Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չեմպիոններից վրիպեց միայն «Աթլետիկոն»

Չեմպիոններից վրիպեց միայն «Աթլետիկոն»
07.10.2014 | 11:05

Եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների առաջնություններում գործող չեմպիոններից տուրում պարտություն կրեց միայն Մադրիդի «Աթլետիկոն», ինչը, խոստովանենք, անակնկալների շարքից էր: Ինչ վերաբերում է «Պարի Սեն Ժերմենին», նա էլ առանձնացավ ոչ-ոքիով: Մնացածները, այսպես ասենք, իրենց գործին էին:


Իսպանիա
Լա լիգայում փայլուն մեկնարկած, նախորդ հանդիպումներում պարտության դառնությունն այդպես էլ չճաշակած «Վալենսիան» յոթերորդ տուրում հյուրընկալեց Մադրիդի «Աթլետիկոյին», որին նույնպես անծանոթ էր այդ դառնահամը: «Չղջիկները» միանգամից անցան գործի ու արդեն տասներեքերորդ րոպեին խաղը շահում էին երեք անպատասխան գնդակի առավելությամբ: Նման հաշվի պայմաններում, բնականաբար, տրամաբանական էր անցումը պաշտպանության, որովհետև, ինչ-ինչ, երկրի չեմպիոնը հարձակվել գիտի, ու դա որակյալ է անում: Սակայն այդ օրն «Աթլետիկոյի» կարողացած առավելագույնը հաշվի չորությունը թրջելն էր:
«Աթլետիկոյի» ուղին չկրկնեց նույնպես հյուր գնացած «Բարսելոնը», ինչի արդյունքում մադրիդյան մյուս թիմը՝ «Ռայո Վալեկանոն», ևս մնաց առանց վաստակած միավորի: 2:0 հաշիվը ձևավորվել է Մեսիի ու Նեյմարի խփած գոլերի արդյունքում:
Տուրում «Դեպորտիվոյի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը (4:1) «Սևիլիայի» առաջ բացեց երրորդ հորիզոնականի դռները: Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», այն պարզապես դաժան վարվեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ՝ հինգ անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը: Ռոնալդուն դարձել է հեթ տրիկի հեղինակ, տասներեք գնդակով գլխավորում է ռմբարկուների աղյուսակը: Տասնհինգ միավորով արքայական ակումբը չորրորդ հորիզոնականում է:

Գերմանիա
«Հանովերի» հետ խաղում բունդեսլիգայի միանձնյա առաջատար Մյունխենի «Բավարիան» հավատարիմ մնաց իրեն՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: «Բայերը» «Պադերբոռնի» հետ խաղում կարողացավ ընդամենը միավոր վաստակել (2:2)՝ խաղավարտին միայն խուսափելով պարտությունից, ինչից իսկույն օգտվեցին «Շալկեին» 2:1 հաշվով հաղթած «Հոֆենհայմն» ու «Մայնցի» հետ հանդիպումում միավոր վաստակած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (1:1): Նրանք ունեն տասներեքական միավոր:
Նորից անհասկանալի խաղ ցուցադրեց Դորտմունդի «Բորուսիան»՝ սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջելով առաջնության հետնապահ «Համբուրգին», որն այս հաղթանակից հետո տեղափոխվեց նախավերջին՝ տասնյոթերորդ հորիզոնական: Ասենք՝ մի երևելի դիրքում էլ չէ և «Բորուսիան», որը յոթ խաղից հետո նույնքան միավորով տասներեքերորդ տեղում է ու այդ նույն «Համբուրգից» առաջ է ընդամենը երկու կետով:

Ֆրանսիա
Արտագնայում հաղթանակն էլ ավելի ամրապնդեց «Մարսելի» առաջատար դիրքը: Սա նրա թվով յոթերորդ անընդմեջ հաղթանակն էր: Այս անգամ թույլ «օղակը» «Կանն» էր՝ 1:2: Մարսելցիների ակտիվում քսաներկու միավոր է, ինչը հինգով ավելի է երկրորդ տեղում ընթացող «Բորդոյի» ունեցածից (նվազագույն հաշվով պարտվել է «Ռեյմսին»): Տասնվեց միավորով երրորդը շարունակում է մնալ «Բորդոյի» պես տուրի հանդիպումը նույնպես պարտությամբ ավարտած «Լիլը» (0։3 հաշվով զիջել է «Լիոնին»):
Սպասվում էր, որ երկրի անցած տարվա փոխչեմպիոն «Մոնակոյի» հետ խաղում չեմպիոնը՝ «Պարի Սեն Ժերմենը», չեմպիոնական խաղ ցույց կտա, սակայն կողմերը բավարարվեցին մեկական անգամ միմյանց դարպասը գրավելով:


Անգլիա
Որքան էլ բիրմինգհեմյան «Աստոն Վիլան» ջանաց երկրի չեմպիոնի հետ խաղում, այդուհանդերձ սեփական մարզադաշտը գլխիկոր լքեց՝ հանդիպման վերջին տասը րոպեին բաց թողնելով երկու անպատասխան գնդակ: «Մանչեստր Սիթին» տասնչորս միավորով երկրորդ հորիզոնականում է: Ինչ վերաբերում է առաջատարին, լոնդոնյան դերբիում «Չելսին» նորից կանգնեց «Արսենալի» ճանապարհին: Այստեղ նույնպես գրանցվեց 2:0 հաշիվը: Հատկանշական է, որ նորից գոլային ծարավով առանձնացավ թիմի այս տարվա ձեռքբերումը՝ Դիեգո Կոստան, դրանց ընդհանուր քանակը հասցնելով իննի: Այս հաղթանակից հետո «արիստոկրատներն» ունեն տասնինը միավոր:
Չնայած արտագնայում «Տոտենհեմից» կրած պարտությանը (0:1)՝ «Սաուտհեմտոնը» տասներեք միավորով շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում, թեև տագնապելու քիչ բան չունի. թիկունքում է հետապնդողների պատկառելի բանակ, ու նրանց մեջ խաղն աստիճանաբար հունի բերող «Մանչեստր Յունայթեդը», որը 2:1 հաշվով առավելության հասավ «Էվերտոնի» նկատմամբ:

Իտալիա
Առաջնության վեցերորդ տուրը պատասխանելու էր, թե մինչ այդ բացառապես հաղթանակներ տոնած «Յուվենտուս»-«Ռոմա» երկյակից որ մեկն է ունենալու միավորների առաջին կորուստը: Հասկանալի է, որ ոչ-ոքին ևս բացառված տարբերակ չէր, բայց դե: Այս խաղում ինչ եղավ, լիուլի եղավ: Գոլե՞րը: Հինգն էին: Տասնմեկմետրանոցնե՞րը: Երեքը: Զգուշացումնե՞րը: Յոթը: Հեռացումնե՞րը: Երկուսը: Մի խոսքով՝ ոչնչի պակաս չկար, այդ թվում՝ հետաքրքիր, դինամիկ ֆուտբոլի, սուր կոմբինացիաների ու իմպրովիզների, ինչպես նաև մրցավարական խիստ կասկածելի որոշումների: Այս ամենի արդյունքում «ծեր սինյորան» ստանձնեց միանձնյա առաջատարությունը, սակայն որ «Ռոման» չեմպիոնության համար լինելու է նրա թիվ մեկ մրցակիցը, անկասկածելի է: Ինչ վերաբերում է առաջատար եռյակը կազմած երրորդին, այն «Ատալանտային» նվազագույն հաշվով հաղթած «Սամպդորիան» է տասնչորս միավորով: Իհարկե, այդ երրորդը կարող էր լինել «ՈՒդինեզեն», սակայն «Չեզենայի» հետ խաղում բավարարվեց մեկ միավոր վաստակելով (1:1):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ