Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՌԻԿՍ՝ տեսակետների ու համակարգերի տարբերություն

ԲՌԻԿՍ՝ տեսակետների ու համակարգերի տարբերություն
20.10.2016 | 22:17

ԲՌԻԿՍ-ի կառույցի համար, որին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը և որն իր ազդեցությունը ամրապնդեց 2008-ի տնտեսական ճգնաժամից հետո, շրջադարձային պահ է սկսվում: Պատճառը տնտեսության տեղապտույտն է, որը կապել է քաղաքական տարբեր համակարգերով հինգ երկրները: Հոկտեմբերի 16-ին Գոայում ավարտված գագաթնաժողովում կողմերը չկարողացան կոնկրետ քայլեր մշակել:

ԲՌԻԿՍ-ի ղեկավարների առաջին գագաթնաժողովը 2009-ին էր, Գոայի հանդիպումը ութերորդն էր: Զարգացած երկրների տնտեսությունը 2008-ի ճգնաժամից լուրջ վնասներ կրեց: ԲՌԻԿՍ-ի երկրները արագ տնտեսական աճ արձանագրեցին, մեծացրին իրենց հեղինակությունը՝ ներկայանալով իբրև միություն, որ դիմակայելու է արևմտյան երկրների հաստատած աշխարհակարգին: Անցյալ տարի ԲՌԻԿՍ-ի երկրները ստեղծեցին զարգացող երկրներին աջակցության համար Զարգացման նոր բանկ: Աշխատեց նաև Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկը: Սակայն Գոայի գագաթնաժողովում կողմերը չկարողացան ամբողջ աշխարհը հուզող քաղաքական խնդիրների շուրջ միասնական տեսակետ ձևավորել: ԲՌԻԿՍ-ի երկրների քաղաքականությունների տարբերությունը առավել ակնհայտ է դառնում: Գագաթնաժողովը նախագահող Հնդկաստանը կարևորագույն խնդիր որակեց հակաահաբեկչական միջոցառումները: Հնդկաստանը ձգտում է մեկուսացնել հարևան Պակիստանը, որին համարում է ահաբեկչությանն աջակցող երկիր: Նրա ձգտումները հակադրվում են Չինաստանին, որ սերտ կապված է Պակիստանի հետ: Ի վերջո, կողմերը սահմանափակվեցին ահաբեկչության քննադատությամբ:


Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում չեն համընկնում տեսակետները Ռուսաստանի, որ շարունակում է ավիահարվածները ընդդիմադիր ուժերին, և Հնդկաստանի, որը չի ուզում այդ խնդրին անդրադառնալ: Ի վերջո, կողմերը միայն նշեցին, որ կոնֆլիկտի բոլոր մասնակիցները պետք է խաղաղ կարգավորման ձգտեն: Հաագայի դատարանի որոշումը, որով մերժվեցին Չինաստանի հողային հավակնությունները Հարավչինական ծովում, միմյանցից բաժանում են Չինաստանն ու Հնդկաստանը, որի համար ավելի ընդունելի է ԱՄՆ-ի ու Ճապոնիայի տեսակետը: ԲՌԻԿՍ-ի երկրների տեսակետները տարբեր են և դիվանագիտության ու անվտանգության ապահովման ոլորտում: Ռուսաստանն առճակատման մեջ է ԱՄՆ-ի հետ, իսկ Հնդկաստանը փորձում է բարեկամական հարաբերություններ պահպանել: Այդ պատճառով կողմերը կենտրոնացան հիմնականում տնտեսական խնդիրների վրա՝ ընդհանուր շահ համարելով իրենց հեղինակության մեծացումը միջազգային ասպարեզում: Էներգառեսուրսների գնանկման հետևանքով սպասվում է, որ 2016-ին Ռուսաստանն ու Բրազիլիան, որ տուժում են նավթի ցածր գնից ու տարադրամի կուրսի անկումից, տնտեսության բացասական աճ կունենան: Հնդիկ ռազմական փորձագետ Սուրիա Գանգադարանի կարծիքով՝ ԲՌԻԿՍ-ում տնտեսական իրավիճակի վատացման պատճառով կասկածի տակ է դրվում կառույցի պահպանումը:
Իոմիուրի ՍԻՄԲՈՒՆ, Ճապոնիա, Սիգեկի Տաո


Հ.Գ. Իհարկե, ճապոնացիների համար ԲՌԻԿՍ-ն անցանկալի կառույց է՝ հաշվի առնելով Չինաստանի անդամությունը, բայց կառույցի դժվարություններն օբյեկտիվ են: Հինգ երկրները, որ քաղաքական հարցերում տարաձայնություններ ունեն՝ ընդհանուր հայտարար են որոնում տնտեսության մեջ, նաև այդտեղ չկարողանալով միասնական տեսակետներ ստանալ քննարկումների արդյունքում: Ամենայն հավանականությամբ՝ Գոայի գագաթնաժողովից հետո ԲՌԻԿՍ-ի երկրները որոշ ժամանակ ինքնուրույն կփորձեն իրենց խնդիրները լուծել՝ կառույցը չլուծարելով՝ մինչև լավագույն ժամանակների գալը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ