Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խստություն Թուրքիայի նկատմամբ և Ռուսաստանին զիջելու պատրաստակամությո՞ւն

Խստություն Թուրքիայի նկատմամբ և Ռուսաստանին զիջելու պատրաստակամությո՞ւն
03.06.2016 | 14:00

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, որ ծրագրված է ընդունել հինգշաբթի օրը Բունդեստագում, կդառնա միակ ճշմարիտ բնորոշումը այն ոճրագործությունների, որ կատարվել են 1915-1916-ին: Սակայն Էրդողանի հասցեին ինտենսիվ քննադատությունը, ամեն ինչից բացի, ձեռնտու է Պուտինին՝ գրում է Die Welt-ում Ռիխարդ Հերցինգերը: Այդ կոտորածը իր տեսակի մեջ նախադեպը դարձավ XX դարում պատահած զանգվածային սպանությունների: Հայ բնակչության ցեղասպանությունը անանց տպավորություն թողեց Ադոլֆ Հիտլերի վրա և դարձավ ապացույց, որ կարելի է ծրագրված ոչնչացնել մարդկանց համախումբ՝ միավորված ազգային հատկանիշով, չվախենալով համաշխարհային հանրության դատապարտումից: Միայն թե ամեն ինչ պետք է անել արագ ու գաղտնի և անպատիժ կմնաս: Հայերի ցեղասպանությունը ոգեշնչեց Հիտլերին հրեաների հոլոքոստին դիմելու:

Օսմանյան կայսրության ժամանակների դաժան հանցագործության և գերմանական պատմության ևս մեկ կապող օղակ է կայսերական Գերմանիայի դիրքորոշումը, որը գիտեր կատարվող հանցագործությունների մասին ու չէր միջամտում՝ վախենալով հարվածի տակ դնել Թուրքիայի հետ իր ռազմական դաշինքը: Դրանով է բացատրվում Գերմանիայի խորհրդարանի այդ հարցով արտահայտվելու ձգտումը: Բանաձևի ընդունումը ժամանակի մեջ համընկնում է արտաքին քաղաքական բավականին պայթյունավտանգ իրադարձությունների հետ: Հարցը միայն այն չէ, որ դաշնային կառավարությունը, ինչպես ամբողջ ԵՄ-ն, Անկարայի ձեռքում է միգրացիոն ճգնաժամի կարգավորման տեսակետից: Թուրքիայի ու Եվրոպայի հարաբերությունների լարվածությանը նպաստում է նախագահ Էրդողանի քաղաքականությունը, որ ուղղված է խոսքի ազատության ճնշմանը, նրա ակնհայտ հավակնությունները՝ Թուրքիայի Հանրապետությունն իր աշխարհիկ Սահմանադրությամբ վերածելու իսլամական պետության՝ ավտոկրատի ղեկավարությամբ: Անկարան բանաձևին արձագանքում է իբրև քաղաքական հարձակում թուրքական ղեկավարության վրա: Եվ աշխարհիկ, և իսլամիստական հայացքներ ունեցող թուրք ազգայնականները ցեղասպանության հիշատակումը ընդունում են ալերգիկ ռեակցիայով: Կատարված ոճրի մասին պատմական ճշմարտությունը մռայլ ստվեր է նետում թուրքերի ստեղծած ժամանակակից քեմալական Թուրքիայի իդեալականացված կերպարի վրա:

Հայերի՝ քրիստոնյաների, կոտորածը քննարկելու Գերմանիայի նախաձեռնությունը իսլամիստական հայացքներով թուրք ազգայնականներն ընդունում են իբրև կրոնական ռևանշիստական արշավ, որ նախաձեռնել է քրիստոնյա Եվրոպան: Լրացուցիչ կոնֆլիկտային ներուժ ունեն վտանգավոր լարված հարաբերությունները Անկարայի ու Մոսկվայի միջև: Սիրիական սահմանի մոտ ռուսական խփված ինքնաթիռի միջադեպից հետո ավտոկրատներ Պուտինն ու Էրդողանը, որ դեռ վերջերս աշխարհին ցուցադրում էին իրենց բարեկամությունը, անհաշտ առճակատման են տրամադրված: Ոչ ռուսական, ոչ թուրքական կողմը չեն մոռանում, որ 1915-1916-ին Ռուսական կայսրությունը Օսմանյան կայսրության հետ պատերազմի մեջ էր, իսկ թուրքերը հայերին խարանում էին իբրև Ռուսաստանի հինգերորդ շարասյուն: Այսօր Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական միությունը: Հարևան Ադրբեջանի հետ, հակառակը, Հայաստանը գտնվում է ամեն պահ բռնկման պատրաստ դիմակայության մեջ՝ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի պատճառով, որ 1990-ական հայտարարեց իր անկախությունն Ադրբեջանից: Տարածաշրջանի իրավիճակին հատուկ սրություն է հաղորդում փաստը, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և Բաքվի հետ առավել մերձեցման մեջ տեսնում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներգործության նվազում: Կրեմլը ջանում է լավ հարաբերություններ պահպանել և Ադրբեջանի հետ: Լինելով զենքի հիմնական մատակարարը Հայաստանին, Մոսկվան անհրաժեշտ է համարում զենք վաճառել Բաքվին: Ռուսաստանի շահերից է բխում, որ կոնֆլիկտը մնա մխացող և բաց ռազմական դիմակայության փուլ չմտնի:


Հայաստանի հարցով բանաձևի ընդունումը կարող է սխալ մեկնաբանվել իբրև աջակցության ազդանշան հայկական, միաժամանակ՝ ռուսական, դիրքորոշման տարածաշրջանի պայթյունավտանգ իրավիճակում: Թուրքիայի հասցեին խիստ քննադատությունը, որ գերիշխում է այսօրվա գերմանական հասարակության մեջ, ուշադրությունը շեղում է Մոսկվայի ինտրիգներից ու մեքենայություններից: Հատկապես Սիրիայում, որը հանգեցնում է դեպի Եվրոպա փախստականների հոսքի մեծացմանը և Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությանը ՈՒկրաինայում: Ներքաղաքական տրամադրություններում գերիշխող զայրույթը, որ արդարացված արձագանքն է Էրդողանի քաղաքականությանը, կարող է ձեռնտու լինել այն ուժերին, որ ակտիվորեն պահանջում են հակառուսական պատժամիջոցների մեղմացում և մերձեցում Պուտինի հետ:
Ռիխարդ ՀԵՐՑԻՆԳԵՐ, Die Welt


Հ.Գ. Փաստորեն՝ մեր հաշվին ռուսների բախտը նորից բերում է, եթե, իհարկե, Գերմանիայում ՌԴ-ի պատժամիջոցների վերացման պահանջների դրդապատճառը զուտ տնտեսական չէ: Հայերի ցեղասպանության ճանաչումը Բունդեստագի մակարդակով կարևոր ու անհրաժեշտ քայլ էր, նկատի ունենալով կայսերական Գերմանիայի հանցակցությունը ցեղասպանությանը՝ Անկարան դաշնակից կորցրեց պատմական ճշմարտությանը դիմադրության մեջ: Բունդեստագում բանաձևի քննարկման բոլոր ելույթները հայ-թուրքական հաշտեցման տրամաբանության մեջ էին՝ իբրև տարածաշրջանի կայունության ու զարգացման գրավական: Դիվանագիտական մաստեր կլաս էին թե քննարկումը, թե քվեարկությունը, որ խորքում լուծում էր ներքաղաքական խնդիրներ, իսկ արտաքին քաղաքականության մեջ պաշտպանում էր համաեվրոպական արժեքները հետադարձ ժամանակով: Պատգամավորները քանիցս նշեցին, որ թուրք ժողովրդի հետ բարեկամ են ու դատավոր չեն, պաշտպանում են ճշմարտությունը միայն, կարևորեցին գերմանաթուրքական հարաբերությունները: Բայց այդ ճշմարտությունը 101 տարի ճշմարտություն էր, և գուցե Թուրքիան իրոք ունի վախենալու պատճառներ, որ հայտնի են միայն ամենատեղեկացված մարդկանց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ