Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ներկայացումներն ավարտված են, վարագույրները՝ իջեցված

Ներկայացումներն ավարտված են, վարագույրները՝ իջեցված
17.05.2016 | 22:58

Ավարտվեցին եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները: Չեմպիոններից միակ անհայտն Իսպանիայի առաջնությանն էր, թեպետ «Բարսելոնի» հաղթանակը սպասված էր: Այդ անպարզությունն էլ շտկվեց: Անպատասխան մնացած հարցերը հիմնականում երկրորդ-երրորդ տեղերին էին վերաբերում: Այստեղ էլ հստակություններ մտցվեցին: Իհարկե, պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում եվրոպական գոտում հայտնված թիմերը, սակայն դրանց ներկայացնելը թողնենք հետոյին:

ԻՍՊԱՆԻԱ
Սկզբունքորեն «Գրանադան» այն թիմը չէր, որ կարողանար խոչընդոտել «Բարսելոնի» չեմպիոնական ամբիցիաներին, եթե, իհարկե, արտառոց ինչ-որ բան չպատահեր նույն այդ «Բարսելոնի» «թեթև» ձեռքով: Չպատահեց: Կատալոնցիները հաղթեցին արտագնայում, երեք գոլի հեղինակն էլ Լուիս Սուարեսն է, ով քառասուն գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն:
Հաղթելու հնարավորությունը ձեռքից բաց չթողեցին նաև «Ռեալը» (պարտության է մատնել «Դեպորտիվոյին»՝ 2:0) և «Աթլետիկոն» (պարտության է մատնել «Սելտային»՝ 2:0), սակայն այն նրանց համար տեղեր ապահովեց «ընդամենը» երկրորդ ու երրորդ հորիզոնականներում: Եռյակն ունի համապատասխանաբար 91, 90, 88 միավոր:

ԻՏԱԼԻԱ
«Սամպդորիայի» նկատմամբ «Յուվենտուսի» հաղթանակը (5:0) շարքայիններից էր, մրցաշարային առումով երկրի արդեն հնգակի անընդմեջ չեմպիոնի համար ոչինչ չորոշող («ծեր սինյորայի» վաստակած ընդհանուր միավորները 91-ն են), թեպետ նշանառությունը հերթական անգամ ստուգելը դեռևս ոչ մեկին էլ չի խանգարել: Ավելի բարձր հարգի մեդալների համար ջանացին թե՛ «Նապոլին» (չորս անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել է «Ֆրոզինոնեին»), թե՛ «Ռոման» (արտագնայում «պատժել» է որոնումների մեջ գտնվող «Միլանին»՝ 3:1), սակայն մրցաշարային աղյուսակում ավելի վեր բարձրանալու համար իտալական «գայլերին» օդի պես անհրաժեշտ էր նեապոլցիների սայթաքումը, ինչը, բնականաբար, չեղավ: 82 միավորով «Նապոլին» երկրորդն է, «Ռոմային» բրոնզի համար բավարարեց 80 միավորը: Առաջնության լավագույն ռմբարկուն 36 գոլ հեղինակած Գոնսալո Իգուաինն է:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում մրցանակային եռյակը ամբողջությամբ հայտնի էր դեռ նախորդ տուրից, այնպես որ, առաջնության վերջին հանդիպումները զուտ արձանագրային բնույթի էին: «Բավարիան» հաղթել է «Հանովերին» (3:1), Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի է խաղացել «Քյոլնի» հետ` 2:2, «Բայերը» պարտության է մատնել «Ինգոլշտադտին»՝ 3:2: Թիմերի վաստակած միավորները համապատասխանաբար այսպիսիք են՝ «Բավարիա»՝ 88, «Բորուսիա»՝ 78, «Բայեր»՝ 60: Լավագույն ռմբարկուն մյունխենյան ակումբը ներկայացնող Ռոբերտ Լևանդովսկին է՝ 30 գոլ:


ՖՐԱՆՍԻԱ
Քանի որ լրացուցիչ գործակիցներով (իհարկե, «Մոնպելիեին» «Մոնակոյի» հաղթելու դեպքում) «Լիոնն» արդեն իսկ ապահովել էր փոխչեմպիոնությունը, «Ռեյմսի» հետ խաղում իրեն կարող էր ամեն կարգի ազատություն թույլ տալ: «Մոնակոն» այդպես էլ վարվեց, սակայն 4:1 հաշվով պարտությունը, մեղմ ասած, ավելի շատ անատամության մասին է խոսում, քան ազատություններ թույլ տալու: Ինչ վերաբերում է միավորներով (65) նրան հավասարված «Մոնակոյին», այն այդպես էլ ստիպված կլինի բավարարվել բրոնզե մեդալներով: Չեմպիոնին՝ «Պարի Սեն Ժերմենին», հիշենք այնքանով, որ վերջին տուրում հաղթել է «Նանտին»՝ 4:0: Առաջնության լավագույն ռմբարկուն լեգենդար Զլատան Իբրահիմովիչն է՝ 38 գոլով:

ԱՆԳԼԻԱ
«Չելսիի» հետ երկրի չեմպիոն «Լեստերի» հանդիպումը մրցաշարային աղյուսակի առումով բան չորոշողներից էր, սակայն դա, բնականաբար, կողմերին հեշտ ու հանգիստ կյանք չապահովեց, որքան էլ խաղավարտին լուսատախտակի վրա 1:1 հաշիվն էր: Փոխարենը սկզբունքային նշանակության էին «Արսենալ»-«Աստոն Վիլա», «Նյուքասլ»-«Տոտենհեմ» հանդիպումները, որտեղ կողմերից մեկնումեկի սայթաքումը կարող էր վճռական դեր ունենալ ավելի բարձր հորիզոնականում տեղ գտնելու հարցում: Շտապենք ասել, որ իրենց խնդիրը գերազանց լուծեցին Արսեն Վենգերի սաները՝ 4:0 հաշվով պարտության մատնելով մրցակցին, իսկ ահա երրորդ անընդմեջ պարտությունը կրեց «Տոտենհեմը» (1:5), որն այդպես էլ ուշքի չեկավ չեմպիոնական ոսկին ձեռքից բաց թողնելուց հետո, ինչին էլ հաջորդեց պարտությունների մի ողջ շարան: «Արսենալը» երկրորդ մրցանակակիրն է, «Տոտենհեմը»՝ երրորդ: Ռմբարկուների ցուցակը մնաց անփոփոխ. 25 գնդակով այն գլխավորեց Հարրի Քեյնը:
Ընդհանուր գծերով ահա այսպիսին էր եվրոպական ֆուտբոլային առաջատար տերությունների 2015-2016 թթ. մրցաշրջանը, որի մարտական տոնուսի, բերած գեղագիտական հաճույքի մասին կարելի է շատ երկար խոսել՝ ինչ-որ տեղ նախանձելով, թե ինչու մենք նման առաջնություն չունենք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ