Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ապրիլի հայերը

Ապրիլի հայերը
26.04.2016 | 08:55

Ապրիլը հայերիս համար վերջին 100 տարում դարձել է տարվա մյուս ամիսներից դուրս ժամանակ: 101 տարի առաջվա իրադարձությունները մտել են մեր արյան մեջ, ու սերունդների հերթագայությունը կորստյան ցավը փոխանցում է՝ չնվազեցնելով ու խորացնելով: Հիշողության մեջ ապրող ցավը գլորվում էր ու գնդվում: 1965-ին առաջին անգամ պայթեց Արարատի այս կողմում ու չփշրվեց: 2015-ին՝ 100-ամյակի օրերին, «Հիշում եմ»-ին վերջապես հավելվեց «Պահանջում եմ»: Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությամբ փոխվեց հիշատակի բովանդակությունը՝ սուգը փոխարինվեց բարեխոսության աղոթքով: Հայոց ապրիլը հայոց օրացույցում բովանդակություն փոխեց: 101 տարի հետո Գարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողով վերադարձրեց սպանված հայ պատգամավորներին ու հարցրեց՝ ո՞ւր են նրանք, ինչո՞ւ են Թուրքիայի փողոցներն ու պուրակները կոչվում մարդասպան փաշաների անուններով:


Թեկուզ փոքր, բայց պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սխալ ամիս էր ընտրել: Ապրիլին հայերին վտանգավոր է նույնիսկ սպանելը՝ զոհված զինվորներն էլ մնում են շարքում ու կրակում են երկնքից: ՈՒ չեն վրիպում: Միստիկա չկա: Կա աշխարհի բոլոր անկյուններում բոլոր հայերի միջով անցնող էներգետիկա, որ կայծակում է, երբ պետք է պաշտպանել հողը: Դարերով կուտակված կորուստների ցավի էներգետիկան, որ փոխարկվել է միանգամից միասնություն դարձող անըմբռնելի ուժի: Միասնություն՝ առանց կոչ ու կանչի: Պարզապես այլևս հող հնարավոր չէ կորցնել: Միլիոն ու կես Ժամանակը պարտք է մեզ, հաշվեք՝ միլիոն ու կեսը 100 տարում ինչքան կավելանար, ու մոտավոր կարող եք չափել հայոց էներգետիկ հարվածի ուժը: Մոտավոր՝ ոգու էներգիայի չափման միավոր գոյություն չունի: ՈՒ չի էլ լինի: Շատ էական, անշոշափելի, բայց գործուն փոփոխություն եղավ, որ դեռ չունի ձևակերպում, բայց փակեց կասկածի, նահանջի, երկմտանքի դուռը: Մենք սկսում ենք հաղթահարել ոչ միայն ցեղասպանվածի սինդրոմը, այլև պորտաբույծի, ում աշխարհը պարտք է ու պարտավոր է պահել: Ինքնագիտակցության նոր աստիճանին չորս օրում բարձրացրեց պատերազմը, երբ մեզ վերադարձան վճռական մենակի կամքն ու մահապարտի անպարտելիության զգացումը: Քաղաքականությունն ու իշխանությունը նոր են փորձում հասնել կատարված փոփոխության հետևից:
Անակնկա՞լ էր, որ Բաքուն կրակելու է ի վերջո: Նորմալ մարդն ապավինում է տրամաբանությանը, այսօրվա աշխարհում տրամաբանությունը խարխուլ ապաստանն է նրանց, ովքեր սպասում են ու ոչինչ չեն ձեռնարկում՝ իրենց վերապահելով պատասխան գործողությունների իրավունքը միայն: Ստացվում է, որ ոմանք պաշտպանվում են, ոմանք՝ հարձակվում: Բաքուն հարձակվեց, որովհետև բանակցություններում սպառել էր փամփուշտները: Ալիևն ինքն էր ասում, որ իմաստ չունի հանդիպել հանուն հանդիպելու ու բանակցել հանուն բանակցելու: Ի՞նչ հասկացանք, որ գիտեինք, բայց չէինք ուզում իմանալ.


1. Հայաստանի արտաքին քաղաքականությունը խոցելի է, միակողմանի և ճշգրիտ արտացոլումն է 25-ամյա պետության քաղաքականության, իբր փոխլրացնող, իրականում՝ փոխխանգարող: Բայց նա կուղղվի, այլ ելք չունի:
2. Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի հիմք ունի միայն՝ շարքային զինվորներն ու սպաները, որ գիտեն ամեն ինչ, բայց ոչ նահանջել: Ժամանակին միակ կայացած կառույցը կրկնում է պետության պատկերը, նա էլ կուղղվի՝ ելք չունի:
3. Հայաստանի պետական կառավարման համակարգը գերծանրաբեռնված է գործառնությունները կրկնօրինակող մասերով, որ կասեցնում են ամբողջի ճկուն, արդյունավետ ու արագ աշխատանքը: Մասնագիտական ունակությունները պաշտոնների նշանակման ժամանակ փոխարինված են անձնական նվիրվածության ու կոռուպցիայի գերակայությամբ, որը տեսանելի է արտակարգ իրավիճակներում՝ ոչ իրենց տեղերում գտնվողները չգիտեն ինչ անել: Դա էլ պիտի ուղղվի, եթե իշխանությունը չի ուզում փլուզել իր գոյության հիմքը:
4. Հայաստանի իշխանությունները անցյալում տարբեր որոշումներ են ընդունել՝ հարկադիր ու ինքնաբերաբար:

Կյանքը ցույց տվեց, որ ոչ միշտ էր ընտրությունը ճիշտ ու հեռանկարային: Մենք անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, որ տնտեսական միություն էր՝ ստեղծված քաղաքական նպատակներով: Փոփոխություններն աշխարհում անհնար դարձրին ԵԱՏՄ-ի նպատակների իրագործումը՝ առանց ՈՒկրաինայի կառույցը չէր կարող լինել տնտեսական բևեռ: Ի սկզբանե պարզ էր, որ Ռուսաստանը փորձում է միավորել ԽՍՀՄ-ի դեռ իր ազդեցության դաշտում գտնվող տարածքները: Պարզ է, որ այսօր ԵԱՏՄ-ն չի գործում՝ ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը չեն տեսնում տնտեսական համագործակցության իմաստ մի կառույցում, որտեղից ոչինչ չունեն ստանալու, իսկ տալ գերադասում են ավելի ուժեղ միավորումներին ու պետություններին, քան այսօրվա ՌԴ-ին: Նրանք չեն թաքցնում իրենց քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը ԵՄ-ի, Չինաստանի, ԱՄՆ-ի, հիմա նաև՝ Իրանի հետ: Մի քանի օր առաջ Լուկաշենկոն ու Նազարբաևն իրենց նոր քաղաքականությունը բարձրաձայնեցին Ստամբուլում՝ ԻՀԿ 13-րդ գագաթնաժողովում: Ռուսաստանը չպատասխանեց: Սպասել, որ ԵԱՏՄ-ն հրապարակային ու հռչակագրային գործունեությունից կանցնի իրականի, անհեթեթ է: Չկան տնտեսական նախադրյալներ, որ հնարավոր լինի արդյունավետ գործակցությունը չորս պետությունների, որ օրեցօր խորացող քաղաքական խնդիրներ ունեն միմյանց հետ:

5. Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է, կառույց, որտեղ առաջին ջութակը ՌԴ-ն է, ռազմաքաղաքական կառույց, որ իրականում Կրեմլի ու ՌԴ ՊՆ-ի ստորաբաժանում է: Կառույց, որ միավորում է պետությունների, որոնց շահերը երբեք չեն համընկնում, իրադարձությունների՝ իրենցից անկախ զարգացումներով՝ ավելի շատ հակադրվում են: ՀԱՊԿ-ը քաղաքական կառույց է, ռազմական բաղադրիչը խոր անգործության է մատնված: Հայաստանի սահմաններում իրավիճակը վկայում է ՀԱՊԿ-ի անգործունակությունը: Պետք չէ հեքիաթներ պատմել ագրեսիայի ու պատերազմի տարբերության, կառույցի կանոնադրության և այլնի մասին: ՀԱՊԿ-ը երբեք չի համեմատվի ՆԱՏՕ-ի հետ, որտեղ դաշնակիցներին վերաբերվում են իբրև դաշնակիցների: ՀԱՊԿ-ը, ինչպես ԵԱՏՄ-ն, ծառայում է ՌԴ-ին՝ հրապարակային քաղաքականության համար, որը իրական քաղաքականության հետ առանձնապես կապեր չի ունեցել ու չունի:
6. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջապես հայտնվում են իրական հողի վրա: Փլվեցին ռազմավարական համագործակցության առասպելները, որ ազգովին հնարել ու վերագրում էինք Ռուսաստանին, հիմքում դնելով պայմանագրեր, որ չեն արտահայտում ՀՀ շահերը, բայց լիովին ծառայում են ՌԴ-ի քաղաքական, ռազմական ու տնտեսական նպատակներին: Ռուսաստանը Հայաստանում ունի շահեր, որոնց համար պիտի կատարի պարտավորություններն ու սովորի վճարել: Հայաստանը պիտի սովորի գործընկերային հարաբերությունների ու վերջապես դադարի էժան աշխատուժ արտահանելով՝ պետություն պահել, միևնույն է, այլևս չի ստացվում: Վարչապետը ստիպված է վերջապես վարչապետ աշխատել:
7. Հայաստանի ու Արևմուտքի հարաբերությունները ևս նոր բովանդակություն են ստանում: Պետք չէ պարզունակացնել իրավիճակը՝ ՌԴ-ն ՌԴ է, ԱՄՆ-ը՝ ԱՄՆ, ԵՄ-ն՝ ԵՄ: Պետք չէ սպասել, որ կկարգավորվեն նրանց փոխհարաբերությունները, հետո միայն կստացվեն Հայաստանի ու Արևմուտքի կապերը: Շահերի հակադրություն միշտ է լինելու: Արտաքին քաղաքականության իմաստը աշխարհի հետ հարաբերվելու ունակությունն է՝ սեփական խնդիրները լուծելու համար: Լուծելու համար խնդիրը պետք է ձևակերպել՝ իրավիճակին համարժեք:
Լեռնային Ղարաբաղի հարցում ապրիլին բազում շերտեր բացվեցին:


1. Պատերազմի առաջին օրը նախագահը հանձնարարեց ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիր մշակել ԼՂՀ-ի հետ: Սա քայլ է, որ նոր իրավիճակ է ստեղծում, այսուհետ իրավականորեն Արցախի հետ հարաբերվելու:
2. Պատերազմի երկրորդ օրը նախագահը հայտարարեց, որ եթե ագրեսիան շարունակվի, Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն: ԼՂՀ-ի ճանաչումը կամ Հայաստանի հետ միացումը իրավիճակի փոփոխություն կլինի, որը կդառնա Հայաստանի պատասխան իրավական քայլը Բաքվի՝ ստատուս քվոն ռազմական ճանապարհով փոխելու քայլին: Բանակցությունները փակուղում են, քննարկվող ոչ մի սկզբունք համարժեք չէ իրավիճակին ու չի բավարարում կողմերի պահանջները:
3. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, հանդիպումներն ու ասուլիսը վավերացրին բանակցային գործընթացում հարկադիր դադարը: ՄԽ համանախագահները դեռ երկար կդեգերեն բանակցային սեղան կողմերին վերադարձնելու միջոցների որոնումներում, առավել ևս, որ հասունացել է Ստեփանակերտի ներկայության ժամանակը, որին Բաքուն առարկում է:
4. Ապրիլի 22-ին Սերգեյ Լավրովն արեց հայտարարություն, որ չէր եղել նախկինում՝ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների տեղակայումը, որ առավելագույնս նվազեցվի առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ:
5. Ապրիլի 24-ի ուղերձում նախագահը հայտարարեց. «Այսօր` 2016-ի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը», որ նույնն էր, թե ասել՝ Կազանի սկզբունքները մերժում ենք:
6. Նույն օրը պաշտպանության նախարարը հաստատեց. «Այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել», ու հավելեց. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հրադադարը պահպանվի: Հրադադարի պահպանումը, վստահության մթնոլորտի ստեղծումը միջազգային հետաքննության մեխանիզմների ձևավորումն է, որ նաև հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ: Հայկական բանակը, ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ են հետ մղել ցանկացած ոտնձգություն և ապահովել Արցախի անվտանգությունը»:
7. ԱԳ նախարարը դիվանագիտորեն բացատրեց. «Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը անտեսում է դրանք: Սա է իրականությունը և սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինն անել, որ Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ»։
ՈՒ հիմա արդեն մյուսները պիտի որոշեն իրենց անելիքը, մենք պիտի հասցնենք զինվել՝ ասված է ու չի արված՝ «Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել» ու «Մտածեք էս երկրի մասին»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Նկատեցի՞ք, որ ապրիլի 24-ին անձրև չեկավ: Ապրիլը կարճ է՝ 30 օր: Օրեր կան՝ տարիների չարածն են անում: Մայիսին հայերն ավելի անտանելի են՝ պարտադիր հաղթում են: ՈՒ հիմա.
1. Պաշտոնավարման ավարտից երկու տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի պատմության մեջ մտնել (սահմանադրություն փոխելը երաշխիք չէր), եթե ցանկանա ու հասցնի անել իրական փոփոխություններ, որոնց անհրաժեշտության մեջ անձամբ է համոզվել:
2. Միշտ չէ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է փոխարինել քաղաքական ուժերին, որ այս օրերին փողոցում արտահայտում էին հասարակական տրամադրությունները: Իշխանության իշխանությունը իրական դարձնելու համար իրական ընդդիմություն է պետք:
3. Հայաստանի ժողովուրդը և հայ ժողովուրդն աշխարհում նույն էներգետիկ դաշտում են, պարտադիր չէ, որ այդ էներգետիկան ակամա ուղղորդի թշնամին, մենք էլ կարող ենք ու պիտի անենք:

Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ