Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ապրիլի 24-ը չպետք է դառնա քաղաքական շահարկման առիթ»

«Ապրիլի 24-ը չպետք է  դառնա քաղաքական շահարկման առիթ»
10.04.2015 | 00:58

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը իշխող մեծամասնությունը քաղաքական հետապնդում չի որակում, ավելին, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ ՀՀԿ-ն բացահայտ դրականորեն է տրամադրված ՀԽ-ի անդամների ձերբակալման փաստին: Նրանցից ցանկացանք պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված այսպիսի տրամադրվածությունը:

«ԱՆԱՐԽԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐՎԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ»

ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ինչո՞ւ մասսայականություն չվայելող քաղաքական այդ ուժի անդամները ձերբակալվեցին: Իշխանությունն ինչի՞ց զգուշացավ:
-Չեմ կարող ասել՝ ինչու ձերբակալեցին, բայց հստակ կարող եմ ասել, որ դա անարխիստական շարժում է, որը լավ բան չէր խոստանում:
-Այնքան «անարխիստ» էին, որ պետք է ձերբակալվեի՞ն:
-Ձերբակալման հիմքերի մասին պետք է հարցնեք ձերբակալողներին: Ո՛չ ձերբակալողն եմ, ո՛չ էլ ազատողը:
-Ասում եք` «անարխիստական շարժում»: Ինչո՞վ է անարխիստական:
-Ծայրահեղական կոչեր էին անում Ապրիլի 24-ի հետ կապված: Որպես հայ մարդ կարծում եմ` Ապրիլի 24-ը ոչ մի պայմանով չպետք է դառնա քաղաքական կամ այլ հարցերի շահարկման առիթ: Կարելի էր Ապրիլի 24-ից հետո միտինգ, իշխանափոխության կոչեր անել:
-Այսինքն, եթե Ապրիլի 24-ից հետո լինեին այդ կոչերը, դրանցում անարխիա չէ՞ր լինի, ձերբակալություններ էլ չէի՞ն հետևի:
-Խնդիրը Եղեռնի 100-րդ տարելիցն է, որը ոչ մի բանի հետ պետք է կապ չունենա: Համազգային սգո օր է: Իսկ անարխիզմին միշտ էլ պետք է վերջ դրվի: Ինչո՞ւ է այդ ուժը ընդամենը վերջին երկու ամսում ակտիվացել, այն դեպքում, երբ բոլորիս ուշադրությունը սևեռված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ընդհանրապես, անարխիզմը պետք է արմատախիլ արվի ցանկացած երկրում:

«ՆՐԱՆՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԱՆՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՏԱՆ»

ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Այս օրերին ՀԽ անդամների ձերբակալմամբ աղմուկ բարձրացնելը իշխանության ինչի՞ն էր պետք:
-Աղմուկ ստեղծելու խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ, այդ ձերբակալությունները տեղին էին: Ի՞նչ է նշանակում փորձել Ապրիլի 24-ն օգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակներով, անկարգություններ անել: Ամբողջ Հայաստանով մեկ մարդկանց ուզում են ոտքի հանել, սա ի՞նչ է նշանակում: Դա համարում եմ հակապետական, հակահայկական քայլ:
-Եթե Ապրիլի 24-ից հետո արվեին այդ քայլերը, նորմա՞լ կլիներ:
-Ընդհանրապես, Ապրիլի 24-ը կապ չպետք է ունենա որևէ քաղաքական ուժի ծրագրերի հետ: Իսկ եթե իշխանափոխություն են ուզում անել, դրա համար մեկ ճանապարհ կա` ընտրություններ: Խնդրեմ, ով ցանկություն ունի, թող մասնակցի այդ գործընթացին:
-Իսկ ձերբակալման համար բավարա՞ր են արդյոք հիմքերը:
-Իրավապահ մարմինները պետք է ասեն՝ հիմքերը բավարա՞ր են, թե՞ ոչ: Նրանց կեցվածքն անընդունելի էր հայ ժողովրդի մեծամասնության համար:
-«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարել է, որ եթե անգամ իրենց որոշ անդամների ձերբակալել են, միևնույն է, պայքարը շարունակելու են:
-Հենց դրա համար է պետք բոլորին ձերբակալել:
-Ընդդիմադիր շարժում է և այդպես է փորձում «ընդդիմանալ», ինչպե՞ս կարելի է բոլորին բռնել ու ձերբակալել:
-Եթե ընդդիմություն են, թող իրենց գործն անեն, ոչ թե Ապրիլի 24-ի օրով անկարգություններ ծրագրեն: Նրանց ամբողջ նպատակը հենց դա է: Նրանք ընդհանրապես Ապրիլի 24-ի անունը չպետք է տան:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ