Ապրիլի 16-ին իր ուղիղ կապից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակել է պատասխանել հարցերի, այս անգամ՝ լրագրողների: «Այս տարի Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ են նշելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 70 ամյակը: Ի՞նչ նշանակություն ունի հոբելյանը համատեղ նշելը» հարցին ՌԴ նախագահը ընդարձակ պատասխան է տվել: Նա նշել է, որ ԽՍՀՄ-ը և ՉԺՀ-ն այն երկրներն են, որ առավել մեծ կորուստներ են ունեցել նացիզմի ու ճապոնական միլիտարիզմի դեմ պայքարում և ուս ուսի են պայքարել ընդհանուր հաղթանակի համար, ուստի բնական է, որ համատեղ են տոնը նշում, տոն, որի նպատակը ոչ միայն վետերաններին հարգանքի տուրք մատուցելն է, այլև ներկա սերունդներին նացիզմի ու միլիտարիզմի մերժողականության ոգով դաստիարակելը, որպեսզի այլևս երբեք երկու երկրների, մարդկության պատմության մեջ ընդհանրապես նման ոչինչ չլինի:
Իսկ ուղիղ կապի ժամանակ պատմական գիտությունների դոկտոր Միխայիլ Մյագկովի հարցին, թե ինչո՞ւ մայիսի հաղթանակի 70-ամյակին պետությունների շատ ղեկավարներ Մոսկվա չեն գա, Պուտինը պատասխանեց. «Դա յուրաքանչյուրի կոնկրետ ընտրության հարցն է: Ինչ-որ մեկը չի ուզում, ինչ-որ մեկին «վաշինգտոնյան քաղկոմը» թույլ չի տալիս, թեպետ շատերն են ուզում գալ: Դա ընտրություն է, և մենք յուրաքանչյուրի ընտրությանը հարգանքով ենք վերաբերվում: Եթե մարդիկ որևէ ձևով կցանկանան հարգանքի տուրք մատուցել նացիզմի զոհերին և նացիզմին հաղթողներին ու ազատարարներին, մենք կողջունենք, կրկնում եմ, որևէ ձևով, ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում: Ով ուզում է՝ թող գա: Ով չի ուզում, թող չգա: Մենք նշում ենք մեր տոնը»: