Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսբերգը դեռ դուրս չի լողացել

Այսբերգը դեռ դուրս չի լողացել
17.06.2016 | 01:16

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում հայտնվում է Սանկտ Պետերբուրգը: Հունիսի 14-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարեց. «Հունիսի 20-ին նախատեսվում է ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Վլադիմիր Պուտինը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»:

«Բնականաբար, մենք ակտիվ փորձ ենք ձեռնարկելու հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցելու համար: Մենք արդեն որոշիչ դեր ենք խաղացել ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Հիմա մենք պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական առաքելությունը, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ լիակատար փոխգործակցությամբ, և հիմնվելով սկզբունքների վրա, որոնք շարադրվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013 թթ. համատեղ հայտարարություններում: Մեր կողմն անցկացնելու է ամենաշահագրգիռ և ակտիվ բանակցությունները»: Փաստորեն՝ Յուրի ՈՒշակովը մի քանի նախադասությամբ շրջանցեց Վիեննան ու իրավիճակը սլացիկ վերադարձրեց «սկզբունքների վրա, որոնք շարադրվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 2009-2013 թթ. համատեղ հայտարարություններում», այսինքն՝ հասնել շրջանակային համաձայնագրի կնքման: Փաստացի Մոսկվան հաշվից դո՞ւրս է գրում ապրիլյան պատերազմը:


Վիեննայից առաջ և հետո ռուսական մամուլը տարօրինակ տագնապի կոչնակ էր հնչեցնում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայից խլում է հարցի կարգավորման նախաձեռնությունը, ՌԴ-ին դուրս են մղում Հարավային Կովկասից: Եթե Վիեննան ամրագրում էր ՀՀ նախագահի բարձրաձայնած պայմանները՝ բանակցությունները շարունակելու համար, և դարձնում էր ԵԱՀԿ առաջարկներ, Սանկտ Պետերբուրգը ՌԴ-ին է վերադարձնում կոնֆլիկտի կարգավորման մենաշնորհը: ԵԱՀԿ-ի մամուլի կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը պարզաբանել է. «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղին նվիրված գագաթնաժողովի կազմակերպմանը, մենք չենք կարող մեկնաբանել»:


Հիշեցնեմ՝ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին հունիսին Սարգսյան-Ալիև հանդիպման մասին և նշեցին, որ կողմերին փոխանցվել են ԵԱՀԿ մշտադիտարկման գրասենյակի հնարավորությունն ընդլայնելու ու հրադադարի խախտման հետաքննման մեխանիզմի ներդրման փաստաթղթերի նախագծերը: ՈՒրեմն՝ ինչո՞ւ է Վիեննան մի կողմ դրվում և փորձ արվում պատմությունը շարունակել նախքան ապրիլյան պատերազմը եղած ելակետով: Գործնականում ապրիլյան պատերազմում ոչ Մոսկվան, ոչ Բաքուն չլուծեցին հիմնական խնդիրը՝ հայկական կողմերին պարտադրել կապիտուլյացիա՝ ռազմական հաղթանակի հիման վրա, և ստիպված էին փոխել մարտավարությունը: Վիեննան քաղաքացիություն տվեց նոր իրավիճակին՝ նախքան բանակցությունները վերսկսելը կարևորելով շփման գծում հրադադարի խախտման վերահսկողության մեխանիզմների տեղակայումը և կրակի դադարեցման երաշխիքները: Դա չի բխում ոչ Մոսկվայի շահերից, որ սեփական խաղաղապահներն է ուզում շփման գիծ բերել, ոչ Բաքվի, որ նախօրեին ու հետո սուբստանցիոնալ բանակցություններ էր պահանջում՝ ելակետ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի անհապաղ կատարումը: ՌԴ Անվտանգության խորհրդի նիստից հետո Ալիևը հրաժարվեց Վիեննայի համաձայնություններից: Մայիսի վերջին Էլմար Մամեդյարովը Բրյուսելում ասաց. «Հակամարտության կարգավորման համար հայկական զորամիավորումները պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: «Մենք ակնկալում ենք, որ հունիսին տեղի կունենա հերթական հանդիպում, որի նպատակը ստատուս քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է»:

Հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնաց Բեռլին և կանցլերի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց. «Մենք ՌԴ-ի հետ ունենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ: Մենք ՌԴ-ն դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, ՌԴ-ի գործելակերպը լիովին համապատասխանում է դրան», և՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ՌԴ-ի՝ որպես ՄԽ համանախագահի դերը «շատ կառուցողական է»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ պատասխանեց. «ՌԴ-ն, իհարկե, վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Մենք կօգտագործենք մեր շփումները, որ աջակցենք ՌԴ կառավարությանը, Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին` լուծելու ԼՂ հակամարտությունը»:


Այս ընթացքում աշխատանքային այցերով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մեկնեց Բելգիա, վարչապետ Արա Հարությունյանը՝ Շվեյցարիա և Ֆրանսիա:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրն ու դրական եզրակացությամբ մտնելով օրակարգ՝ ոչ հերթական, ոչ արտահերթ նիստերում չքննարկվեց: ՀՀԿ-ն, ինչպես միշտ, պաշտպանում է ռուսական ամեն ինչ, փորձելով հիմնավորել անկախության նշույլների օտարումը և ներկայացնել Հայաստանի ձեռքբերումները՝ տարածքի ուսումնասիրության հնարավորություններ, որ մենք չունենք, որոշումներ ընդունելու գրեթե անկախություն: Համաձայնագիրը, որ դեռ չի վավերացրել ՌԴ Պետդուման, ԱԺ օրակարգ կմտնի սեպտեմբերին: Արդեն ավանդույթ է՝ իրավունքները տալ Ռուսաստանին, պարտականությունները պահանջել Արևմուտքից, Մոսկվայից ոչինչ չստանալով՝ փակել Արևմուտքի հետ նորմալ հարաբերվելու ելքերը:


Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան մեկնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան ընդունած նախագահ Հասան Ռոհանին ասաց, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը, և վերահաստատեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծումը։ ՀՕՊ համաձայնագրի մասին՝ ոչ մի խոսք, թեպետ ակնհայտ է, որ թեման Թեհրանում քննարկվել է:
Եթե հայտնի չէ՝ ինչ էր կատարվում այսբերգի ներքևում, վերևում Մոսկվան հաջողությամբ «զբաղեցնում էր» հասարակությանը: Անմահ Փանջունու նոր ուխտագնացություն բեմադրվեց՝ հայրենասիրության հանկարծահաս պոռթկումով Երևան վերադարձավ մոսկվաբնակ Սամվել Բաբայանը: Ո՞րն էր Փանջունու նպատակը՝ հեղափոխություն: Ինչու ու ինչպես հարցը նրան չէր վերաբերում, կարևորը խառնակությունն էր, որ մեր օրերում նշանակում է բերդի բանալիները ներսից հանձնել բերդը պաշարողին: Նրա այցը վճարովի ոգևորությամբ ընդունած ղարաբաղցիներին հիասթափություն էր սպասում՝ գեներալը ձախողեց առաքելությունը: Նրան պաշտպանության նախարար դարձնելու փորձից հետո ծեծ կերավ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, և Սամվել Բաբայանը խորիմաստ լռեց՝ հայտարարելով, որ քայլերը շարունակելու է: Կշարունակի, երբ ստանա հերթական հրահանգը Մոսկվայից՝ շարունակե՞լ խառնակել, թե՞ խելոք սպասել: Գեներալի ձախողումից հետո Կրեմլում հիշեցին, որ հաղթել են ֆաշիզմին ու պիտի հաղթեն «ֆաշիստ» Նժդեհի արձանին: Հացը չկար, զվարճանքը լիուլի էր քաղաքական կրկեսում, այնքան, որ ՀՀԿ-ն որոշեց նամակ գրել Մարիա Զախարովային՝ ի պաշտպանություն չգիտես՝ Գարեգին Նժդեհի՞, թե՞ նրա արձանի:


Վիեննայից հետո Բաքուն շփման գծում համեմատաբար հանգիստ էր, կսկսի կրակել «Ֆորմուլա 1»-ից հետո, երբ ավարտված կլինի նաև մուսուլմանների սրբազան Ռամադանը: Պատկերի ամբողջականության համար՝ հավելեմ, որ հունիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նամակ գրեց Վլադիմիր Պուտինին. «Ողջ թուրք ժողովրդի անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ բոլոր ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթում, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն արժանի մակարդակի բարձրանան»: Էրդողանը նաև փոխեց ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին: Պուտինը չի արձագանքում: Պեսկովն ասաց՝ նամակը ստացել են: Բաքուն քանիցս բարձրաձայնել է հույսերը, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերականգնումը հեշտացնելու է «օկուպացված տարածքների» վերադարձը: Այդպե՞ս է:


Հունիսի 15-ին Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպեց նախ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի պաշտպանության նախարարների հետ: Սեյրան Օհանյանին ասաց, որ Ռուսաստանը ծրագրում է պահպանել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ. «Մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը գոհացնում են մեզ: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով»: Սեյրան Օհանյանը 200 միլիոն դոլար վարկով զենքը չհատկացնելը հիշեցրեց, թե ոչ, հայտնի չէ, հայտնի է, որ ասաց. «Մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և պաշտպանության ոլորտում մեր համագործակցությունը դինամիկ զարգանում է»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին Շոյգուն ասել է. «Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես ամբողջ համագործակցությունը մեր երկրների միջև»:


ՈՒ ի՞նչ: Խայտաբղետ իրադարձությունների խճանկարում պարզ ուրվագծվում է.
1. Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կապ չունի այն հանդիպման հետ, որի մասին մայիսից խոսում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ կարևորելով բանակցությունների վերսկսումը:
2. Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումը չի շարունակելու Վիեննայի պայմանավորվածությունները, առաջարկվելու է կոնֆլիկտի կարգավորման ռուսական նախագիծ, որ պայմանականորեն կարելի է անվանել «Լավրովի պլան»: Հիմքում Կազանի սկզբունքներն են՝ տարածքները հանձնել՝ առանց կարգավիճակի, որ հենց տարածքային ամբողջականության սկզբունքն է՝ առանց ազգերի ինքնորոշման սկզբունքը նույնիսկ հիշելու:
3. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները տեղեկացված են, նրանք նույնպես սպասում են Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը՝ առանց էական արդյունքների ակնկալիքի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ստանիսլավ Տարասովը REGNUM-ում՝ հղում անելով անհայտ «հայ փորձագետների», հրապարակեց հետաքրքիր վարկած. «Լեռնային Ղարաբաղը, պահպանելով դեֆակտո գոյություն ունեցող համադաշնային հարաբերությունները Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ դաշնակցա-պայմանագրային հարաբերությունների մեջ է մտնում՝ որոշակի երաշխիքներ ունենալու պայմանով. 1) հատուկ տնտեսական գոտի, որ բացառում է Ադրբեջանի դիկտատը, 2) ինքնապաշտպանության ուժեր հստակ սահմանված մանդատով և միջազգային դիտորդներին ենթակա, 3) գործադիր ու ներկայացուցչական իշխանությունների, կառավարման ու դատաքննության սեփական մարմիններ՝ Ադրբեջանի որոշումները վիճարկելու իրավունքով հատուկ ստեղծվելիք միջազգային արբիտրաժում, 4) սեփական քաղաքացիություն, որ բացառում է բնակչության մեխանիկական աճը և սեփականության իրավունք է տալիս, 5) միջազգային կառույցներում ներկայացուցչության որոշակի ձև: Այս համալիրը կարող է իրականացվել իբրև ժամանակավոր միջոց միջազգային երաշխիքներով՝ ընդհուպ մինչև միջազգային իրավունքի նորմերով պահանջված հանրաքվե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»:
Բայց սա խայծ է՝ «փաթեթ»-ի տեսքով, այսբերգը դեռ դուրս չի լողացել:

Դիտվել է՝ 2074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ