ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տիտղոսային ընդդիմության վախճանը

Տիտղոսային ընդդիմության վախճանը
01.02.2017 | 10:30

«Ժառանգություն» կուսակցությունում առայժմ չեն հստակեցրել ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը` դա պայմանավորելով ընդդիմադիր լայն ձևաչափի ստեղծման անհրաժեշտությամբ: Իրականում բոլոր հնարավոր դաշինքները կամ ձևավորվել են, կամ գտնվում են ձևավորման փուլում, և ակնհայտ է, որ մեծ դաշինք ստեղծելու անգամ տեսական հնարավորություն արդեն չկա:

Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն առայժմ շարունակում է բանակցությունները հրապարակի վրա գտնվող բոլոր երեք դաշինքների հետ` դրանց համամասնական ցուցակներից մեկում "արժանապատիվ" ներկայություն ունենալու հույսով: "Ժառանգությունում" ձևավորված քաղաքական հավակնությունները բխում են 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքներից, սակայն որևէ աղերս չունեն այսօրվա իրականության հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքական կապիտալը մսխել է դեռ 2013-ի գարնանը, երբ հանրային աննախադեպ աջակցությունը զրոյացրեց «բարևի» աննպատակ գործընթացում և Ծիծեռնակաբերդի բարձունքում` քաղաքականությունը մոմավառությանը զոհաբերելով: Նախագահական մեկ այլ ընտրությունների ֆավորիտ Ստեփան Դեմիրճյանն ավելի շուտ հասկացավ, որ իր «աստեղային ժամը» վաղուց անցել է և որևէ ցուցակի երկրորդ համար ինքը կարող է լինել միայն քաղաքական ֆիասկո ապրած թիմում և «ի շրջանս յուր» տրամաբանությամբ հայտնվեց ՀԱԿ-ում:

Մյուս «ազգընտիր նախագահը»` Լևոն Տեր-Պետրոսյանը բավարար փորձառություն ուներ` ավելորդ ամբիցիաներ չունենալու համար և դեռ ընտրարշավի մայրամուտին`շեշտը դրեց ոչ թե ֆորմատային, այլ թեմատիկ պահանջարկվածության վրա` օրակարգ բերելով ԼՂ խնդիրը: Քաղաքական նման մարտավարության հաջողությունը, սակայն, ավելի շատ պայմանավորված է ոչ թե սեփական քարոզչությամբ, այլ իշխանությունների և «արտաքին խաղացողների» ցանկությամբ: Խորհրդարանական այս ընտրությունները, անկախ արդյունքից, դառնում են վերջին տասնհինգ տարիների ընդդիմության «կարապի երգը»: Այդպես է լինում, երբ քաղաքականությունը զոհաբերվում է թեյախմությանը, ծիսականությանը, «քաղաքագիտական վերլուծությանը»: Փոխվում են ժամանակները` իրենց հետ բերելով նոր հերոսներ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ