Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ե՞րբ և որտե՞ղ կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը

Ե՞րբ և որտե՞ղ կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը
28.06.2016 | 12:14

Կատարվեց՝ ինչ կանխատեսված էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հատուկ նամակ գրեց ռուս գործընկերոջը և հերթական անգամ վերահաստատեց իրավիճակի կարգավորման իր շահագրգռվածությունը՝ ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով, և երկու երկրների ռազմավարական գործակցության վերականգնմամբ: Բայց գլխավորը, ինչպես ընդգծեց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, Թուրքիայի նախագահը հնչեցրեց ռուսական կողմի ակնկալած ներողությունը, որ ազդանշան է՝ Անկարան պատրաստ է քննարկել համապատասխան նյութական փոխհատուցումների հարցը:

Անկարայի ու Մոսկվայի հրապարակային «նուրբ» ակնարկները փոխհարաբերությունների նորմալացման սկսված գործընթացի, ապա նաև երկու երկրների դիվանագետների չբարձրաձայնվող աշխատանքները տվեցին դրական արդյունքներ: Բայց ինչքան էլ փորձես, Էրդողանի քայլը հնարավոր չէ ըստ արժանվույն գնահատել՝ կտրելով իրավիճակի ենթատեքստից, որ ձևավորվել է գլոբալ քաղաքականության մեջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո: Աշխարհը փոխվում է և փոփոխություններին պետք է հարմարվել: Տևական ժամանակ Թուրքիան, փորձելով ձևավորել ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն, հայտնվում էր իր արևմտյան գործընկերների քաղաքականության հետնաբակերում, որ հաստատվեց արաբական գարնան ժամանակ, հետո՝ սիրիական ճգնաժամի: Սադրանք սարքելով ռուսական ռմբակոծչի հետ՝ Անկարան կորցրեց Ռուսաստանի լուրջ աջակցությունը և տարածաշրջանի ճգնաժամային իրողությունների արձագանքման մեջ, և ահաբեկչության դեմ պայքարում, որտեղ հաճախ մնում էր մենակ: Վաշինգտոնը և Բրյուսելը միշտ ցավագին են արձագանքում ռուս-թուրքական քաղաքական-տնտեսական ալյանսին, իսկ երբ փլուզվեց, նրանք Անկարայի ակնկալած աջակցության փոխարեն ուժեղացրին աննախադեպ ճնշումը: Էրդողանը գիտակցեց, որ Պուտինի աջակցությունն իրեն պետք է արտաքին քաղաքականության նոր սցենար սկսելու համար: Անտեսելով անձնական ամբիցիաները, նա նախապատվությունը տվեց երկրի ազգային շահերին՝ գրագետ ու ժամանակին քայլ արեց: Հիմա հավանաբար Սոչիում նախապատրաստվող ՍԾՏՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, ուր հրավիրված է և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաշտեցման երկխոսությունը կշարունակվի, հատկապես՝ երկու նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Նրանք, բացի ավանդական թեմաներից ու պրոբլեմներից, քննարկելու բազում հարցեր ունեն, հատկապես երբ անհետանում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման հեռանկարը:


Թուրքիայի պաշտպանության նախարարը, մեկնաբանելով Էրդողանի նամակը Պուտինին, վստահորեն հայտարարեց, որ «Անկարային ու Մոսկվային հիմա սպասում է նշանակալից առաջընթաց փոխհարաբերություններում»: Brexit-ից հետո Գերմանիան ու Ֆրանսիան առաջարկել են Եվրամիությունը փոխարկել միասնական սուպերպետության: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերը մտադիր է 9- էջանոց փաստաթուղթ ներկայացնել Պրահայում Վիշեգորոդյան քառյակի իր գործընկերների հետ հանդիպմանը: Այդ նախագծի համաձայն՝ անդամ երկրները չեն ունենա սեփական բանակ, հատուկ ծառայություններ, առանձին Քրեական օրենսգիրք, ազգային տարադրամ, կորցնում են իրենց սահմանների, փախստականների ընդունման և տեղաբաշխման վերահսկողությունը: Նախագիծը առաջարկում է միասնական վիզային համակարգ, ընդհանուր արտաքին քաղաքականություն, ՆԱՏՕ-ի դերի սահմանափակում եվրոպական մայր ցամաքում: Այդպիսի նվազումով պե՞տք է Թուրքիային ՆԱՏՕ-ն և չի՞ գալիս ալյանսի հետ փոխհարաբերությունները վերանայելու պահը: Դեպի ո՞ւր գնալ՝ նորի՞ց Արևմուտք, թե՞ Արևելք, որ հնարավոր չէ առանց Ռուսաստանի հետ իրական ռազմավարական ալյանսի: Շուտով կլինեն և այս հարցերի պատասխանները:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Եթե ռուս-թուրքական եղբայրությունը վերականգնվում է ողջ ծավալով և Կրեմլը խորապես թքած ունի, որ, ինչպես ինքն էր լուսանկարներով ապացուցում, Անկարան գորակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, եթե չեղյալ են հայտարարվում ռուս-թուրքական հակասությունները Սիրիայում, եթե Մոսկվան կայուն ու զարգացող հարաբերություններ ունի Իսրայելի հետ, իսկ Անկարան վերականգնում է Թել Ավիվի հետ կապերը, տարածաշրջանում ստեղծվում է ուժերի նոր դասավորություն: Բնականաբար՝ մնում է պարզել Իրանի վերաբերմունքը: Բրյուսելն ու Վաշինգտոնը, հարկավ, արագ կարձագանքեն: Ակնհայտ է, որ ռուսները շատ են շտապում վերջին քարը դնել Եվրամիության շիրմին, կառույցը կա և չի շտապում ինքնափլուզվել՝ ինչպես երազում են Մոսկվայում ու Անկարայում: Նորություն է, որ Թուրքիան կարող է հրաժեշտ տալ ՆԱՏՕ-ին, բայց ոչ բոլոր նորություններն են իրականությանը համապատասխանում: Եթե իրավ Անկարան որոշի սահմանափակել մասնակցությունը ալյանսին կամ, որ գրեթե անհնար է, հեռանա, իբրև ՆԱՏՕ-ի հենակետ տարածաշրջանում «բերելու է» Վրաստանի բախտը: Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ երազներ են Մոսկվայում տեսնում: Անկարային դեպի Արևելք մղելու դեպքում պետությունների մի երկար շարք պիտի վերաիմաստավորի իր քաղաքականությունը տարածաշրջանում, և դա միայն Իրանը չէ, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Թունիսը, Սոմալին, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Բահրեյնը՝ նշված ու չնշված երկրներ, որոնց ներքին գործերին Անկարան այս ընթացքում փորձել է միջամտել՝ հաստատելու տարածաշրջանում առաջատարի դիրքեր: Արևելքում Թուրքիան անելիք չունի:

Թուրքիան անելիք չունի և Արևմուտքում: Բայց այս հարցերը թողնենք տարածաշրջանին: Եթե իրավիճակ է փոխվում և այլևս Անկարան Մոսկվայի թույն թշնամին չէ, Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հարավային օկրուգում ՀՕՊ համակարգի ուժեղացումը, Մոսկվայի ինչի՞ն է պետք Գյումրու ռազմաբազան, եթե թիրախը ՆԱՏՕ-ն էր ու, իբր, Հայաստանի պաշտպանությունը Թուրքիայի ագրեսիայից: Եթե Ռուսաստանի Դաշնությունը բարեկամանում է Հայաստանի Հանրապետության «թշնամի» Թուրքիայի հետ (որին ինքն էր թշնամի ներկայացնում իր շահերից ելնելով), եթե Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական համագործակցության մեջ է Ադրբեջանի հետ (որն ինքն է Հայաստանին իր թշնամին հայտարարել), Հայաստանը պիտի շարունակի՞ ինքնաբերաբար «թշնամի» դառնալ Ռուսաստանի «թշնամիներին» և այդ պատճառով խաղա «ոչ մի բարեկամ տարածաշրջանում» խաղը: Միասնական ՀՕՊ համակարգը նոր իրավիճակում ոչ թե ռազմականորեն ամրապնդում, այլ աշխարհաքաղաքականորեն խոցելի է դարձնում Հայաստանին, ու համաձայնագրի ընդունումը պետք չէ պայմանավորել Հայաստանին վարկով զենքի հատկացման հետ: Պատրվակ է դա, շանտաժ, կվավերացնենք, նոր պայման կդրվի: Տարասովը ճիշտ է՝ փոփոխություններ են կատարվում, բայց ոչ թե պետք է այդ փոփոխություններին հարմարվել, այլ սեփական անվտանգությունն ու շահերը գնահատելով՝ սեփական քայլերն անել: Մոսկվան օրը մեկ ծրագրեր ու նպատակներ է փոխում, ձեռնոցների պես, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ «ձեռնոց» լինելու թեթևամտությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ