Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանի կիրակնօրյա ընտրությունները՝ Պուտինը ամենակոշտ վերահսկողությունն է սահմանել

Ռուսաստանի կիրակնօրյա ընտրությունները՝ Պուտինը ամենակոշտ վերահսկողությունն է սահմանել
17.09.2016 | 11:52

Կիրակի օրը ռուսաստանցիները ընտրատեղամասեր կգնան՝ ընտրելու Պետական դումա՝ The Washington Post-ում գրում է ԱՄՆ Վեստ Պոյինտի ռազմական ակադեմիայի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ռոբերտ Պերսոնը: Երբ նրանք վերջին անգամ ընտրեցին, երկիրը ցնցեցին1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամենազանգվածային բողոքները: Որոշ գնահատականներով՝ 150 հազար մարդ է մասնակցել այդ ցույցերին: 2011-2012-ի էլեկտորալ ընդվզումը ցնցեց Վլադիմիր Պուտինին և իշխող "Единая Россия"-ին: Այս անգամ Կրեմլը պատահականությանը տեղ չի թողնի: Ընտրական այս գործընթացը ենթարկվում է ամենաբծախնդիր վերահսկողության և կոշտ ռեժիսուրայի հետխորհրդային պատմության մեջ: Վերլուծաբանների մեծ մասը Պուտինի մեջ տեսնում է մարդու, որ The New Yorker-ի խմբագիր Դևիդ Ռեմնիկի խոսքով՝ «իշխանություն է որոնում հանուն իշխանության»:

Այդպես չէ: Պուտինը անվստահ ղեկավար է, որ պաշտպանվում է ի պատասխան ներքաղաքական մարտահրավերների, այլ ոչ թե քաղցած ավտոկրատ, որ ավելի ու ավելի մեծ իշխանության է ծարավի: 2000-ին նախագահ դառնալուց հետո նրա հակաժողովրդավարական քաղաքականության, բարենորոգումների ու գործողությունների մեծ մասը պաշտպանություն էր՝ ի պատասխան նրա քաղաքական անվտանգությանը և քաղաքական կյանքին սպառնացող իրական ու թվացյալ սպառնալիքների: Դրա ընկալումը թույլ է տալիս նոր լույսով տեսնել վերջին 16 տարիներին Ռուսաստանի անցած ավտորիտար հետագիծը: Ամեն անգամ, երբ Պուտինը քաղաքական սպառնալիք է տեսնում, նա հակաքայլեր է ձեռնարկում՝ այդպիսով աստիճանաբար, բայց նկատելիորեն երկիրը ավելի ու ավելի մերձեցնելով կոնսոլիդացված բռնապետության: Ընտրությունների արդյունքների կեղծման ռուսական համակարգը առանձնահատուկ է, 2011-ին համակարգը չաշխատեց՝ "Единой России"-ի աջակցության մակարդակը անսպասելի ցածր ստացվեց, անգամ արդյունքների կեղծումից հետո իշխող կուսակցությունը ստացավ ընդամենը 49 %:

Նույնիսկ այդ արդյունքը հարուցեց զանգվածային բողոքներ, որ ցնցեցին իշխող էլիտային, այդ թվում՝ Պուտինին:
2000-ից հետո առաջին անգամ ռուսաստանցիները իշխանության դեմ գնալու և մտադրություն, և ունակություն ցույց տվեցին՝ իրենց դրսևորելով իբրև սպառնալիք: Այդ ժամանակից Պուտինի շատ ներքաղաքական գործողություններ բացահայտորեն պաշտպանական արձագանքներ են՝ ուղղված քաղաքացիական շարժման հետագա սպառնալիքների չեզոքացմանը: 2012-ից չարտոնված հանրահավաքին մասնակցության պատժաչափը կտրուկ խստացավ՝ տուգանք մինչև 30 հազար դոլար և մինչև 5 տարի բանտարկություն: Ընդդիմադիր առաջնորդները, ինչպես բլոգեր և ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին, ենթարկվում են բազմակի ձերբակալությունների, դատաքննությունների ու նույնիսկ կրեմլամերձ կազակների ծեծուջարդին (նրանք դեռ գոյություն ունեն իրենց մորթե գլխարկներով):


Կիրակի օրվա ընտրությունների արդյունքները Կրեմլը, հավանաբար, ավելի զգույշ և նվազ հանդուգն կաղավաղի, Դուման ընդունել է մի շարք ընտրական օրենքներ՝ կշեռքի նժարը "Единой России"-ի օգտին թեքելու համար՝ կեղծիքների չդիմելով՝ երեք ամիս առաջ ընտրությունները դեկտեմբերից տեղափոխվեցին սեպտեմբեր, դա թույլ տվեց կրճատել նախընտրական արշավի ժամանակը, և փոքր կուսակցությունների համար դժվարացրեց անհրաժեշտ ստորագրությունները հավաքելը՝ քվեաթերթիկում հայտնվելու համար: Սեպտեմբերին ռուսաստանցիներին քաղաքականությունը քիչ է հետաքրքրում՝ ամառային արձակուրդներից հետո՝ աշխատանքի ու ուսման վերադառնալիս: Նորից ներմուծվել է միամանդատ ընտրության համակարգը, որ առավելություններ է տալիս հայտնի և նյութապես ապահով կուսակցությունների թեկնածուներին:
Ռոբերտ ՊԵՐՍՈՆ, The Washington Post


Հ.Գ. Կիրակի օրվա ընտրություններից հետո նորից իբրև մեծամասնություն "Единая Россия"-ն կվերադառնա Պետդումա՝ իր հետ բերելով Գենադի Զյուգանովի կոմունիստներին ու Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատներին, չորրորդը Սերգեյ Միրոնովը կլինի իր «Արդար Ռուսաստանով»: Նրանք համատեղ կխաղան իշխանություն-ընդդիմություն, իսկ ընդդիմությո՞ւնը: Մեկ-երկու պատգամավոր գուցե հայտնվեն Դումայում, ինչպես եղավ Բելառուսի խորհրդարանական ընտրություններում: Նախընտրական ամբողջ ընտրարշավում նոր դեմքեր չեն եղել, որտեղի՞ց պիտի հայտնվեն Դումայում: Խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում, ինչպես բոլոր մյուս ընտրությունները, նախ կատարվում են Պուտինի գլխում, հետո պրոյեկտվում են հասարակության մեջ՝ ինչպես նշում են ռուս փորձագետները, որոնց արտոնված է ազատ խոսք արտահայտել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ