Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էսքիզներ ու չոր մաթեմատիկա

Էսքիզներ ու չոր մաթեմատիկա
07.10.2016 | 00:59

Կադրային տեղաշարժերի առաջին գծում նախարարներն են, բայց կա երկրորդ գիծ, որ նվազ կարևոր չէ: Երկրորդ գծում հաղթական առաջ է շարժվում Ռոբերտ Քոչարյանը: Մնում է՝ Վարդան Օսկանյանը դառնա Անվտանգության խորհրդի քարտուղար, որ պատկերն ամբողջանա: Յուրի Խաչատուրո՞վը: Նա երկար չի մնա մի պաշտոնում, որտեղ գործնական ոչինչ չկա՝ ամեն ինչ քաղաքականություն է՝ քաղաքականության վրա:
Լավ, Հ1-ը որոշել էր ռաբիսանալ, թող ռաբիսանար: Հ2-ը բարձր հիմքերի վրա այդ գործն անում է տարիներով, ԱԼՄ-ի պես փակե՞լ են: Նույնիսկ Գալուստ Սահակյանն է «մենակ, մի քանի հոգով» ռաբիսին տրվում՝ երևի նիստերի ընդմիջումներին: Բայց ՀՀ նախագահը գնաց Հանրային, ճիշտ է, տոնի առիթով, ու… քննադատեց: Ռուբեն Ջաղինյանին գործից հանելն ու մեկ տասնյակ թեկնածուների շրջանառության մեջ դնելը նոր շարմ է:

Ով էլ գնա, նախագահականից լրատվական դաշտը համակարգողը լինելու է Ալեքսանդր Հարությունյանը: Դեսպանափոշին նրա ուսերին առանձնապես չնստեց՝ նա վերադարձավ նախագահական, որտեղ կյանքը լավ էլ ստացվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Վերադարձավ նաև Արմեն Գևորգյանը՝ տարանցիկ պաշտոն ունենալով ԱԽ քարտուղարի մի քանի ամսվա աշխատանքը: Իհարկե, կա փայտի հակառակ ծայրը՝ նրանք, գործող նախագահի մերձավոր շրջանակ վերադառնալով, ոչ թե բերում են Ռոբերտ Քոչարյանին իրենց հոգում, այլ ՀՀ երրորդ նախագահը երկրորդի կադրային ռեսուրսներն է մաշում, որ ոչ ոք X պահին չդառնա վտանգավոր: Ինչպես գոյության իրավունքն է վերադարձվում Ռոբերտ Քոչարյանի ձախողված քաղաքական նախագծին՝ ԲՀԿ-ին՝ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ: Փորձեք պատկերը ամբողջացնել, կպարզվի՝ պատկեր չկա, կան էսքիզներ ու չոր մաթեմատիկա:


Էսքիզ 1. X պահին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս և գլխավորում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը: Ընտրություններից հետո նա դառնում է ԱԺ նախագահ, վարչապետ թողնելով Կարեն Կարապետյանին, պայմանով՝ քաղաքականությունը՝ ինձ, տնտեսությունը՝ քեզ: Իբրև խորհրդարանական կառավարման մոդելն ընտրած պետության ԱԺ նախագահ՝ ինքն էլ բանակցում է ԼՂ հարցով:
Էսքիզ 2. X պահին Սերժ Սարգսյանը ինքն է դառնում վարչապետ՝ Կարեն Կարապետյանին վերադարձնելով՝ որտեղից եկել էր, նույնիսկ նրա ու նրա թիմի ՀՀԿ-ական դառնալուց հետո: ԼՂ հարցով բանակցությունները ինքն էլ վարում է իբրև վարչապետ:
Էսքիզ 3. X պահին, որ կարող է ստեղծվել ԱԺ ընտրությունների՝ ՀՀԿ-ի համար ֆորս մաժորով, Սերժ Սարգսյանը ո՞ւմ կարող է վստահել ԼՂ բանակցությունները, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանին: Ոչ միայն Ղարաբաղը, այլև այն, ինչ Հայաստանում ունեն:
Ի վերջո, բանակի համար փաստացի պաշտպանության նախարարը ոչ թե Վիգեն Սարգսյանն է, ում հենց նախագահը վերապահեց քաղաքական գործունեություն, այլ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը (ԼՂՀ նախկին Պնախարարը): Ստացվում է, որ վերին ոլորտներում նշանակումները, ունենալով քարոզչական նպատակներ, ապահովում են X պահին պատրաստ լինելը: X պահը մաթեմատիկորեն հաշվարկել Հայաստանում չի ստացվում, ինչպես չստացվեց ԱԳ նախարար փոխելը: X պահը խիստ քաղաքական է և ուրեմն նույնքան անկանխատեսելի, բայց նախագահի պաշտոնում գտնվող մարդը պիտի բացառի անկանխատեսելին իբրև կատեգորիա: Ահա այսպիսի մաթեմատիկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ո՞Ւր մնաց Հովիկ Աբրահամյանը: Նա հաշվարկում է իր X պահի X դաշնակիցներին: Մեկից ավելի «երիտասարդ թոշակառու» սոցիալական այս վիճակում պահելը բյուջեն սեկվեստրի կհասցնի: Քաղաքական դեֆոլտն իբրև հեռանկար X պահի հարց է: Ոչ միայն նրա, X թվով մարդկանց համար, որ նրանց միավորում է ու բաժանում:

Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ