Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվրոպան օազիս է՝ շրջապատված վառոդի տակառներով

Եվրոպան օազիս է՝ շրջապատված վառոդի տակառներով
09.11.2015 | 11:55

Ընտելացած լինելով կենտրոնանալ Եվրամիության ներքին խնդիրներին, մենք մեզ հաշիվ չենք տալիս, որ արտաքին խնդիրներն ավելի կարևոր են: Եվրոպան օազիս է՝ շրջապատված վառոդի տակառներով: Առաջին անգամ չէ, որ երկնքում ամպեր են կուտակվում, բայց որոշ փաստեր ստիպում են մտածել: Առաջինը՝ մայր ցամաքում մշտապես սրվող անկայունությունն է: Երկրորդ՝ մենք սկսում ենք զգալ ոչինչ չանելու հետևանքները: Երրորդը՝ մենք արդեն չենք կարող Ատլանտյան օվկիանոսի այն ափից ու ՆԱՏՕ-ից սպասել, որ նրանք մեզ համար կրակից շագանակներ կհանեն: Հպանցիկ հայացքը Եվրոպայի հարավից արևելք (մնացածը օվկիանոսն է), հյուսիսից մինչև Ռուսաստանի հյուսիս ձգվող աղեղին ստիպում է մտածել, որ Մարոկկոն է միակ երկիրը, որտեղ չկան վտանգավոր կոնֆլիկտներ: Ալժիրից մինչև Եգիպտոս, փոքրիկ, բայց ոչ անվտանգ Թունիսի բացառությամբ, Մագրիբի նշանակալից հատվածում ուժեղացող քաոսն է, որ ծնվում է տարբեր խմբավորումների պայքարից: Հողին հանձնելով «արաբական գարունը»՝ Եգիպտոսը նորից դարձավ ռեպրեսիվ ռազմական բռնապետություն, Արևմուտքի դաշնակից, որ քիչ է մտածում սեփական ժողովրդի մասին: Խորացող աղքատությունը իսլամիստների իշխանության հետ կարող է պայթյունի հանգեցնել: Մերձավոր Արևելքում անհետացան պաղեստինյան պետության կենսունակության հույսերը: Եթե Սիրիայի պատերազմի սարսափը արագ ավարտվի էլ, դա կլինի շնորհիվ Ռուսաստանի միջամտության՝ ի պաշտպանություն բռնակալի: Թուրքիան դառնում է առավել անհարմար դաշնակից, որ ավելի ու ավելի է հակվում դեպի ավտորիտարություն, որը դժվարությամբ է պահպանում ժողովրդավարության որակները և արդեն չի թաքցնում տարածաշրջանային տերություն դառնալու մտադրությունները:

Ավելի մեծ պրոբլեմ է դառնում Ռուսաստանը: Խնդիրը միայն Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը չէ, որ միջամտում է ՈՒկրաինայի իրադարձություններին, այլ՝ ռուսական տնտեսության անկենսունակությունը: Իր թվացյալ մեծապետականությամբ՝ Ռուսաստանն ավելի թույլ է, քան թվում է՝ ՌԴ ՀՆԱ-ն ընդամենը մեկուկես անգամ է ավելի Իսպանիայից, իսկ բնակչությունը երեք անգամ շատ է: Ռուսաստանը մեծ կախում ունի ածխաջրածինների գնից և չունի զարգացման մոդել: Ռուսաստանում լիովին հնարավոր է լայնամասշտաբ սոցիալական ճգնաժամը: Որքան էլ Forbes-ը (որ ռազմական ուժն ու իրական հզորությունը խառնում է) Պուտինին համարում է անվանի ամենահզոր մարդն աշխարհում, նա այդպիսին չէ, որովհետև կառավարում է միջին մակարդակի տերություն, որը զիջում է Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային:
Քանի դեռ սիրիացի փախստականները կուտակվում էին շրջակա երկրներում, պատերազմը քիչ էր անհանգստացնում եվրոպացիներին: Բայց երբ Թուրքիան սկսեց հարյուր հազարավոր փախստականների ուղարկել մեր մայր ցամաք, ակնհայտ դարձավ առավել արդյունավետ, միասնական ու հստակ քաղաքականության մշակման ու իրականացման անհրաժեշտությունը: ՈՒղղակի սպառնալիքի վտանգը մեծ չէ, բայց անկայունությունը մեծանում է այնքան, որքան ժողովրդավարական հեռանկարները մշուշոտ են դառնում կամ իսպառ անհետանում են: Իրաք ներխուժման ձախողումից հետո՝ ամերիկյան ռազմավարության մեջ շրջադարձ եղավ նվազագույն միջամտության կողմը: ԱՄՆ-ը չի հրաժարվում համաշխարհային ժանդարմի դերից, բայց ոչ վաղուցվա տխուր փորձից համոզվելով նորպահպանողականների քաղաքականության սխալ լինելու մեջ, գերադասում է հեղաշրջումների ճանապարհով գնալ՝ հանուն պրոբլեմների սրության նվազման: Ակնառու օրինակ է Իրանի հետ համաձայնագիրը: Այս դիրքորոշումը դրական տարրեր ունի՝ նվազեցնում է զինված առճակատման ռիսկը՝ ստիպելով Եվրոպային հանդես գալ իբրև գլխավոր քաղաքական խաղացողներից մեկը, եթե ոչ միջազգային ասպարեզում, մայրցամաքային՝ հաստատ: Եվրոպան պետք է վարի առավելագույն հակապատերազմական քաղաքականություն: Հաճախ պատժամիջոցներն են արդյունք տալիս: Երրորդ աշխարհի երկրներին օգնության 65 %-ը Եվրոպայից է գնում, սակայն արտաքին քաղաքական դաշտում գործողությունների համար քաղաքական ղեկավարների հեռատեսությունը միայն շատ քիչ է: Հարավսլավիայի ու Սիրիայի փորձը ցույց է տալիս, որ երբեմն ռազմական ներխուժումը թույլ է տալիս խուսափել մեծ չարիքից, մասնավորապես՝ բնակչության դժբախտություններից այն երկրներում, որոնց տարածքում ռազմական բախումներ կան: Չնայած եվրոպական երկրների ընդհանուր մեծ մարտունակությանը, որից բարձր միայն ԱՄՆ է (որոշ ոլորտներում՝ շատ քիչ), գոյություն չունեն եվրոպական կազմակերպված զինված ուժեր, որ տիրապետեին ռազմական գործողություններ իրականացնելու նշանակալից հնարավորությունների: Գոյություն չունեն ոչ եվրոպական բանակներ, ոչ եվրոպական ռազմածովային ուժեր:
Ի՞նչ կարող է Եվրոպան հակադրել իրեն շրջապատող վառոդի տակառներին: Մերձավոր ապագայում՝ ոչինչ: Համարյա ոչինչ: Մենք պիտի հույս ունենանք,որ այդ տակառները չեն պայթի: Կամ էլ՝ մոմ պիտի վառենք, որ Գերմանիան՝ առավելագույնս պատրաստված ու նվազագույն եսակենտրոն եվրոպական երկիրը, առավել մեծ դեր խաղա արտաքին անվտանգության ոլորտում: Իբրև քաղցրաբլիթ՝ կարելի է Թուրքիային ընդունել ԵՄ՝ փոխարենը պահանջելով, որ չգլորվի դեպի իսլամիզմ ու դադարեցնի փախստականների հոսքը: Ահա այսպիսի փոքրիկ ու մի քիչ երկիմաստ սկիզբ մեծ գործի:
Խավիեր ԲՐՈՒ ԴԱ ՍԱԼԱ «El Periodico», Իսպանիա


Հ.Գ. Հայացք Իսպանիայից՝ Եվրոպային, որ իսկապես ստիպում է մտածել: Մտածել, թե ինչ է կատարվում Եվրոպայում, որ սրընթաց փոխվող աշխարհում շարունակում է ապրել Հին աշխարհի իր փափուկ բարձերի վրա ու հազիվ կիսաբաց է անում աչքերը՝ շուրջբոլորը նայելու համար, որովհետև իր տարածքում չունի պատերազմ: Մերձավոր Արևելքի պատերազմին Եվրոպան առնչվեց միայն փախստականների տեսքով ու արդեն սկսեց ճեղքեր տալ՝ քաղաքականապես ու տնտեսապես: Իսկ գուցե իսկապես այս անգամ փոփոխությունները Արևելքից Արևմուտք են գնալու և ստիպելու են վերագնահատել ոչ միայն ֆինանսական ու տնտեսական, ռազմական հնարավորությունները, այլև արժեքները, որոնց դավանելը հասցրել է այդ վիճակին: Իրենց ու մնացած աշխարհին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ