Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խորհրդարանականների պատկերացրած ՄԻՊ-ը

Խորհրդարանականների պատկերացրած ՄԻՊ-ը
06.02.2016 | 10:08

Արդեն հայտնի է, թե խորհրդարանական ուժերն ում են ցանկանում տեսնել մարդու իրավունքների ապագա պաշտպանի պաշտոնում: Թեկնածուները չորսն են` Զարուհի Փոստանջյան, Մակար Եղիազարյան, Նարեկ Ալոյան, Արման Թաթոյան: Այս անունների մի մասը հանրությանը ոչինչ չի ասում, ասել է` նրանք անհայտ անձինք են: Բացառություն է Զարուհի Փոստանջյանը, որի թեկնածությունն առաջադրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ ՀՅԴ ու ՕԵԿ խմբակցություններն իրենց աջակցության մասին են հայտնել: Մակար Եղիազարյանին առաջարկել է ԲՀԿ-ն, Նարեկ Ալոյանին` պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը, Արման Թաթոյանին` ՀՀԿ-ն, ով արդարադատության փոխնախարար է և նախորդների համեմատ փոքրիշատե հայտնի: Այդուամենայնիվ, դիտարկելով այս թեկնածուներին, հարց է առաջանում. ի՞նչ չափորոշիչներ են քաղաքական ուժերի համար կարևորվում ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձի համար: Մի բան ակնհայտ է. բոլորը երիտասարդ են: Արդյոք միայն իրավական գիտելիքներով պատրաստված ա՞նձը կարող է քաղաքացիների իրավունքների լավ պաշտպան լինել: Կարեն Անդրեասյանն էլ, ի դեպ, ջահել էր ու, ասում են, նորմալ իրավաբան: Ի՞նչ եղավ, պաշտոնի «մայրամուտին» նա սեփական իրավունքների պաշտպանի կարիք հաստատ զգաց: ՄԻՊ-ը, ում ՀՀԿ-ն մեղադրում էր, որ այս տարիներին սեփական «շրջապատը» չունեցավ, որպեսզի հետագայում իրեն «թևութիկունք» կանգնեին: ՈՒրեմն ո՞րն է գոնե իշխող մեծամասնության համար մարդու իրավունքների պաշտպանի չափորոշիչը: «Սերտաճել» իշխանության հետ, սեփական «շրջապատը» ստեղծել ու ծառայե՞լ նրանց շահերին, ա՞չք փակել քաղաքացիների այն խնդիրների վրա, որոնք ակնհայտորեն կբախվեն իր «շրջապատի» շահերին: Արդարադատության փոխնախարարին արժանի «կարգավիճակ»:

ԲՀԿ-ի և Տիգրան ՈՒրիխանյանի առաջարկած թեկնածուների մասին որևէ բան ասելը դժվար է, քանի որ նրանց գործունեության և հանրային վարքագծի մասին քիչ բան է հայտնի: Հետաքրքիր է, այս քաղաքական ուժերը թեկնածուներ առաջադրելուց մտածե՞լ են, թե քաղաքացին կվստահի՞ այն մարդու իրավունքների պաշտպանին, որը փորձառության բավականին մեծ խնդիր ունի: Չենք վիճում, գուցե այդքան երիտասարդ տարիքում նրանք հասցրե՞լ են մեծ քայլերով «առաջ» գնալ, բայց դա բավարա՞ր է:
Ամենաէկզոտիկը միայն կին թեկնածուն է` Զարուհի Փոստանջյանը: Առավել էկզոտիկն այն է, որ նրան պաշտպանում են ՕԵԿ-ն ու հատկապես ՀՅդ-ն: Այ, նրան հանրությունը չի կարող կասկածի տակ դնել: Ո՞վ չգիտի Զարուհուն: Պարզվում է, ԱԺ նիստերի ժամանակ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն բավականին «ազդվել» են Փոստանջյանի ելույթների` մարդու իրավունքների պաշտպանության նոտաներից: Հետաքրքիր է: Միայն թե Զարուհին շա՜տ կողմնակալ կլինի, պաշտպանությունից լրիվ դուրս կթողնի իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Ախր, էդ իշխանավորներն էլ «շուն, գել» մերն են ու, պարզվում է, մեկ-մեկ էլ մարդ են: Բա դրանք մեղք չե՞ն: Բայց երևի ճիշտ էլ կանի:
Բայց պատկերացնո՞ւմ եք, հանկարծ ու... Զարուհի Փոստանջյանն ընտրվի, էս «Ժառանգություն» խմբակցությունը որերորդ անգամ պիտի «որբանա՞», անղեկավար մնա՞:
Անկախ ամեն ինչից պարզ է, որ ընտրվելու է մեծամասնության թեկնածուն: Այնպես որ, Արման Թաթոյանը թող այսօրվանից մտածի իշխանությունում իր «շրջապատը» ձևավորելու մասին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ