ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ո՞րն է Թուրքիայի տեղը Թրամփի ու Պուտինի միջև

Ո՞րն է Թուրքիայի տեղը Թրամփի ու Պուտինի միջև
11.01.2017 | 15:10

Ֆրանսիացի քաղաքագետ Ժերար Շալյանը վերլուծում է նախագահ Էրդողանի քաղաքականության ուժեղ ու թույլ կողմերը Ստամբուլի ահաբեկչության, Սիրիա ներխուժման և ԱՄՆ-ի նոր դիվանագիտության լույսի ներքո: Փորձագետի հետ հարցազրույցը վարել է Le Figaro-ի լրագրող Մարիա-Լետիցիա Բոնավիտան:


«Ահաբեկչությունը Ստամբուլում կապ ունի՞ Սիրիայի պատերազմի հետ» հարցին Ժերար Շալյանը պատասխանել է. «Ստամբուլի ահաբեկչությունը մեկն է նման բազմաթիվ ահաբեկչություններից, որ անկասկած վնասում է զբոսաշրջությանը և ոչ թե ինչ-որ քրդի ձեռքի գործն է, ինչպես կարելի էր կարծել, այլ՝ օտարերկրացի ջիհադիստի: Սա լիակատար շրջադարձ է Թուրքիայի նախագահի մարտավարության մեջ, որ սկսեց ապացուցված աջակցությունից, իսկ հետո անցավ բացահայտ թշնամության ԻՊ-ի և մյուսների նկատմամբ»:
Սիրիայում Թուրքիան փորձում է տիրել Էլ Բաբ քաղաքին, որ ԻՊ-ի ձեռքում է: Այնուհանդերձ, Թուրքիան չաջակցեց, ի հակադրություն իր սովորական գործելակերպին, «Ֆատահ ալ Շամի» ղեկավարած ապստամբական իսլամիստական շարժումներին Արևելյան Հալեպի պաշարման ժամանակ: Իրականում Թուրքիային հետաքրքրում է, որ սիրիա-թուրքական սահմանը չհայտնվի սիրիացի քրդերի վերահսկողության տակ: Պուտինի հետ Մոսկվայում ստորագրված ժամանակավոր համաձայնագրով Անկարան հասավ նրան, որ ռուսական ուժերը չեն աջակցում քրդերին (նաև՝ ամերիկացիները), որ շրջափակեն սահմանի հարյուրավոր կիլոմետրերը, որ իրենք չեն վերահսկում՝ բացատրում է փորձագետը: Թուրքիան դադարեց պնդել ցանկացած որոշում ընդունելուց առաջ Բաշար Ասադի հեռանալը: Ի վերջո, այլևս ոչ ոք չի հետաքրքրվում Վաշինգտոնի կարծիքով՝ մի նախագահից մյուսին իշխանությունը փոխանցելուց երկու շաբաթ առաջ:


«Իրականում ի՞նչ է փնտրում Էրդողանը Թուրքիայի համար» հարցին փորձագետը պատասխանել է. «Էրդողանը իրեն ներկայացնում է կրոնական ավանդույթի վերականգնող և ջանում է ուժեղացնել կայսրության ժառանգությունը, ընտրություն կատարելով հօգուտ անցյալի մեծության փառաբանման, այլ ոչ թե վերջին երկու դարերի անկման հիշատակման վրա: Պետական ձախողված հեղաշրջման փորձից հետո (որի մասին, իր ասելով, իրեն զգուշացրել են ռուսները) Էրդողանը զտումներ սկսեց հասարակության բոլոր շերտերում, որ թշնամաբար էին տրամադրված իր նկատմամբ: Նա մտադիր է բացել մուտքը բանակ սպաների մակարդակով կրոնական դպրոցների սաների առաջ՝ ապակենտրոնացնելով անձնակազմը, որտեղ շատ տարածված է քեմալականությունը»:


«Հասարակության այդօրինակ իսլամացումը չի կարող նպաստել առանց այդ էլ խիստ թուլացած կապերին Թուրքիայի ու Եվրոպայի միջև»՝ նկատել է լրագրողը, որին ի պատասխան փորձագետն ասել է. «Թուրքիան սերտ տնտեսական կապեր ունի եվրոպական շուկայի ու հատկապես Գերմանիայի հետ: Բացի այդ՝ Թուրքիան հանձն է առել, նշանակալից գումար ստանալով, պահել 2 միլիոն փախստականի, որ ուզում են Եվրոպա գնալ»:
«Դոնալդ Թրամփի իշխանության գալը կարո՞ղ է վերջ դնել Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցմանը» հարցին Ժերար Շալյանը պատասխանել է. «Դոնալդ Թրամփի իշխանության գալով, կարծես, Մերձավոր Արևելքում Իրանի վիճակն առավել անկայուն է դառնում, մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չպետք է անկումներ ունենա: Վլադիմիր Պուտինը, որ շահույթներն է հավաքում Թրամփի քաղաքականության շրջադարձերից, պետք է իր ամբողջ մարտավարական տաղանդն օգտագործի, որ միաժամանակ պահպանի և կապերն Իրանի հետ, և ջերմ հարաբերությունները Թուրքիայի հետ»:
Մարիա-Լետիցիա ԲՈՆԱՎԻՏԱ, Le Figaro


Հ.Գ. Թրամփի ու Պուտինի միջև Էրդողանի դերը մեկն է՝ ստանալ ԱՄՆ-ից նոր տեխնոլոգիաներ ու ֆինանսներ, Ֆեթուլլահ Գյուլենին, Ռուսաստանից՝ տարածաշրջանային աջակցություն, զբոսաշրջիկներ և երկուսին էլ պահել տարածության վրա՝ չմիջամտելու Թուրքիայի ներքաղաքական կյանքին: Բայց այդպես չի լինում: Էրդողանը, որ իր կարծիքով ԻՊ-ի միջոցով ուզում էր լուծել քրդերի հարցը, երկիր բերեց ահաբեկչությունը, որից չի կարողանում ազատվել: Սիրիան Անկարայի համար կենսական հարց է՝ թույլ չտալ քրդական պետության ստեղծում, և Էրդողանը, իր հեղհեղուկ քաղաքականությամբ, հայտնվեց ԻՊ-ի ու քրդերի միջև՝ հընթացս կորցնելով Արևմուտքի ու ԱՄՆ-ի աջակցությունը, վերականգնելով Պուտինի հետ համագործակցությունը, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է օգտագործել մյուսին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ