ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ալիևը Բեռլինում է

Ալիևը Բեռլինում է
07.06.2016 | 16:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա, որ այս տարի գլխավորում է ԵԱՀԿ նախագահությունը։ Բեռլինն իր մանդատի շրջանակներում հայտարարում է, որ գործադրելու է բոլոր ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։


Բեռլինում նախատեսված են Ադրբեջանի նախագահի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկկողմ հարաբերությունների հետ Ալիևը քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել։ Գերմանա-ադրբեջանական ֆորումի նախագահ Հանս-Էբերհարդ Շլայերի հետ հանդիպմանն Ալիևը գոհունակությամբ է խոսել Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերություններից։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները։ Ալիևը և Շլայերը խոսել են քառօրյա պատերազմի, հակամարտության կարգավորման գործընթացի ու բանակցությունների մասին։ Ալիևը հանդիպել է նաև Եվրոպայի ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Airbus Group ավիատիեզերական արդյունաբերության կորպորացիայի փոխնախագահ Ժան-Պիեռ Տալամոնիի հետ։


Ադրբեջանի նախագահը այցից ընդամենը մեկ-երկու օր առաջ կոշտ քննադատություն էր հնչեցնում Գերմանիայի իշխանությունների, Բունդեսթագի հասցեին, նրա այցը Թուրքիա- Գերմանիա լարված հարաբերությունների ֆոնին է՝ պայմանավորված Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ։


Գերմանիայի պաշտոնյաները պետք է Բեռլին այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անեն ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված իշխանությունների քննադատներին և քաղաքական ակտիվիստներին՝ հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Գերմանացի պաշտոնյաները պետք է Ալիևին կոչ անեն չեղարկել բանտերից ազատված ակտիվիստների նկատմամբ սահմանափակումները և բարեփոխեն օրենքները, որոնք կրճատում են հիմնարար ազատությունները: Ալիևն այցի ընթացքում հանդիպելու է գերմանացի պաշտոնյաների հետ, բացելու է գերմանա-ադրբեջանական տնտեսական ֆորումը: «Գերմանացի պաշտոնյաները պետք է նախագահ Ալիևին դրդեն վերջ դնել երկրում մարդու իրավունքների դեմ բռնաճնշումներին և դադարել փակել այլախոհների բերանը»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Վիլիամսոնը:

Ադրբեջանը ճնշումների արդյունքում մարտից 17 իրավապաշտպանի, լրագրողի և ակտիվիստի է ազատ արձակել: Մայիսի 25-ին, Ադրբեջանի Գերագույն դատարանն ազատ է արձակել հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային: Վերջին ամիսներին ազատ արձակվածները ձերբակալվել են այլախոհության դեմ իշխանությունների շարունակական բռնաճնշումների ֆոնին: 2013-ից տասնյակ մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ և բլոգերներ են ձերբակալվել և բանտարկվել քաղաքական մեղադրանքներով՝ ստիպելով շատերին փախչել երկրից կամ թաքնվել: 2015-ի հունիսին Բունդեսթագը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ քննադատելով բռնաճնշումները և կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատել անարդարացիորեն բանտարկվածներին:

Այնուամենայնիվ, շատ լրագրողներ և ակտիվիստներ շարունակում են մնալ ճաղերի հետևում։ Նրանց թվում են քաղաքական վերլուծաբան Իլգար Մամեդովը, սյունակագիր Սեյմուր Հեզին, բլոգեր և NIDA երիտասարդական խմբի անդամ Իլքին Ռուսթեմզադեն, Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առնվազն 14 քաղաքական ակտիվիստ: Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները, անգամ ազատ արձակելով մի քանի ընդդիմադիրների, շարունակում են ձերբակալել այլոց: Մայիսի 10-ին իշխանությունները ձերբակալել են երկու ակտիվիստի՝ Գիյաս Իբրահիմովին և Բայրամ Մամեդովին՝ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրաֆիտի նկարելուց հետո:


Human Rights Watch-ը նշում է, որ Ադրբեջանը ռեպրեսիվ օրենքներ է ընդունել ոչ կառավարական խմբերի վերաբերյալ և քրեական ու վարչական գործեր է հարուցել շատ անկախ խմբերի դեմ: Չնայած իշխանությունները մարտին կասեցրել են ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ մի քանի հետաքննություններ, գոյություն ունեցող օրենսդրական սահմանափակումները շարունակում են խոչընդոտել նրանց գործունեությանը։ «Գերմանացի պաշտոնյաները պետք է հասկացնեն նախագահ Ալիևին, որ երկկողմ հարաբերությունների որակը կախված է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարումից»,- ասել է Վիլիամսոնը: «Անարդարացիորեն ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և ռեպրեսիվ օրենքների չեղարկումը պետք է լինեն առաջին քայլերն այդ ճանապարհին»,- հավելել է նա։

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ