Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հույսի տեսանելի լույսը

Հույսի տեսանելի լույսը
25.07.2014 | 10:30

Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հուլիսի 27-ին նշում է Պայծառակերպության կամ, այլ խոսքով` Այլակերպության տոնը: Այն եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է: Այս տոնը ժողովրդական լեզվով անվանում են Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես կոկոնի մեջ է ծածկված լինում գեղեցիկ վարդը և տեսանելի չի լինում, նույնպես և Հիսուսի Աստվածության պայծառությունը ծածկված էր մարդկանց աչքից: Եվ ինչպես վարդը բացվելով ամենքին հայտնապես երևում է, այնպես էլ մեր Տերը պայծառակերպելով հայտնում է իր Աստվածությունը: Այս տոնին միմյանց վրա ջուր լցնելու սովորության վերաբերյալ բացատրվում է, թե խորհրդանշում է ջրհեղեղը վերապրած մարդկությունը: Արդ, միմյանց վրա ջուր ցանելը կապում են ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ` դիտելով իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն: Նախաքրիստոնեական շրջանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի ու Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով և ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը: Սակայն, տոնի հետ կապված այս բոլոր ժողովրդական, նախաքրիստոնեական նշանակություններից բացի, Սուրբ գիրքը նշում է, որ դեռևս Եդեմի պարտեզում Աստված մարդկությանն ավետեց փրկության լուրը` բացահայտելով, որ աշխարհ է գալու սատանային ու մահվան պարտության մատնող Մարդու Որդին, ով լինելու է մեսիան` Փրկիչը. «Թշնամութիւն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. 3.15): Եվ բազմաթիվ դարեր անց Թաբոր լեռան վրա Երկնավոր Հայրը ևս մեկ անգամ վերահաստատեց արդեն իսկ իր խոստման տեսանելի իրականացումը, մարգարեական հույսի խոստում, որին Աստծուն հուսացողները սպասում էին: Ավետարանները պատմում են, որ Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին և բարձրացան լեռն աղոթելու: Նրանք լեռան անունը չեն նշում, սակայն Սբ. Կյուրեղ Երուսաղեմացին և մի քանի այլ հոգևոր հայրեր ասում են, որ պայծառակերպությունը եղել է Թաբոր լեռան վրա: Այս երեք աշակերտները մշտապես ջանում էին հնարավորինս շատ լինել Հիսուսի հետ, ավելին իմանալ և իրենց եռանդով առանձնանում էին, հատկապես Պետրոս և Հովհաննես առաքյալները: Հիսուսի Հարությունից հետո էլ երկուսով առաջինը շտապեցին դեպի դատարկ գերեզմանը (Հովհ. 20.3): Ալեքսանդր Մենն ասում է, որ Հիսուս ցանկանում էր հոգեպես ամրացնել ամենամոտիկներին, իմանալով, թե ինչպիսի փորձություններ են սպասվում առջևում: Ամենայն հավանականությամբ ուշ ժամ էր, քանի որ սովորաբար Հիսուս երեկոյան էր աղոթքի կանգնում (Մատթ. 14.23,25, Ղուկ. 6.12, 21.37, 22.39): Նրա աղոթքները պարզապես մեկ-երկու, տասը կամ քսան րոպե չէին տևում: Մարդկանց համար սովորաբար երկարատև աղոթական վիճակը կարող է դժվարին թվալ, բայց Հիսուս մարդկանց պես սահմանափակության մեջ չէր աղոթում: Նա, որպես օրինակ, ցույց էր տալիս, որ պարզապես աղոթքի ժամանակ Երկնավոր Հոր ներկայության մեջ ես գտնվում, որտեղ ամեն ինչ ասված է: Նույնիսկ խոսքեր և բառեր անհրաժեշտ չեն արտասանելու համար, քանի որ աստվածային ներկայությունում մտքի գերբնական արագության մեջ ամեն ինչ ասվում է, որովհետև դուրս ես գալիս երկրային սահմանափակումներից և հայտնվում տիեզերական անսահմանության մեջ, ժամանակից ու տարածությունից այն կողմ, րոպեներն ու ժամերը սլանում են ակնթարթի պես, որտեղ չկա ժամանակի զգացում և տարածության հասանելիության անկարողություն: Քանի որ առաքյալները այդ ժամանակ մեզ նման էին աղոթքի կանգնում, ու չէին կարողանում դուրս գալ մակերեսային աղոթական վիճակից, քնով էին ընկել, նիրհում էին, սակայն արթնանում են պայծառ լույսից: Հիսուսի տեսքն այլակերպվել էր, զգեստները լուսեղեն փայլով ճառագում էին: Նա, ով արեգակն էր ստեղծել և լուսապայծառ աստղերը, այժմ աշակերտների առջև փայլում էր արեգակի պես և ավելին` իբրև Արարիչ երկնքի ու երկրի: Հովհաննեսի Հայտնության գրքում մենք նմանատիպ դեպքի հանդիպում ենք, երբ առաքյալը փորձում է երկրային բառերով նկարագրել Հիսուսի աստվածային լուսեղեն, երկնային, աննկարագրելի կերպարը (Հայտն. 1.13-16): Այդ ապշեցուցիչ տեսարանի մեջ երևում են երկու մարգարեներ` Եղիան ու Մովսեսը, և խոսում Հիսուսի հետ նրա հետագա առաքելության վերաբերյալ: Մեկնիչներն ասում են, որ խորհրդանշական էր այս երկու մարգարեների հայտնվելը: Մովսեսը ներկայացնում էր հանդերձյալ աշխարհի մարդկանց, քանի որ մահացել էր մարմնով, իսկ Եղիան` երկրային աշխարհի մարդկությանը, որովհետև մահ չէր ապրել և այդպես երկինք էր տարվել, այսինքն` փրկագործությունը վերաբերում էր ամբողջական մարդկությանը` և՛ հանդերձյալում գտնվողների, և՛ երկրի վրա ապրողների համար: Նրանք Հիսուսի հետ քննարկում էին մարդկության փրկության ծրագիրը, Եդեմի պարտեզում տրված այն լուսավոր հույսի սպասումը, որ իրականություն պիտի դառնար այդ ժամանակներում: Եվ ամպի երևալն ու վսեմաշուք ձայնի հնչելը ազդարարում են մարդուն, որ Աստված չի մոռացել իր խոստումը և իրականացնում է` կարծես ասելով, թե ահա Նա, ում այդքան ժամանակ փափագել եք տեսնել և լսել. «Դա է իմ ընտրյալ Որդին, լսեցեք դրան» (Ղուկ. 9.35): Քրիստոսի պայծառակերպությունը նաև արտահայտում է գալիք մարդկության լուսեղեն կերպարը, որին արժանանալու են Քրիստոսի հետևորդները, ինչպես ասում է Սբ. Պողոս առաքյալը. «Այսպէս էլ գրուած է. առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի»: Բայց ոչ նախ հոգևորը, այլ՝ շնչաւորը և ապա՝ հոգևորը։ Առաջին մարդը՝ երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից։ Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս և հողեղէններն են, և ինչպէս երկնաւորը, նոյնպէս և՝ երկնաւորները։ Եւ ինչպէս որ կրեցինք հողեղէնի պատկերը, նոյնպէս և պիտի կրենք երկնաւորի պատկերը» (Ա Կորնթ. 15:45-49): Դրա համար առաքյալը հորդորում է. «Ամեն ինչ արեք առանց տրտնջալու և առարկելու, որպեսզի լինեք անբիծ և անարատ, Աստծու որդիներ, անմեղներ` կամակոր և խոտորված ազգի մեջ, ուր պիտի փայլեք ինչպես լուսատուներն աշխարհում» (Փիլիպ. 2.14-15): Բայց որպեսզի մարդիկ փայլեն որպես լուսատուներ, պարզապես պիտի ապրեն Տիրոջ պատգամած սիրո օրենքով և մաքուր, խոնարհ սրտով: Այդ մասին Հիսուս ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծը» (Մատթ. 18.3-4): Քրիստոսի լուսափայլ պայծառակերպությունը նաև այն հաստատումն է, որ Նա ասում էր հրեաներին. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետևից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը» (Հովհ. 8:12): Ի՞նչ է այդ լույսը` կյանք և զորություն, որ կենդանացնում և բովանդակություն է հաղորդում ամեն ինչի: Եթե մարդիկ ամբողջապես ընկալեին, որ այն արժեքները, որոնք համարում են առաջնային և փորձում դրանցով ապրել, դրանք բոլորն էլ կյանք են ստանում Քրիստոսի լույսից ու զորությունից, ապա մշտապես կկամենային, որպեսզի վեր լինեին այդ արժեքներից՝ ապրելով Քրիստոսի աստվածային հաղորդակցության լույսի մեջ: Արդ, երկնային իմաստությունը թող փայլատակի մեր հոգիներում, որպեսզի այս տոնը հիշատակելով մենք էլ մեր սրտերում ապրենք պայծառակերպություն և հոգևոր նորոգության այլակերպություն:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ