Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընտրություններ, որ վերջակետվեցին Երևանում

Ընտրություններ, որ վերջակետվեցին Երևանում
11.10.2016 | 00:22

Սեպտեմբերի 16-ին և հոկտեմբերի 2-ին կայացան ՏԻՄ ընտրություններ: Սեպտեմբերյան փուլն անցավ գրեթե անաղմուկ, հոկտեմբերյանը դարձավ բուռն քննարկումների թեմա: ՈՒ ի՞նչ ունենք:


1. ՏԻՄ ընտրություններին, ՀՀԿ-ից բացի, մասնակցեցին խորհրդարանական մյուս ուժերը (բացի «Ժառանգությունից»), դա ընտրությունները դարձրեց մրցակցային:
2. Արձանագրվեց «ավանդույթների» կենսունակությունը՝ խախտումների, ընտրակաշառքի ու ընտրակեղծարարության մասով: Ընտրությանը հաջորդող օրերին ԱԺ-ն քննարկեց ու հաստատեց ԿԸՀ-ի նույն կազմը՝ համարելով նրանց անաչառ, փորձառու ու պատասխանատու, պնդելով, որ կարևորը հավատն է ընտրությունների նկատմամբ:
3. ՏԻՄ-երում ՀՀԿ-ն պահպանեց գերակշիռ ներկայությունը՝ ՀՀԿ-ականների կամ ոչ ՀՀԿ-ականների տեսքով: Ընտրությունների արդյունքներից դժգոհ մնաց ՀՅԴ-ն, որ նաև չկարողացավ ՀՀԿ-ի համար հուսալի դաշնակից լինել:
4. Երկրորդ փուլում առաջինի հաջողությունը չունեցավ «Քաղաքացիական պայմանագիրը»: ՔՊ-ն և ՀԱԿ-ը մեկական տոկոս ձայներ ստացան՝ կանգնելով վարչության լուծարման առաջ:
5. Համարվում էր, որ Վանաձորում ընդդիմությունը հասավ հաջողության: Մեկշաբաթյա քննարկումներից հետո ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՎԿ-ն համաձայնագիր ստորագրեցին ու երդվում էին, որ միմյանց չեն դավաճանի: Բայց հարց է, թե որ օրվա ընդդիմությունն են ԲՀԿ-ն ու ՀՎԿ-ն և ի՞նչ ընդդիմություն է ԼՀԿ-ն, որ դաշնակցում է նրանց հետ՝ հանուն քաղաքապետ ունենալու:
6. Գյումրիում ընտրությունը ցույց տվեց, որ կատարյալ չէ և օրենսդրությունը՝ իր բոնուսներով, մինուս-պլյուսներով, այն, ինչ թղթի վրա հարթ է, կյանքում բախվում է բարդությունների: Եթե Վանաձորում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը գնացին հետընտրական դաշինքների հանուն իշխանություն ստանալու, Գյումրիում ևս դաշինք է ձևավորվում՝ հանուն իշխանությունը չտալու:
Գյումրու 33 ավագանիների խորհրդի մանդատները բաշխվեցին՝ Բալասանյան դաշինքը՝ 17 մանդատ, ԲՀԿ-ն՝ 8, ՀՎԿ-ն՝ 4, ԳԱԼԱ-ն՝ 4։ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն, ԳԱԼԱ-ն պնդում են, որ 18 մանդատ ունեն, Բալասանյան դաշինքը՝ 15: Հոկտեմբերի 6-ին նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում մանդատ զիջել և բոյկոտելու են ավագանու բոլոր նիստերը՝ մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը։
7. Ընտրությունները և ժողովրդավարությունը Հայաստանում չեն հանդիպում, երկուսն էլ ինքնատիպ ճանապարհով են առաջ գնում: Ոչ մի երաշխիք, որ ՏԻՄ անցած և ԱԺ ապագա ընտրությունները միմյանց հետ որևէ կապ ունեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հոկտեմբերի 10-ին ավագանու 17 անդամներ փակ-գաղտնի քվեարկությամբ Գյումրու քաղաքապետ ընտրեցին Սամվել Բալասանյանին: Նա երդվեց, ստացավ սրբազանի օրհնությունն ու անցավ պարտականությունների կատարմանը, ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն, ԳԱԼԱ-ն նիստին չմասնակցեցին, նրանք հրաժարվում են մանդատներից և դիմելու են վարչական դատարան:
Վանաձորում ավագանու առաջին նիստը սկսվեց ժամը 11-ին և ավարտվեց 16-ին՝ ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի հաղթանակով: ԱԺ պատգամավորների՝ Էդմոն Մարուքյանի և Հեղինե Բիշարյանի ներկայությունը սրում էր կրքերը, և առաջին նիստը, մեղմ ասած, խայտառակ էր: Նախ երկար վիճեցին քվեաթերթիկները լուսանկարելու իրավունքի համար, որը Ընտրական օրենսգրքով արգելված չէ, և որոշեցին արգելել: Վեճի հաջորդ թեման գրիչներն էին՝ որոշեցին կապույտ գրիչից բացի, այլ գույնով քվեաթերթիկները համարել անվավեր: Գոռգոռոցով բանավեճի ընթացքը ցույց էր տալիս, որ Քրիստ Մարուքյանը քաղաքապետ չի դառնա: Առաջին նիստը փաստացի կռվի վերածեց Քրիստ Մարուքյանի օգտին առաջին բաց քվեարկությունը, Մամիկոն Ասլանյանը հասկացավ, որ դա կարող է հանգեցնել քաղաքապետի աթոռի կորստին: Միայն ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գալով իրավիճակը վերադարձավ աշխատանքային մթնոլորտին: Ավագանու 33 անդամներից 19-ը ձայն տվեցին Մամիկոն Ասլանյանին, 14-ը՝ Քրիստ Մարուքյանին: Հնարավոր 18 ձայներից 4-ը նա չստացավ: Մամիկոն Ասլանյանը հայտարարեց՝ «Ո՞վ էր ասում, որ վանաձորցիները, որ կուսակցությունից էլ լինեն, ինձ ձայն չէին տալու»: Սա վերջն էր առաջին արարի: Երկրորդ արարը կլինի համատեղ գործունեությունը ավագանիում: Էդմոն Մարուքյանն ընտրության արդյունքը պատճառաբանեց ճնշումներով ու հայտարարեց, որ ոչինչ գաղտնի չի մնա՝ «Մենք իմանալու ենք և հանրությանը տեղեկացնենք»:

Ո՞վ դավաճանեց երեք կուսակցությունների համաձայնագրին՝ իրավական իմաստով արդեն նշանակություն չունի: Կարևոր չէ և քաղաքական իմաստով՝ ի սկզբանե պարզ էր, որ ՏԻՄ ընտրությունների վերջակետերը դրվում են Երևանում՝ ինչ էլ քաղաքական ուժերը հայտարարեն, որոշումներն ընդունում են նախագահականում հանդիպումներից հետո: Ինքներդ որոշեք խորհրդարանական ընդդիմության համապատասխանությունը ընդդիմադիրի գաղափարական ու քաղաքական վարքագծին: Այսպես է վստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ զրոյանում, և ընտրության մեջ չափանիշ դառնում՝ «Ո՞վ ավելի կվճարի»-ն:

Դիտվել է՝ 1461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ