ՈՉ ՈՔ ՆՐԱՆՑ ՉԻ ՀՈՐԴՈՐԵԼ, ԲԱՅՑ ՉԻ ԷԼ ՊԱՐՏԱԴՐԵԼ
Պատերազմն ու բնական աղետները հարկադրում են մարդկանց հեռանալ բնակավայրից, ծննդավայրից, հայրենիքից: Այդպես պատահեց նաև աշխարհի ամենակուռ համայնքներից մեկի՝ սիրիահայերի հետ, ովքեր արդեն 5 տարի ձգվող պատերազմի պատճառով հեռացել են Հալեպից, ու մի մասը հասել է Հայաստան, մի մասը՝ Լիբանան, մի մասն էլ գաղթել է Եվրոպա: Ոչ ոք նրանց չի հորդորել լքել պատերազմական իրավիճակում հայտնված ծննդավայրն ու հայրենիքը, բայց չի էլ պարտադրել դիմանալ:
20 հազարից ավելի սիրիահայեր են հաստատվել Հայաստանում, որոնք, մարդկային կորստից բացի, զրկվել են իրենց օթևաններից, կրել են բազմաթիվ դժվարություններ, այսօր էլ ունեն կենսական լրջագույն խնդիրներ, որքան էլ Հայաստանը սիրիական պատերազմի փախստականներին հյուրընկալելու ցուցանիշով համարվի առաջատար երկրներից մեկը: Ներգաղթյալների թվում երիտասարդներ շատ կան, ովքեր սովորում են, ծառայում են Հայոց բանակում, աշխատում են, կապվել են հայրենիքին ու չեն մտածում այն լքելու մասին:
Այսօր Սիրիայում մեր հայրենակիցներից շատերը շարունակում են ապրել ու կռվել սիրիական բանակում, եղել են զոհեր: Սիրիական հակամարտության հանգուցալուծումը դեռևս տեսանելի չէ, ուստի շարունակվող պատերազմի պատճառով չի բացառվում սիրիահայերի արտագաղթի նոր հոսք:
ՍՐԲԱԳՐԵՆՔ, ԴԵՌ ՈՒՇ ՉԷ
Հալեպի «Գանձասար» պարբերականի այս տարվա հունվարի 21-ի համարում տպագրված «Սրբագրենք, դեռ ուշ չէ» խորագրով հոդվածում հալեպաբնակ ներկայացված երկու երիտասարդ աղջիկներ՝ Մարիա Գաբրիէլեանն ու Սեւան Շահպազեանը Սիրայից արտագաղթած երիտասարդներին համարել են թուլամորթ, որոնց «վայել են թուղթէ պսակները»:
«Պատերազմի տարիներուն բազմաթիւ էութիւններ բացայայտուեցան: Երեւան ելան իսկական եւ անիսկական հայրենասէրները: Ճանչցանք անոնց, որոնց համար հայրենասիրութիւնը ազգային ու հայրենասիրական երգեր լսելու եւ երգելու մէջ է: Ճանչցանք «հայրենասէրներ», որոնց համար հայրենիքը տան պատշգամին կամ համացանցի դիմատետրի էջին վրայ դրօշակ ծածանեցնելու մէջ է: Ճանչցանք «հայրենասէրներ», որոնք խաղաղութեան տարիներուն, երբ հայրենիքին պէտք ունէին, հայրենասիրութիւն քարոզեցին, իսկ պատերազմի տարիներուն, երբ հայրենիքը իրենց պէտք ունէր, խլացուցին իրենց ականջները, կռնակ դարձուցին ու վախկոտի նման հեռացան հայրենիքէն: Ո՞Ւր մնաց անոնց հայրենասիրութիւնը, ապաստանեալի կարգավիճակ ստանալու հաստատագիրի՞ն վրայ, թէ՞ օտար երկրի մը քաղաքացիութեան փաստաթուղթին վրայ»,- գրում է Մարիան: Այնուհետև նա մեղադրում է Հայաստանում ապրող երիտասարդներին, ովքեր այստեղ իբր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի խուսափեն զինվորական ծառայությունից: Աղջիկները միաժամանակ չեն մոռանում փառաբանել սիրիահայ այն քաջորդիներին, ովքեր նահատակվեցին հանուն Սիրիայի, նաև նրանց, ովքեր արցախյան պատերազմի ժամանակ փութացին պաշտպանելու հայրենիքը:
Սիրիահայերի համար դժնդակ այդ օրերին բարեգութ մարդկանց և կազմակերպությունների կողմից նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերվեց Հալեպի բնակչությանը: Սակայն հաջորդ հոդվածագրի՝ Սևան Շահպազեանի համոզմամբ՝ «գտնուեցան նաեւ ապերախտներ: Այսօրուան պայմաններով Հայաստան, Լիբանան, Քանատա, Աւստրալիա, Ամերիկա եւ կամ աշխարհի որեւէ մէկ անկիւն հաստատուող կարգ մը սուրիահայերու անքաղաքավար եւ անտաշ մօտեցումները, վիրաւորական վերաբերմունքը, անընդունելի արտայայտութիւնները, երաշխաւորող կողմին հասցուցած նիւթական եւ բարոյական վնասները, մէկ խօսքով անշնորհակալ մօտեցումը անընդունելի եւ անբացատրելի է»:
Հոդվածագիրը համոզված է, որ նման անպատասխանատու արարքները սիրիաբնակ հազարավոր քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման առիթ են հանդիսանում:
ԱՇԽԱՐՀԸ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԱՐՏԱԳԱՂԹ ԿՈՉՎՈՂ ԱԽՏՈՎ
Անկախ հանգամանքներից՝ ազատ տեղաշարժի իրավունք ունի ցանկացած մարդ, սակայն այլ հարց է, թե որքան է այն բարոյական, թե ինչու է մարդը լքել երկիրը: Աշխարհը վարակված է արտագաղթ կոչվող ախտով: Արտագաղթի պատճառները բազմաթիվ են, այս դեպքում սիրիահայ երիտասարդ աղջիկները հրապարակավ մեղադրում են պատերազմական պայմաններում հայրենիքը լքածներին, այն էլ Հալեպում լայն ճանաչում գտած պարբերականի էջերում: Հայաստանաբնակ սիրիահայերի համար այսօրինակ մեղադրանքերը որքան ցավալի, նույնքան անհիմն են:
2012 թվականին Հալեպից Հայաստան գաղթած 24-ամյա Շաղիկ Ռասթգելենեանը այսօր օգնության ձեռք է մեկնում ոչ միայն իր բախտակից սիրիահայ, այլև հայաստանաբնակ անապահով ընտանիքներին: «Հոդվածի հեղինակը շատ վատ ձեւով կայպաներ բոլոր սուրիացիներուն. իրենց ծննդավայր Սուրիան լքելուն ու հեռանալուն համար: ՈՒ իր կարծիքով պետք էր բոլորը մնային ու մասնակից դառնային այդ պատերազմին, պաշտպանելով Սուրիական հողերը առանց գիտնալու թե թշնամին ով է: Եւ ինչու չէ նահատակվէին, ու շատ սրտեր այրէին, որպեսզի մենք իրենց իսկական հայրենասերներ կոչէինք»: Նրա համոզմամբ՝ հայրենիքը պաշտպանելու տարբեր ձևեր կան, և հետո, Հայաստանը նույնպես իրենց հայրենիքն է: «Շատ կը հարգեմ այդ նշանաբանը որ միայն «զենքով կայ հայոց փրկություն»: Բայց մենք եթե միայն զենքով ու արյան գինով փրկէինք, մենք մեզի արդեն հիմա ոչնչացուցած կըլլայինք: Ամեն մարդ իր կարողությամբ կաշխատի եւ կþօգնե հայրենիքին: Շատ մը մեծ հայեր առանց զենք կրելու շատ ավելի մեծ գործեր ըրած են եւ տակավին պիտի ընեն մեր բոլորի համար, մեր հայրենիքի համար, մեր դատի համար: Հայրենասիրությունը չենք կրնար սահմանափակել միայն զենք կրելու կամ գործածելու մեջ, հայրենասիրությունը չափանիշներ եւ հատուկ օրենքներ չունի: Իմաստությամբ է, որ կրնաս թշնամիին հաղթել, ի վերջոյ կուզեմ ըսել, զենքը առանց խելքի առանց իմաստության չենք կրնար օգտագործել ու կը հավատամ, որ մեր ուժը միայն մեր միասնության մեջ է»,- ասում է Շաղիկը:
Երևանում բացված «Lahmajun Gaidz» խորտկարանի հիմնադիր սեփականատեր Կայծակ Ճապաղջուրյանի նախնիները Սիրիա են տեղափոխվել ճակատագրի բերումով՝ ցեղասպանությունից հետո: Ծնվել ու մեծացել է Հալեպում: 2012 թվականին առաջին անգամ այցելեց Հայաստան ու որոշեց ընտանիքի հետ հաստատվել հայրենիքում, հատկապես, երբ Սիրիայում արդեն զգացվում էր պատերազմի շունչը: Դժվար է հեռանալ ծննդավայրից, որտեղ քո տունն է, իսկ Հայաստանում հաստատվելու որոշումը թեև անսպասելի էր, սակայն չի զղջում: Սա նույնպես հայրենիքն է, որին պետք է օգտակար լինել ինչ-որ բանով:
Հազարավոր սիրիահայերի նման Դալար Հապեշյանը նույնպես հաստատվեց Հայաստանում, որտեղ էլ հիմնել է «TH travel» տուրիստական ընկերությունը: Շատ է սիրում Երևանը, ուրախ է, որ հայրենիքն առավելագույնս ճանաչելու հնարավորություն է ստեղծվել, և որ իր փոքրիկ ներդրումն ունի հայրենիքում զբոսաշրջությունը զարգացնելու գործում:
Նորաձևության դիզայներ, նկարիչ Ժանին Եսայանի խոսքով՝ Սիրիայում համալսարանական կիսատ թողած ուսումն այստեղ ավարտելուց հետո իրեն վերածնված է զգում Մայր հայրենիքում: «Այս ամեն ցավ ու ապրումի հետ մեկտեղ Հայաստան գալու առաջին իսկ օրվանից իմ մեջ ապրում էր մեծ, շատ մեծ հույսը, դրան գումարած երբեք չհանձնվելու ուժը, ինչը մինչև այսօր ոգի ու թևեր է տալիս ինձ անընդհատ աշխատելու և իմ ապագան Մայր Հայրենիքում կառուցելու: Նոր կյանք, նոր մթնոլորտ, նոր ընկերներ, թաքնված ցավեր, կորցրած իրեր և շատ ուրիշ բաներ եմ վերապրում այստեղ»:
ՄԻ՛ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ
Աշխարհում թերևս չկա մի երկիր, որտեղ արտագաղթ չլինի: Մոլորակը եռացող կաթսա է, որտեղ մարդիկ հարատև շարժվում են, տեղափոխվում: Ոչ ոք չգիտի, թե ժամը կամ օրն ինչ անակնկալ են պահել իր համար, ու նա հարկադրված ինչպիսի քայլի կդիմի: Արդյո՞ք իր հայրենիքից հեռացող գերմանացին, չինացին կամ ամերիկացին իր երիտասարդ հայրենակցի կողմից կհամարվի դասալիք ու կարժանանա պարսավանքի միայն նրա համար, որ ուզում է ապրել: Դժվար թե: Մենք՝ պատմական հայրենիք կորցրածների ժառանգներս, չափազանց զգայուն ենք: Ապահով ու անվտանգ ապրելու ձգտումը յուրաքանչյուրի երազանքն է, լինի հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ քննադատելու մարդկանց, ովքեր ուզում են ապրել և ապրել Հայաստանում:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ