ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
02.02.2016 | 13:35

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է հարևան երկու երկրների պաշտպանության նախարարությունների սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությունը: Նորին Սրբությունը, անդրադառնալով դարերի ընթացքում հայ և վրաց հավատակից ժողովուրդների` հավատքի ու ինքնության պահպանության խնդիրներին, ընդգծել է, որ նրանք, ունենալով միևնույն քրիստոնեական արժեհամակարգը, մշտապես զորակից ու սատար են եղել միմյանց:
Խոսելով Հայոց և Վրաց Եկեղեցիների հարաբերությունների մասին` Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ վիրահայության հոգևոր կյանքում առկա խնդիրները երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ կգտնեն իրենց անհրաժեշտ լուծումը: Թինաթին Խիդաշելին, իր և ուղեկցող պատվիրակության անունից ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նշել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու բացառիկ դերակատարությանը: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության պահպանման հրամայականներին, ներկայացվել վրաց բանակում և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորության կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությունը: Վերջում Նորին Սրբությունն առ Աստված աղոթք վերառաքեց, որ Տիրոջ բարի հայացքի ներքո հայ ու վրաց ժողովուրդները մշտապես ապրեն խաղաղ ու ստեղծագործ կյանքով: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ