Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Գողերը չպետք է լինեն իշխանությունում, բիզնեսը` խորհրդարանում»

«Գողերը չպետք է լինեն իշխանությունում, բիզնեսը` խորհրդարանում»
17.06.2016 | 00:56

Հայաստանը դարձել է մի երկիր, որի քաղաքացիներից շատերը վարկային բեռի տակ կքած են, նույն վիճակում է նաև երկիրը: Տարեցտարի Հայաստանի պետական պարտքը նոր «նվաճումներ» է արձանագրում, սակայն դա չի խանգարում, որ կառավարությունը վարկային նոր համաձայնագրեր կնքի: ԱԺ այս արտահերթ նստաշրջանում ևս վարկային համաձայնագիր ներկայացվեց, որի դեմ խոսեց ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` նման քաղաքականությունը համարելով դավաճանական: Նրա հետ զրույցն այս թեմայի շրջանակում է:

-Դուք փաստեցիք, որ վարկային բեռի ավելացումն անթույլատրելի է ու դավաճանություն է քաղաքացու հանդեպ, մինչդեռ իշխանությունը հակադարձում է, թե անհնար է իրագործել սոցիալական, տնտեսական տարաբնույթ խնդիրներ առանց վարկային միջոցների: Դուք ունե՞ք պատասխան, թե ինչպես կարելի է խնդիրները լուծել առանց վարկերի:
-Խնդիրները լուծելու համար հարկավոր է լեգիտիմություն ունենալ: Լինել խելոք, ստեղծագործող ու փող ստեղծել, ինչով զբաղված են մեր բոլոր հարևանները: Վերջիններս լուրջ, ռազմավարական հեռահար ծրագրեր են առաջ քաշում և հետևողականորեն իրականացնում: Փող են բերում երկիր, տնտեսություն, պետություն են զարգացնում: Տարրական բան նշեմ. Իրանն աշխարհում ամենաշատ երիտասարդություն ունեցող երկիրն է, նրանց կրթությամբ է ապահովում, որպեսզի դառնան գիտնականներ և աշխատեն իրենց երկրի տարբեր բնագավառներում: Այսինքն, Իրանն իր այդ հեռանկարով տարածաշրջանում հաղթող է, մրցունակ, սա նշանակում է տնտեսության զարգացում, փող, զենք, ուժ, քաղաքականություն: Թուրքիան իր քաղաքականությունն է վարում, Բոսֆորը դարձրել է «ձրի», առանց հարկի գոտի, երեք-չորս կիլոմետրով նավերը սպասում են դատարկվելուն և բեռնվելուն: Թուրքիան այնպիսի պայմաններ է ստեղծել, որ աշխարհի բոլոր նավերի համար ձեռնտու է այդ տարածքով անցնելը: Մենք, օրինակ, մեծ քանակի տուրիստներ ներգրավելու լուրջ հնարավորություններ ունեինք: Երբ Եգիպտոսն ու Թուրքիան «փակվեցին» Ռուսաստանի առջև, ռուս միլիոնավոր տուրիստների համար Հայաստանը կարող էր դառնալ նոր շուկա: Եթե այնքան խելոք լինեինք, որ գոնե հինգ հարյուր հազար տուրիստ մտներ Հայաստան, գիտե՞ք, ինչ գումարներ կբերեին: Չարեցինք, որովհետև ավիատոմսերի թանկ լինելուց մինչև վատ ծառայությունների մատուցումն ու սպասարկումը մեզանում խնդիր է: Վրացիները, որ ռուսների հետ ունեն վատ հարաբերություններ, յոթ անգամ ավելի շատ տուրիստ ընդունեցին Ռուսաստանից, քան մենք: Խելոք է պետք վարվել, փողն ինքն իրեն կգա: Մենք գնում ենք լիովին այլ ուղղությամբ: Մտածում ենք՝ քանի դեռ կա պարտք վերցնելու հնարավորություն, վերցնենք, հետո ով կփակի, Աստված իր հետ: Թվերը սարսափազդու են: 2015-ի սկզբին մեր պարտքը եղել է 4,4 մլրդ դոլար, վերջին վարկային համաձայնագրերն էլ որ հաստատեն, այս պահին կունենանք 5,4 մլրդ դոլարի պարտք: Մեկ տարվա մեջ 1 մլրդ դոլարի պարտք ենք ավելացրել:
-Պատասխանատուները վստահեցնում են, որ մեր պետական պարտքի չափը վտանգավոր շեմին չի հասնում:
-Մեր պարտքը ոչ միայն վտանգավոր չափի է հասնում, այլև այդ չափն էլ է անցել: Մեր ՀՆԱ-ն 10,5 մլրդ դոլար է, պարտքերը՝ 5,4 մլրդ դոլար, այսինքն, 50 տոկոսն արդեն անցել ենք: Թիվը մի կողմ թողնենք, մենք մեր պետության հարստության 50 տոկոսն արդեն պարտք ենք վերցրել:
-Ձեր իշխանության տարիներին դրսի գումարների կարիք չունեի՞ք:
-Այդ ծանր տարիներին, երբ հետերկրաշարժյան դժվար օրեր էին, պատերազմ էր, խնդիրները տասնապատիկ էին, Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակ պետական պարտքը եղել է 1,5 մլրդ դոլար, այսինքն՝ 4 անգամ քիչ, քան հիմա: Մենք չենք գնացել պարտքեր վերցնելու ճանապարհով: Այնպես չէր, որ պարտք տվողներ չկային, բանկերին ձեռնտու է, որ դու պարտքեր վերցնես, առավել ևս՝ մեծ տոկոսադրույքով: Այսօր իշխանությունը գնում է ոչ թե սեփական քրտինքը վայելելու, իմա` միջոցներ ստեղծելով ու դրա շնորհիվ տնտեսություն զարգացնելու, այլ ուրիշի փողերը մեծ տոկոսներով երկիր բերելու ճանապարհով: Իսկ այդ պարտքերն ու տոկոսները թողնում են սերունդների վրա: Ամեն տարվա բյուջեում վարկերի սպասարկման գումարը գնալով հսկայական թիվ է կազմում: Մեր տնտեսության նկատմամբ անհեռանկար, փնթի, դավաճանական վերաբերմունքի հետևանքն այն է, որ բնակչությունը նվազում է, արտադրություն չի ստեղծվում, սակայն մենք պարտքեր ենք վերցնում: Ստացվում է՝ պարտքեր մարողների քանակը քչանում է, իսկ պարտքի բեռն ավելի է ծանրանում: Պաշտոնական տվյալներն եմ վկայակոչում. այսօր մեկ քաղաքացու արտաքին պարտքի բեռը կազմում է 1800 եվրո: Այս պահին ծնված երեխան արդեն այդքան պարտք ունի: Սա՝ մարդահամարի տվյալներով, իսկ եթե իրական բնակչության վրա այդ պարտքի բեռը բաժանես, մեկ անձի համար կկազմի 2700-2800 եվրո: Սրան էլ գումարենք այն, որ երկրում մնացած մարդիկ էլ արտադրող չեն: Ավելին, 520 հազարը թոշակառուներ են, 620 հազարն էլ` ուսանողներ, աշակերտներ, ովքեր ևս արտադրող չեն:
-Ստացվում է, արդյունք չստեղծող պետությունն անհասկանալի տրամաբանությամբ վարկեր է վերցնում և «ժառանգում» սերունդների՞ն:
-Այո, արդյունք չստեղծող պետությունն ինչպե՞ս կարող է վարկ տալ: Մեզ մոտ մեկ աշխատողը (միջինացված) պահում է և՛ իրեն, և՛ ընտանիքին, և՛ թոշակառուին, և՛ պետական բյուրոկրատական մեծ ապարատը: Այս պայմաններում վարկ վերցնելը խիստ ռիսկային է դառնում: Պետական պարտքի թվերը ներկայացնելը չէ միայն վտանգավոր, այլ վճարունակության հեռանկարը, որն ավելի մռայլ է, քան այս վիճակագրությունը: Սարսափելին նաև այն է, որ ոչ մեկը հիմա չի ստեղծում այնպիսի միջավայր, որպեսզի հինգ տարի հետո տնտեսությունն այնպիսին լինի, որ մարվեն այդ պարտքերը:
-Ո՞րն է լուծումը, ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից: Տնտեսության կառավարիչների առաջնային գործը ո՞րը պետք է լինի:
-Նրանք չեն կարող ոչինչ անել, քանի որ այս ամենը նրանց մեղքով է: Այսօր ամենակոռումպացված մարդիկ կառավարությունում են: Պատահական չէր, որ հարկային նոր օրենսգիրքը հենց ԱԺ բերվեց, գործարարները «վեր թռան» ու սկսեցին բողոքել: Ակնհայտ է, որ դա իրենց բիզնեսին է խփում, մինչ այդ իրենք պատգամավոր չէի՞ն: Նրանք խորհրդարանում են որպես բիզնեսմեն, ձեռքի հետ էլ պատգամավորություն են անում: Այսինքն, երկիրը ղեկավարողներն են այսօր բիզնեսի տերը, ու նրանց մեջ են և՛ ստվերը, և՛ մենաշնորհը, և՛ կոռուպցիան: Այստեղից պարզ եզրակացություն՝ եթե նրանք մանդատը, աթոռն օգտագործում են իրենց բիզնեսի համար, ինչպե՞ս կարող են շարքային մարդկանց շահերին ծառայել: Հայաստանի ամենահարուստները պառլամենտում են և կառավարությունում: Այսպիսի տնտեսական պայմաններում ու կարճ ժամանակում Հայաստանում միլիարդներ կուտակելը, մեղմ ասած, հնարավոր չէ արդար քրտինքով: Այդ մարդկանց մոտ գողացած փողեր են: Գող մարդուց արդարություն ու հանրային շահի պաշտպանությո՞ւն ենք ակնկալում: Գողերը չպետք է լինեն իշխանությունում, բիզնեսը չպետք է լինի խորհրդարանում: Նորմալ ընտրություն պետք է լինի, որ քաղաքական գործիչը, ազնիվ մարդը գա խորհրդարան, ոչ թե գողը գա ու կոռուպցիայի դեմ պայքարի: Այս իրավիճակի ելքը, լուծումը արդար ընտրությունների անցկացումն է:
-Ասել է` բոլոր խնդիրները հետևանք են կեղծված ընտրությունների՞:
-Այո: Բոլոր խնդիրները քաղաքական, ոչ թե տնտեսական պատճառներ ունեն: Եթե տեսականորեն այսօրվա կառավարությունը դառնա իդեալական, այս խորհրդարանը չի թողնի դա, քանի որ օրենքներն այստեղ են դակվում` խորհրդարանում նստածների շահերից ելնելով: Իսկ երբ լինի արդար ընտրված ԱԺ, կարող է արդար կառավարություն ձևավորել:
-Վերադառնանք հարկային նոր օրենսգրքին. շատ գործարարներ մտավախություն ունեն, որ իրենց հաշվին են փորձում դատարկված բյուջեն լցնել: Ի՞նչ եք կարծում՝ ըմբոստացող գործարարները «զո՞հ» են:
-Իհարկե, իրենք մտահոգ են, քանի որ իրենց բիզնեսին խփում են: Բայց երանի թե այս նախագծի նպատակը խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելը լիներ: Սրա արդյունքում ավելի շատ տուժելու են շարքային քաղաքացիները: Հարկային այս բարեփոխումների, թե չարափոխումների արդյունքում ավելանալու են ակցիզները, սպիրտի, վառելիքի, ծխախոտի, գազի գներ, ինչը շղթայական ռեակցիայով հանգեցնելու է բոլոր ապրանքների, ծառայությունների թանկացմանը: Ստացվեց, որ ոչ թե բիզնեսի, այլ քաղաքացու «քթից» են դուրս գալու այս «բարեփոխումները»: Հարկային այս փոփոխության ողջ փիլիսոփայությունն այն է, որ բիզնեսից բեռը տեղափոխվի շարքային քաղաքացու վրա: Այս նախագծով ոչնչացվելու է նաև միջին խավը՝ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողի համար եկամտահարկը 20 տոկոսից դառնում է 28 տոկոս: Այսինքն, կիսով չափ ավելացնում են քաղաքացու եկամտահարկի բեռը: Իսկ 200, 300, 400 հազար դրամ ստացողները մեծահարուստները չեն, միջինից մի քիչ լավ ապրողներն են, ովքեր ինտելեկտուալ են և սեփական գիտելիքներով են գումար վաստակում: Նրանց աշխատավարձի դրույքը ինչո՞ւ ես 20-ից 30 դարձնում, նրանց ոչնչացնում ես, ախր: Սրա վկայությունն է նաև այն, որ փոքր ու միջին ձեռնարկություններն ուղղակի ոչնչացվում են, ի հաշիվ սուպերմարկետների, տարեկան 4-5 տոկոսով պակասում է փոքր ու միջին ձեռնարկությունների թիվը: Սուպերմարկետները կլանում, ոչնչացնում են բոլոր ՓՄՁ-ները: Այս քաղաքականության հետևանքով էլ միջին խավը, ՓՄՁ-ներն են ոչնչանում, իսկ հարկային բեռն ընկնում է շարքային քաղաքացու վրա:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ