է, երբ Գագիկ Գինոսյանն իր պարային «Կարին» խմբով Ստամբուլի օդանավակայանում յարխուշտա է պարում: Բայց ես պետք է երգեմ «Ապրիլի 24»: Ես, որպես երգիչ, ազատորեն պիտի բարձրացնեմ իմ ժողովրդիս մեկուկես միլիոն նահատակների արդարության ձայնը, չեմ կարող միայն «Տեր ողորմյա» երգել: Պահանջատիրական պիտի լինի իմ երգը, առավել ևս Թուրքիայում: Դա է իմ արյան կանչն ու պարտքը։ Եթե գնամ հայրենակիցներիս համար երգելու, հաշվի չեմ առնի, որ ցեղասպան երկրի մեջ եմ: Երբ մենք պետականորեն մեր երկաթյա զենքերն ուղղենք թուրքի դեմ, այդ ժամանակ կհնչի հայ երգը Թուրքիայում, որպես մշակութային փամփուշտ: Երգը դիվանագիտական խաղերի մեջ չեմ մտցնի: Երգը զենք է:
-Ի՞նչ կասեք երգերի ծագումնաբանության շուրջ վեճերի մասին:
-Մասնագետներին եմ թողնում վեճը, բայց, իմ կարծիքով, չենք կարող ուրանալ այն ժամանակաշրջանը, երբ նույն փողոցի մեջ և՛ հայն էր ապրում, և՛ թուրքը, և՛ եզդին, և՛ հրեան: Արևմտյան Հայաստանի մեր գյուղերը միայն հայերով չէին բնակեցված, և այդ համակեցութան մեջ բնական է, որ կար դրացիություն: Իսկ ո՞վ ասաց, որ դա միայն սուրճ խմելով էր: Այդ հարևանության մեջ տարածաշրջանի հոգեվիճակը կարող էր նույն ելևէջները ստեղծել և՛ հայի մեջ, և՛ թուրքի: Սակայն նույն տարածքի ելևէջների նույնացման պատասխանը Կոմիտասը տվեց, երբ նույն առվի ջուրը սկսեց զտել, ասելու համար` առվի այս երակը թուրքական է, այս մեկը` ասորական, մյուսը` հայկական: Այդ վեճերը միշտ էլ կլինեն: Եթե Կոմիտասով սնվենք, կարող ենք պաշտպանել հայ երգի ծագումնաբանությունը: Թուրքերն էլ իրավունք ունեն ասելու` մերն է, բայց չեմ հավատում, որ կարող էին նման երգեր ստեղծել: Երգաստեղծումը միայն բարի մարդու գործ է։ Ամեն օր հայտարարում են՝ այսինչ երգը մերն է, գրել է այսինչը, հայերը գողացել են: Բոլոր այդ երգերը հայերն են ստեղծել, ու այդ երգերն են թրքականացվել, պարսկականացվել:
-Իսկ հիմա արդյո՞ք հակառակ պատկերը չէ:
-Իսկ հիմա, դժբախտաբար, թուրքերն այնքան ուրախ են, որ հայը ավելի լավ է կլկլացնում հայերեն երգերը, քան թուրք երգիչները: Ազգային նպատակների գերխնդիրը, ինչի մասին ասում էի, միայն տնտեսական, ռազմական չէ, ազգային գերխնդիրը մանուկի` մոր արգանդում ձևավորվելու ժամանակից է սկսվում, մինչև իր կայացումը: Եթե դու ճիշտ ես տվել դա, երբեք չի շեղվի քո երեխան: Ազգային մեր գենոֆոնդին պետք է հոգ տանել մանկապարտեզներից սկսած և տներից։
-Ազգովին սպասում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին, մտավախություն չունե՞ք, որ մեր ամբողջ ներուժն ու սպասելիքները կենտրոնացնելուց հետո, եթե ոչինչ չփոխվի, հուսահատություն ու «անգործություն» կսկսվեն:
-Այստեղ կարևորը դաստիարակությունն ու քարոզչությունն է: Ինչպե՞ս ենք դաստիարակվել, ու ի՞նչ է ակնկալում հայ ժողովուրդը:
Ցեղասպանության 100-ամյակը կախարդական գավազան չէ, որ հենց 2015-ի ապրիլի 24-ը գա, նոր կյանք սկսվի: Հարց եմ տալիս` արդյո՞ք Սփյուռքում, Արցախում, Ջավախքում, Հայաստանում ամեն հայ, դպրոցից սկսած, իր չափով լուսաբանում է կատարվածը, ոչ փաստելու իմաստով (փաստը ոչ ոք չի կարող ուրանալ), պահանջատիրության, արդարության, դատապարտման, հատուցման: Որպես վերընձյուղված ժողովրդի զավակ, յուրաքանչյուր հայ, 100 տարի անց, իր կեցվածքով ի՞նչ ունի տալու այդ 100-ամյակին: Թե՞ տանը նստած սպասելու ենք, որ ափսեի մեջ ինչ-որ բան են մատուցելու:
-Կարծում եմ, պետական քաղաքականության խնդիր կա:
-Այդ քաղաքականությունը նաև դաստիարակությունն է, մենք պետք է բռունցքված ուժի վերածվենք, որ թշնամին վախենա, չիմանա՝ ինչ է թաքնված բռունցքի մեջ` ատոմային ո՞ւժ, ադամա՞նդ, թե՞ մեկուկես միլիոն հայության սիրտը` աննահանջ ու պայքարող: Ահավասիկ մարտահրավերները հայությանս։ Հետո անցնենք հարևանին դաշտը։

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ