Չեմպիոնների լիգայի այսօր-վաղը կայանալիք մեկ քառորդի պատասխան խաղերից առաջ ներքին առաջնություններում «Մանչեստր Սիթին» պարտվում է, Մադրիդի «Աթլետիկոն» ու Դորտմունդի «Բորուսիան»` ոչ-ոքի խաղում: Փոխարենը, ասես դիմացը որոշիչ ոչինչ չկա, և ուժեր խնայել պետք չէ, հաղթական գրաֆիկից մազ իսկ չեն շեղվում «Բարսելոնը», «Արսենալը», «Մոնակոն», «Յուվենտուսը», «Բայերը» (ընդ որում, խաղային օրացույցով պայմանավորված, առաջին երկուսն ուժերը վերականգնելու ավելի քիչ ժամանակ ունեն ձեռքի տակ): Իհարկե, մենք չենք ասում, թե պարտվելիս կամ ոչ-ոքի խաղալիս թիմն էներգիա չի ծախսում, բայց համաձայնեք, որ հաղթանակի, ասել է թե գրոհելու դեպքում էներգածախսը շատ ավելի է լինում, ու ինձ ավելի թափանցիկ օրինակների մի դրդեք` ոչ մեկդ էլ երեխա չէ:
Իսպանիա
Լա լիգայի նորաթուխ առաջատարը` «Բարսելոնը», առանց մեծ ջանքերի գործադրման 2:0 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ: Երկու գոլի հեղինակն էլ Լեո Մեսին է` 32 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուն: Առաջ անցնելով` նշենք, որ կատալոնյան ակումբն առջևում ունի երկու լարված խաղ` մեկը Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի շրջանակներում հանդիպումն է «Մանչեստր Սիթիի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 2։1 հաշվով, մյուսը Մադրիդի «Ռեալի» հետ է, որը, ըստ էության, հավասարազոր է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի:
2:0 հաշվով հաղթանակի հասավ նաև «Ռեալը» ու «Բարսելոնից» շարունակում է հետ մնալ մեկ միավորով: «Լևանտեի» հետ խաղում Ռոնալդուին չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ, ու ռմբարկուների ցուցակում նա հետ է Մեսիից արդեն երկու գոլով, մինչդեռ ընթացքում պահ կար, երբ պորտուգալացին արգենտինացուց առաջ էր տասնութ գնդակի առավելությամբ: Ահա այսպիսի բաներ:
«Էսպանյոլ»-«Աթլետիկո» խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ սա նշանակեց, որ Սիմեոնեի սաները հրաժեշտ տվեցին աղյուսակի երրորդ հորիզոնականին, քանի որ նախօրեին 2:0 հաշվով «Դեպորտիվոյի» նկատմամբ առավելության հասած «Վալենսիան», ունենալով 57-ը, մադրիդցիներից արդեն առաջ է մեկ միավորով:
Անգլիա
Ամենամեծ անակնկալը մատուցեց պրեմիեր լիգայում մնալու համար կենաց-մահու պայքար մղող «Բառնլին», որը 58 միավորով երկրորդ տեղով ընթացող «Մանչեստր Սիթիին» պարտադրեց ճաշակել պարտության դառնությունը` 1:0: Ճիշտ է, հաղթանակը տանտերերին հնարավորություն չտվեց դուրս գալու մահվան եռյակից, սակայն երկրի գործող չեմպիոնի քիթը տրորելը կարող է հզոր ազդակ դառնալ սեփական ուժերի նկատմամբ հավատը վերագտնելու ճանապարհին:
«Քաղաքաբնակների» պարտությունից առավելագույնս օգտվեց «Վեստ Հեմին» հյուրընկալած ու երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթած «Արսենալը», որին երկրորդ տեղից արդեն մեկ միավոր է բաժանում:
Արսեն Վենգերի սաների հետ մեդալային լուրջ հավակնություններ է պահպանում և «Մանչեստր Յունայթեդը»: «Տոտենհեմի» նկատմամբ հաղթանակից հետո (3:0) այն շարունակում է ծանր շնչել իրենից երրորդ հորիզոնականը խլած լոնդոնցիների թիկունքին: Վան Գալի սաների ակտիվում է 56 միավոր:
Ինչ վերաբերում է «Չելսիին», «Սաուտհեմտոնի» հետ ոչ-ոքիից հետո (1:1), որը բնավ էլ ուրախություն չբերեց Մոուրինյոյին, 64 միավորով առաջին հորիզոնականում է` պլյուս պակաս անցկացրած մեկ խաղը: Ի դեպ, «սրբերի» հետ հանդիպումը համընկավ լոնդոնյան ակումբի հիմնադրման 110-ամյակին, ու այդ ոչ-ոքին ևս մեկ անգամ «շոյեց» Մոուրինյոյի ինքնասիրությունը: Ինչևէ: «Չելսիի» պարագայում մի բան է ակնհայտ` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը հրաժեշտ տալուց հետո ամբողջովին ծանրանալու է չեմպիոն դառնալու վրա ու դրանից մնացածների համար հաստատ քաղցր չի լինելու:
Գերմանիա
Հերթական հաղթանակը «Բավարիային» բերեց հերթական երեք միավորը: Մյունխենցիներն այս անգամ պարտության մատնեցին Բրեմենի «Վերդերին»` նրա իսկ դաշտում առավելության հասնելով անպատասխան չորս գնդակի առավելությամբ:
Անպարտ հանդիպումներ ունեցան և մրցաշարային աղյուսակում նրան հետապնդող «Վոլֆսբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Առաջինը 3:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին», երկրորդը` «Հանովերին»` 2:0: 53 միավոր ունեցող «գայլերը» մյունխենցիներից հետ են 11 ու մյոնխենգլադբախցիներից առաջ են 9 միավորով:
Իտալիա
Սկուդետոյում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում միայն երկրորդ-երրորդ տեղերի համար ծավալվող մրցակցությունը, քանի որ չեմպիոնության համար պայքարում «Յուվենտուսը» մնացածների համեմատ զգալի ամրության պաշար ունի, ու դժվար էլ այն կորցնի: Ասվածի հավաստումը եղավ հյուրընկալվելիս հաղթանակը «Պալերմոյի» նկատմամբ ու ոչինչ, որ նվազագույն հաշվով. միևնույն է` դրանից երեք միավորը չի կորցնում իր թվային արժեքը:
Տուրում ձախողվեց եռյակում տեղ գտնելու համար պայքարող «Նապոլին»` արտագնայում 0։2 հաշվով զիջելով «Վերոնային»: Ճիշտ է, նրա պես 46 միավոր ունի և երրորդ հորիզոնականում գտնվող «Լացիոն», որը երեկ հյուրընկալվել էր «Թուրինին»: Երեկ ուշ երեկոյան հանդիպում ուներ և 50 միավորով երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռոման»: Մրցակիցն էր «Սամպդորիան»: Առաջ անցնելով` ասենք, որ այդ հանդիպումներն ի զորու չէին փոփոխություներ կատարելու մրցաշարային աղյուսակում թիմերի ունեցած դասավորությունում:
Ֆրանսիա
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու ուրախության գլխապտո՞ւյտն էր, անխնա ծախսված էներգիա՞ն էր, թե՞ երկուսի մեկտեղումն էր պատճառը, համենայն դեպս, փաստը մնում է այն, որ ներքին առաջնության չեմպիոնության պայքարում «Պարի Սեն Ժերմենը» «Բորդոյի» հետ արտագնա խաղում կորցրեց կարևոր երեք միավոր` 2։3 Իհարկե, այս պարտության մեջ էական դեր խաղաց Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի ծանրագույն խաղը «Չելսիի» հետ, որտեղ փարիզցիները, հաշված նաև օվերթայմի երեսուն րոպեն, տասը հոգով փաստացի խաղացին ութսուն րոպեից ավելի:
«Պարի Սեն Ժերմենի» ունեցած միավորների կորուստը հրաշալի հնարավորություն էր ընձեռել «Մարսելին» փարիզցիներին հասնելու համար` պայմանով, որ «Լիոնի» հետ խաղում կվաստակեն երեք միավոր, սակայն «Լիոնը» դա չափից ավելի մեծ երջանկություն համարեց տանտերերի համար` գտնելով, որ մեկ միավորն էլ լիուլի բավական է կատարյալ երջանիկ լինելու համար: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: «Լիոնը» ունի 58 միավոր, երկու միավորով նրանից հետ է «Պարի Սեն Ժերմենը», որն իր հերթին նույնքան միավորով առաջ է «Մարսելից»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ