Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այնուամենայնիվ պահպանենք էթիկան

Այնուամենայնիվ պահպանենք էթիկան
03.10.2014 | 13:31

Ավարտվեց եվրոպական ակումբային ֆուտբոլի խմբային հանդիպումների երկրորդ տուրը: Սպասված, թե չսպասված անակնկալներ, բնականաբար, կան, ու հենց սրա մեջ է ֆուտբոլի հմայքը. բան չունեմ ասելու՝ ինչ-որ բաներում նյարդեր քայքայող, սակայն ֆուտբոլասերը ոսկորի պինդ տեսակ ունեցողներից է, կդիմանա:

A ԽՈՒՄԲ
Մադրիդի «Աթլետիկո»-«Յուվենտուս» հանդիպումը ոչ միայն խմբի, այլև եվրոպական ակումբային ֆուտբոլի երկրորդ օրվա թիվ մեկ խաղն էր: Առաջինում հունական «Օլիմպիակոսին» երեք միավոր զիջած մադրիդցիներին օդի պես էր անհրաժեշտ այս հաղթանակը, իսկ մինչ այդ ողջ մրցաշրջանում ոչ միայն պարտություն չունեցող, այլև գոլ բաց չթողած իտալացիների համար վատ տարբերակ չէր դիտվում անգամ մեկ միավորով տուն դառնալը: Չենք պնդում, բայց ոնց որ թե այս տրամաբանությամբ էլ նրանք մտել էին դաշտ ու վարձահատույց եղան բացասական իմաստով: Իսպանիայի չեմպիոնը Իտալիայի չեմպիոնին հաղթեց նվազագույն հաշվով:
Դժվար է որպես գլխից վեր թռչել բնութագրել «Մալմյոյի» արածը, բայց դե նա էլ բարեհամբույր չեղավ հյուրերի նկատմամբ ու «Օլիմպիակոսին» պատժեց դարպասի երկու գրավումով՝ սեփականը պահելով անառիկ: Արդյունքում խմբում բոլորն ունեն հավասար՝ երեքական միավոր ու, փաստորեն, ամեն ինչ սկսում են մաքուր էջից:

B ԽՈՒՄԲ
Մադրիդի «Ռեալը» շարունակեց չեմպիոնական գրաֆիկով ընթացքը՝ տանելով երկրորդ հաղթանակը, որին դժվար թե որևէ մեկը կասկածում էր: «Լյուդոգորեցը», բնականաբար, պարտվեց (1:2), որովհետև կողմերի քաշային կարգերն են միանգամայն տարբեր, բայց և սրանով հանդերձ արժանին մատուցենք նրան. առաջին գոլի հեղինակը դարձան հենց բուլղարացիները: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, նա առաջին տասնմեկմետրանոցը ձախողեց, երկրորդով ուղղեց սխալը: Խմբային մյուս հանդիպումում «Բազելը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ ու մերսիսայդցիների պես ունի երեք միավոր: «Լյուդոգորեցը» միավոր չունի:

C ԽՈՒՄԲ
Սեփական հարկի տակ հաղթեր «Զենիթը» «Մոնակոյին», կունենար վեց միավոր ու նկատելիորեն հանգիստ կլիներ ապագայի առումով: Սակայն ընթացիկ մրցաշրջանում բավական դժգույն խաղ ցուցադրող «Մոնակոն» պիտերցիներին զրկեց այդ հաճույքից (0:0) ու նրա հետ չորսական միավորով գլխավորում է խմբայինը, որտեղ «Պորտուի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակ տոնած «Բայերը» ոչ միայն բարելավեց իր վիճակը, այլև ցնցումների մեջ գցեց այդ նույն «Զենիթին» ու «Մոնակոյին», քանզի երեքից մեկը բացահայտ ավելորդ է Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու համար: Ինչ վերաբերում է «Պորտուին», նրա անվան դիմաց գրանցված զրոն ամենախոշոր անակնկալներից է: Համենայն դեպս՝ խմբային հանդիպումների կտրվածքով:

D ԽՈՒՄԲ
Դորտմունդի «Բորուսիան» աշխատեց հետ չմնալ բունդեսլիգայի առաջնությունում իր հիմնական մրցակցից ու նույնպես տարավ իր երկրորդ հաղթանակը: «Անդերլեխտը» սեփական հարկի տակ նրա առաջ ծնկեց 0։3 հաշվով: Շատ առաջ չընկնենք, սակայն տպավորություն է, որ «Բորուսիան» երկրի առաջնությունում վայրիվերումներով խաղերը կոմպենսացնում է Չեմպիոնների լիգայի հանդիպումներում կայուն մրցելույթներով: Սա հայ մարզասերներիս համար ուրախալի է, քանի որ Հենրիխ Մխիթարյանն աշխարհին իրեն ավելի շատ ցուցադրելու հնարավորություն կունենա:
Հաղթական հանդիպում ունեցավ և Լոնդոնի «Արսենալը»: Բոլոր դեպքերում խաղի 4:1 հաշիվը ստորացուցիչ էր նրա օրվա մրցակցի՝ «Գալաթասարայի» համար: Նկատենք, որ D-ն այն քիչ խմբերից է, որտեղ առաջին երկու տեղերի հիմնական հավակնորդները քիչ թե շատ նորմալ ընթացք են ապահովել: Վերապահումն արվել է «Արսենալի» կտրվածքով, որն առաջինում լոկ մեկ միավոր էր վաստակել, թեպետ նրանց խաղն ընթացիկ մրցաշրջանում առանձնապես կայուններից չես համարի:

E ԽՈՒՄԲ
«Մանչեստր Սիթի»-«Ռոմա» խաղից առաջ կողմերի միջև հանդիպումների վիճակագրությունը չափազանց տխուր էր վերջինիս համար՝ տասնչորս խաղ, ընդամենը մեկ հաղթանակ: Իսկ եթե հաշվի առնենք և այն, որ խմբայինում «քաղաքաբնակները» դաժան հաշվով էին պարտության մատնել ԲԿՄԱ-ին, իրավունք ունեինք սպասելու, որ «Ռոմային» ծանր խաղ է սպասում: Արդեն չորրորդ րոպեին «Սիթին» առաջ անցավ, սակայն առաջին խաղակեսում «Ռոման» վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հետագա զարգացումները որքան էլ սուր էին, դարպասի գրավում այլևս չարձանագրվեց: Խմբի մյուս՝ ԲԿՄԱ-«Բավարիա» հանդիպումում հյուրերը 1:0 հաշվով հաղթանակ տարան ու վեց միավորով առաջին հորիզոնականում են: Բավարացիներին չորս միավորով հաջորդում է «Ռոման», «Մանչեստր Սիթին» ունի մեկ միավոր: Դե, բանակայինների մասին էլ չենք ասում, որովհետև երկու պարտությունից հետո առավելագույնը, որ կարող էին ունենալ, զրո միավորն է:

F ԽՈՒՄԲ
«Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոն» խաղը և չափազանց գոլառատ ստացվեց, և շատ դրամատիկ ընթացք ունեցավ: Առանց իրենց գլխավոր հարվածային ուժի՝ Զլատան Իբրահիմովիչի, փարիզցիները հաղթեցին 3:2 հաշվով ու չորս միավորով գլխավորեցին աղյուսակը: Երեք միավորով մնացած կատալոնցիների համար սա հարկավ ծանր հարված էր ու նրանց այլ բան չի մնում, եթե ոչ իրենց վշտացրածներին սեփական հարկի տակ պատժելը: Ինչ վերաբերում է «Այաքսին», այն 1:1 խաղաց ԱՊՕԵԼ-ի հետ ու ակտիվում ունի երկու միավոր: Մեկ միավորով խմբի հետնապահն են կիպրոսցիները:

G ԽՈՒՄԲ
Ընդհանրապես ռացիոնալ խաղով աչքի ընկնող «Չելսին» (իհարկե, քանի դեռ չեն խոցել ինքնասիրությունը) նվազագույն հաշվով արտագնայում հաղթեց «Սպորտինգին» ու չորս միավորով ստանձնեց առաջատարությունը, քանի որ առաջին խաղից հետո նույնպես մեկ միավոր վաստակած «Շալկեն» «Մարիբորի» հետ խաղում խաղաց ոչ-ոքի՝ 1:1՝ խոշոր անակնկալ մատուցելով բոլորին: Ընդ որում, նկատենք, որ գերմանացիներն առաջինն են գնդակն ընդունել սեփական դարպասը, ու չլիներ սլովակների կոպիտ վրիպումը, հարց է, թե հանդիպումն ինչ ավարտ կունենար: Ինչևէ: Փաստորեն այստեղ էլ ամեն ինչ խճճված է ճիշտ այնպես, ինչպես C խմբում: «Չելսիին» հաջորդող «Մարիբորն» ու «Շալկեն» ունեն երկուական միավոր, մեկ միավոր է «Սպորտինգի» անվան դիմաց:

H ԽՈՒՄԲ
Կամային բարձր հատկանիշներով զարմացրեց «Պորտուն», որը խաղի ավելացված ժամանակահատվածում երկու անգամ գրավեց «Շախտյորի» դարպասն ու հանդիպումն ավարտեց 2:2 հաշվով: Ոչ-ոքին պորտուգալացիներին հնարավորություն տվեց մնալու խմբայինի առաջին հորիզոնականում: Նրանք ունեն չորս միավոր: Երկրորդը շատերի հաշվարկներից դուրս ԲԱՏԷ-ն է՝ երեք միավորով: Բելառուսները 2:1 հաշվով պարտության են մատնել Բիլբաոյի «Աթլետիկին»՝ նրան մեկ միավորով թողնելով չորրորդ հորիզոնականում: Երրորդը երկու խաղն էլ ոչ-ոքի ավարտած ուկրաինացիներն են: Ինչ խոսք, որ հետագա հանդիպումների արդյունքում այս խումբն էլ մեծ խմբագրումների կենթարկվի, սակայն այս է երկու հանդիպումներից հետո առկա իրողությունը:

ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐ՝ ԳՈՐԾՈՂ ԴԵՄՔԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԴԻԵԳՈ ՍԻՄԵՈՆԵ («Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ). «Տակտիկապես մենք շատ ինտելեկտուալ խաղ ունեցանք: Մենք նրանց թույլ տվեցինք մեր նկատմամբ պրեսինգ կիրառել ողջ դաշտով մեկ, ու դրա համար էլ «Յուվենտուսն» առաջին խաղակեսում լավ խաղաց: Ընդմիջումից հետո մենք առավել ագրեսիվ գործեցինք: Կարծում եմ՝ խաղը «բացվեց», երբ խաղադաշտ ելավ Գրիզմանը, ու մենք անցանք 4-4-2 սխեմային: «Յուվենտուսը» խմբի լավագույն թիմերից մեկն է»:
ՄԱՍԻՄԻԼԻԱՆՈ ԱԼԵԳՐԻ («Յուվենտուսի» գլխավոր մարզիչ). «Մենք պարտվեցինք խաղում, որտեղ լավ էինք գործում, սակայն լրջորեն վճարեցինք դրվագներից մեկում սխալի համար: «Յուվենտուսն» առավելություն ուներ հանդիպման առավելագույն մասում: Բայց և այնպես այս խմբում դեռևս ոչինչ որոշակիացած չէ: Մենք փլեյ-օֆ դուրս գալու գերազանց հնարավորություն ունենք, սակայն դրա համար անհրաժեշտ է հաղթել հաջորդ հանդիպումում»:
ՋԱՆԼՈՒԻՋԻ ԲՈՒՖՈՆ («Յուվենտուսի» դարպասապահ). «Կարծում եմ, որ որ ոչ-ոքին այդ հանդիպման առավել արդարացի արդյունքը կլիներ, սակայն ֆուտբոլում ամենափոքր դետալը կարող է որոշիչ դեր ունենալ: Եվրոպական ֆուտբոլում «Աթլետիկոյի» հետ պիտի հաշվի նստել: Այդ թիմի ուժն իր կոմպակտության ու հակագրոհների մեջ է, իսկ «Յուվենտուսն» արտագնա խաղերում պետք է ավելի ուժեղ խաղա»:
ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏԻ («Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ). «Մենք խաղացինք 4-4-2 սխեմայով, որովհետև Բեյլը հետևում աշխատելու շատ բան ուներ, իսկ Իսկոն խաղում էր ձախ թևում: Հարկ է նշել, որ մենք ռիսկի էինք դիմում՝ մրցակցի հակագրոհների դեմ հանդիման ելնելով, սակայն վերջնահաշվում Կասիլյասին հարկ եղավ թիմը միայն մեկ անգամ փրկել: Հիմնական կազմում փոփոխություններն արվել էին նրա համար, որ հանգիստ տայինք Կրոսին, Խամեսին ու Բենզեմային, ովքեր վերջին շրջանում շատ են խաղացել, ինչպես նաև թիմի մոտիվացիան պահպանելու համար»:
ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ (Մադրիդի «Ռեալի» դարպասապահ). «Մենք արագ գոլ բաց թողեցինք և հարկադրված էինք արագ «ուղղվել»: Հետո մեզ հաջողվեց փոխել խաղի ընթացքը: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք մրցաշարում: Նախկինի պես մեր ապագան մեր ձեռքում է: Այժմ մեզ սպասում է հանդիպումը «Լիվերպուլի» հետ: Նրանց հաղթանակ է անհրաժեշտ, դրա համար էլ ես չեմ կասկածում, որ այդ հանդիպումը շատ հետաքրքիր կլինի»:
ՍԵԲԱՍՏԻԱՆ ԿԵԼ (Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան). «Բավականին լավ խաղ եղավ, ու արդյունքն էլ լիովին վաստակված է: Մենք լավ անցկացրինք առաջին խաղակեսի առաջին երեսուն րոպեն, օգտագործեցինք գոլային պահը, այնպես որ դա լավ սկիզբ էր մեզ համար: Ստացվեց ողջ հանդիպման ընթացքում համագործակցված գործելը: Գերմանիայի առաջնության վերջին երեք տուրում մենք ընդամենը մեկ միավոր ենք վաստակել, սակայն մեզ հաջողվեց կենտրոնացված գործել «Անդերլեխտի» հետ խաղում, որոշ բաներ առավել լավ անել: Դա էլ մեզ օգնեց հաղթելու»:

ԱՄՓՈՓՈՒՄ
Իհարկե, դեռ վաղ է որոշակիորեն հեռու գնացող բաներից խոսելը, բայց պարզ է, որ խմբայինների ֆավորիտները կանեն իրենց գործն ու համեմատաբար թույլերին ցույց կտան նրանց երազանքների հնարավոր սահմանը: Սա այսպես էլ լինելու է: Սակայն ամբողջ հարցն այն է, որ առանձին խմբերում այդ ուժեղներից ոմանք հարկադրված կլինեն արդեն այս փուլում հրաժեշտ տալ Չեմպիոնների լիգային, քանի որ յուրաքանչյուր խմբից հետագա պայքարը կարող է շարունակել ընդամենը երկու թիմ:
Որո՞նք:
Հարկավ եթե ոչ հարյուր, գոնե իննսուն տոկոսի ճշտությամբ կարելի էր պատասխանել այս ավելի քան ռեալ հարցին, սակայն գոյություն ունի էթիկա, որի պահանջները պիտի պահպանել, որքան էլ որ ապրում ենք այդ նույն էթիկան ամեն քայլափոխի ոտնահարող ժամանակներում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ