Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«91-ից հետո ընտրական գործընթացների հանդեպ վստահությունը կորել է»

«91-ից հետո ընտրական գործընթացների հանդեպ վստահությունը կորել է»
25.12.2015 | 01:37

Հանրաքվեից հետո ներքաղաքական կյանքը կարծես դադար է վերցրել` նոր «փոթորիկներին» դիմակայելու համար: Հետհանրաքվեային քննարկումները պտտվում են նույն հարցի շուրջ` արդա՞ր անցկացվեց հանրաքվեն, թե՞ տեղի ունեցան լայնամասշտաբ կեղծումներ: «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարները, ըստ այդմ, բաժանվել են երկու մասի, ու ամեն մեկն իր «ճիշտն» է պնդում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում անդրադարձավ ներքաղաքական այսօրվա զարգացումներին:

-Իշխանությունը հավաստիացնում է, որ հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումներն էական ազդեցություն չեն կարող ունենալ արդյունքների վրա, իսկ ընդդիմությունն էլ հակառակն է պնդում: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ:
-Ինձ համար այդ ամենում առավել կարևորն ու էականն այն էր, որ հանրաքվեն անցկացվեր շատ թափանցիկ, լիներ ընդունելի, վստահություն ներշնչեր: Այս պարագայում այնքան էլ էական չէր լինի` «այո՞»-ն է հաղթել, թե՞ «ոչ»-ը։ 91-ից հետո ընտրական գործընթացների, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը կորել է, մեզ չհաջողվեց այնպիսի ընտրություններ, հանրաքվեներ անցկացնել, որ վստահության ռեսուրսը չոչնչանար: Այս անգամ էլ հերթական ձևախեղված հանրաքվեն էր, որը մսխեց հասարակության վստահության վերջին ռեսուրսը: Սա վիճահարույց հարց չէ: Գաղտնիք չէ` սակավաթիվ միջազգային դիտորդներ փաստել են, որ անգամ իրենց ներկայությամբ կոպիտ խախտումներ են եղել, որոնց առնչությամբ հրապարակային ելույթներ ունեցան: Որպես ՀՀ քաղաքացի ցավ եմ ապրում, որ և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերների առկայության պայմաններում մեր քաղաքացիները կորցրին իրենց վստահության վերջին նշույլը, մինչդեռ երկիրը շենացնելու, զարգացնելու գործում ամենակարևորը հենց վստահությունն է:
-Վստահությունը կորել է իշխանությունների հանդեպ, իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը, որ հիասթափված ժողովուրդն իրեն «նախընտրի»:
-Տեղին հարց է: Ակնհայտ ճշմարտություն է` և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը նույն քաղաքական համակարգում են: Իշխանական, իշխանամերձ գործիչները երբեմն փորձում են ստեղծված իրավիճակում նաև ընդդիմության մեղքի բաժինը տեսնել: Աբսուրդ է նման խնդիր բարձրացնելը։ Նախ` ընդդիմությունն այն լծակներն ու ռեսուրսները չունի, ինչ իշխանությունները: Այս երկուսը միևնույն հարթության մեջ դնելը, համադրելը, մեղմ ասած, քաղաքական ցինիզմ է: Քաղաքացին չի կարող միայնակ, առանց գործիքաշարի պայքարել, ընտրությունների պատասխանատվությունը միշտ պետք է լինի պետական ինստիտուտների վրա: Կարծում եմ, ընդդիմությունը պետք է ունենա վստահված անձեր, որոնք հանձնաժողովի անդամներին հավասար լիազորություններ կունենան:
-Կա նաև մեդալի հակառակ կողմը. շուրջ կես միլիոն մարդ «ոչ» է ասել, բայց ընդդիմադիրների հանրահավաքներին երկու հարյուրից ավելի մարդ չի մասնակցում: Ինչպե՞ս հասկանալ: Փաստորեն, չի վստահում նաև ընդդիմությանը:
-Այնպես է ստացվել, որ փողոցային պայքարը հաճախ դառնում է ինքնանպատակ: Հրապարակում պայքարողներին չեմ ուզում ինչ-որ բան ասել, բայց շատերի համար պայքարի ձևերն ինքնահաստատման ճանապարհ են դառնում: Որպեսզի քաղաքացիները որևէ քաղաքական գործընթացի մաս դառնան, պետք է դրա հաջողությանը հավատան: Խնդիրը ոչ միայն անձերով է պայմանավորված, այլև գործընթացներով: Նորօրյա քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ համախմբվում են համապետական այն ընտրությունների ժամանակ, երբ սպասելիք ունեն, այսինքն, հավատում են, որ իշխանափոխություն տեղի կունենա:
-Չնայած անձի գործոնը Դուք երկրորդեցիք, բայց մեզանում միշտ էլ կարևոր է եղել, թե ով է ընդդիմության լիդերը:
-Շարժումները լիդերներ էլ են ծնում, եթե լիդերներ չեն լինում, դրանք շարժումներ չեն: Իհարկե, անհատի դերը կարևոր է, բայց առավել կարևոր է ճիշտ պահն ընտրել ու գործընթաց սկսելը: Եթե ոչ ճիշտ պահին ես մեկնարկը տալիս, պետք է հաշվի առնես, որ անպտուղ գործ ես սկսել:
-Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ բոլոր այս տարիների ընդդիմադիր ուժերը «ճիշտ» պահ չեն ընտրել, այդ պատճառով էլ հաջողության չեն հասել:
-91-ից սկսած ժողովուրդն իր ձայնը տվել է ընդդիմությանը, առաջին նախագահին էլ ընտրել են որպես ընդդիմության լիդեր: Չէի ասի, թե անհաջողություններ են ունեցել ընդդիմադիրները: Անհաջողությունը եղել է այն, որ երբեք չեն կարողացել հասնել նրան, որպեսզի իրացվի քաղաքացիների քվեն: Մայրաքաղաքի բուն կենտրոնում «Ոչ»-ը մեծ տարբերությամբ հաղթել է, մի շարք քաղաքներում ևս: Մեր պետությունը, ցավոք, շատ մեծ չէ, և հնարավոր չէ, որ վայրիվերումներն այդքան տարբեր լինեն: Նույն ընտրատարածքի երկու դպրոցներում լրիվ հակառակ պատկեր է գրանցվել: Սրանք սովորական ուսումնասիրություններ են, որոնք հասարակ դիտորդի համար խիստ հասկանալի են: Այս առումով եմ ասում, որ մսխվեց հասարակության հույսի վերջին նշույլը:
-Իրավիճակն ինչպե՞ս կարելի է շտկել:
-Ընդդիմությունը ոչ միայն քաղաքական ուժերն են, այլև մեր քաղաքացիների այն լայն շերտը, որը չի ողջունում իշխանությունների վարած քաղաքականությունը: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել, ընտրություններն էլ չեն արտացոլել այն պատկերը, որն առկա է հասարակության ներսում։ Սա փաստ է: Ընտրությունների ձևախեղումը, ընտրակեղծիքը ամենամեծ հանցագործությունն են, որովհետև դրանք հանգեցնում են քաղաքական դաշտում մրցակցության բացակայության: Սրան հետևում է նաև տնտեսական դաշտում մրցակցության բացակայությունը, իսկ փոքր երկրում մրցակցության բացակայությունը հանգեցնում է կոռուպցիայի, լճացման, քաղաքացին չի կարողանում իրացվել։ Սա պետական անվտանգության խնդիր է: Հասել ենք կրիտիկական կետի: Դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին, այդուհանդերձ, կարծում եմ կա մի կետ, ինչը բավականին հետաքրքիր է: Երկու համապետական ընտրությունների կրճատմամբ և միայն խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ իսկապես իշխանափոխություն է տեղի ունենալու: Այդ ժամանակ քաղաքական ուժերի մեծ համախումբ կլինի: Քաղաքացիները քվեարկությամբ իրենց դիրքորոշումը կհայտնեն, և ողջ պատասխանատվությունը կմնա այդ քվեն ստացած ուժերի վրա: Քաղաքացին պարտավոր չէ Ազատության հրապարակում պայքարելու, այնտեղ պետք է լինի քաղաքականապես ակտիվ շերտը: Բժիշկը, ուսուցիչը, գիտնականը պարտավոր չեն հետևողական լինելու իրենց քվեի հարցում, որովհետև նրանց զբաղմունքը քաղաքական չէ: Ակտիվ շրջանակն է պարտավոր իրացնել քաղաքացիների քվեարկության արդյունքները: Սարերի հետևում չէ հաջորդ ընտրությունը, երբ, ի վերջո, այս «զսպաշապիկը» կպատռվի: Չի կարող երկար ձգվել: Քաղաքական նոր իրավիճակ է լինելու:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ