Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Թուրքական հոսքը» և հեղաշրջումների տնտեսություն-քաղաքականությունը

«Թուրքական հոսքը» և հեղաշրջումների տնտեսություն-քաղաքականությունը
24.06.2017 | 09:58

Այս շաբաթվա վերջին «Թուրքական հոսք» գազատարի պաշտոնական սկիզբն է տրվելու: Նախագծի նպատակն է ռուսական բնական գազը Եվրոպա հասցնել Թուրքիայի տարածքով՝ Սև ծովի հատակով: Բայց հնարավոր չէ «Թուրքական հոսքը» համարել միայն էներգետիկ նախագիծ, պետք է դիտարկել Հարավային գազային միջանցքի հետ, որը նույնպես անցնում է Թուրքիայով: Նավթով ու գազով Եվրոպան ապահովելը, էներգակիրների մատակարարումը, էներգաերթուղիների կառավարումը, և արդյունքում ստացված ֆինանսական բարեկեցությունը, միաժամանակ բերում են քաղաքական գերակայություն: Նրանք, ովքեր կարող են էներգառեսուրսները վաճառել և վերածել կապիտալի, ձեռք են բերում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ուժ, և որոշելու են էներգետիկ տարածաշրջանների քաղաքական կառուցվածքը: Դիտարկվող տարածաշրջանի վերջին երկու դարերի քաղաքական պատմության մեծ մասը նվաճումների, էներգետիկ գոտիների և էներգառեսուրսների առևտրի պատմություն է:


Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, ցանկալի ծավալով մշտական էներգամատակարարումը հարմար գնով ոչ միայն Եվրոպայի քաղաքական ու տնտեսական անվտանգության կարևորագույն չափանիշ է, այլև ԱՄՆ-ի տրանսատլանտյան անվտանգության կարևոր խնդիր: Զբիգնև Բժեզինսկին՝ ԱՄՆ-ի կարևորագույն ստրատեգներից մեկը, որ անցյալ ամիս կյանքից հեռացավ, Եվրոպայի ընդլայնումը բնորոշում էր իբրև անվտանգության տրանսատլանտյան համակարգի ընդլայնում: Երբ ուշադրություն ենք դարձնում ԵՄ-ի ընդլայնման փուլերին, դա հստակ երևում է: ԵՄ-ի ընդլայնումը պետությունների ինքնիշխանության ճանաչումով 90-ականների սկզբից ուղեկցվել է երկրների մասնատումով, փոքրացումով, սատելիտացումով: Դա կատարվում էր Գերմանիայի ղեկավարությամբ, բայց ԱՄՆ-ի հավանությամբ, անվտանգության տրանսատլանտյան համակարգի շրջանակներում: Հարավսլավիայի տրոհումը Զբիգնև Բժեզինսկին անվանեց «բալկանացում» և կանխատեսեց նման գործընթաց տարածաշրջանում, որ անվանում էր «Եվրասիական Բալկաններ»:

«Շախմատի մեծ խաղատախտակ» գրքում Զբիգնև Բժեզինսկին գրում է, որ Եվրոպայում «Բալկաններ» բառը զուգորդվում է էթնիկ կոնֆլիկտների և տարածաշրջանային պետությունների մրցակցության հետ: Եվրասիան ևս ունի իր «Բալկանները»: Բժեզինսկին եվրասիական Բալկանները ներկայացնում էր քառանկյան տեսքով՝ Հարավ-Արևելյան Եվրոպա, Միջին Ասիա, Հարավային Ասիայի մի մասը, Պարսից ծոց և Մերձավոր Արևելք: Այլ խոսքով՝ բոլոր տարածքները, որտեղ կան էներգետիկ ռեսուրների մեծ պաշարներ, Կասպիականը, Իրաքը, Իրանը, Արևելյան Միջերկրականի ավազանը, նաև՝ Թուրքիան, Եգիպտոսը, հյուսիսում՝ Ղազախստանը ձևավորում են Եվրասիական Բալկանները: «Շախմատի մեծ խաղատախտակը» Բժեզինսկին գրում էր 1996-1997-ին, երբ Եվրոպայում «բալկանացումն» ավարտվում էր, Հարավսլավիան մասնատվել էր: Այդ գրքում շարադրված դրույթները մինչ օրս ձևավորում են Պենտագոնի տրանսատլանտյան անվտանգության պարադիգման: Բոլոր մարտավարությունները՝ ապստամբությունները, հեղաշրջումները, քաղաքացիական պատերազմները և այդ ամենի հետ կապված դիվանագիտությունը ձևավորվում են այդ պարադիգմայի հիմքի վրա: Բժեզինսկին ներկայացնում էր քարտեզ, որտեղ հստակ է «Եվրոպայի անվտանգության գլխավոր միջուկը» և դա լույս է սփռում այն ամենի վրա, ինչ կատարվում է այսօր: Այդ քարտեզը սկսվում է Իսպանիայի ու Ֆրանսիայի սահմաններից, ներառելով Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, ՈՒկրաինան, հասնում է Ռուսաստան: Այս սահմանների հետ կապված հետաքրքիր պատմություն կա: Հիտլերը, օգտագործելով այդ սահմանները, ծրագրում էր օկուպացնել Ռուսաստանը Լեհաստանի միջոցով: Այդ քարտեզը ներառում է Ասիական-խաղաղօվկիանոսյան հյուսիսային առևտրական ճանապարհները դեպի Եվրոպա: Ի՞նչ է կատարվում հիմա:

Ռուսաստանը «Թուրքական հոսք» նախագծի շնորհիվ հասնում է Եվրոպա, շրջանցելով ՈՒկրաինան, Թուրքիայի տարածքով, Թուրքիան ու Ռուսաստանը համատեղ շրջանցում են տրանսատլանտյան «անվտանգության» առանցքը: Մյուս կողմից՝ Հարավային գազային միջանցքը, որի հիմքը կազմում է Տրանսանատոլիական գազատարը (TANAP), ապահովում է Կասպիականի ռեսուրսների հասանելիությունը Եվրոպայում՝ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով: Եվ ոչ միայն՝ Հարավային գազային միջանցքը միակ ճանապարհն է, որ ապահովում է Իրանի, Արևելյան Միջերկրածովյան ավազանի, նաև Արևելյան Միջերկրածովյան շրջանում Իսրայելի գտած ռեսուրսների վաճառքը: Փաստորեն՝ երկու էներգետիկ երթուղիները՝ «Թուրքական հոսքը» և Հարավային գազային միջանցքը շրջանցում են հյուսիսում եվրոպական-ատլանտյան անվտանգության «գլխավոր միջուկները», իսկ հարավում երկրները, որ առանց դժվարության դառնում են Արևմուտքի սատելիտները (ինչպես Եգիպտոսը) կամ ենթարկվում են սատելիտացման ապակայունացման ճանապարհով (ինչպես Իրաքը):


Այդ դեպքում այս ամբողջ տարածաշրջանում (ներառյալ Թուրքիան) չի լինելու քաղաքացիական պատերազմների ու հեղաշրջումների փորձերի պակաս: 2016-ի հուլիսի15-ի նոր վարկածները, «Գեզայի» նոր որոնումները միշտ մնալու են օրակարգում: Որովհետև անվտանգության տրանսատլանտյան համակարգի (կարդացեք՝ ուղղակի շահագործման) վրա Եվրոպայում ու Եվրասիայում ԱՄՆ-ի տեսակետից վտանգ է կախվում: Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը նույնպես վերջ է դնում ատլանտյան կողմի առևտրական ճանապարհների ու առևտրի կանոնների հեգեմոնիային: Այս պայմաններում կարո՞ղ է այս տարածաշրջանը չբախվել չարագուշակ ու մռայլ սցենարների հետ: Իհարկե ոչ: Բայց բոլոր հարցերի պատասխանները տալու են տարածաշրջանի ժողովուրդները, որ պաշտպանում են իրենց սեփական ռեսուրսները, մշակելով իրենց սեփական քաղաքականությունը: Իհարկե, «Թուրքական հոսքը» կարևոր պատասխան է: Այս ամբողջ պատմությունից հետո, կարծում եմ, հասկանալի է, թե ով է այսպես կոչված «գլխավոր ընդդիմադիր կուսակցության» ղեկավարին փողոց դուրս բերել:
Ջեմիլ ԷՐԴԵՄ, Milliyet


Հ.Գ. Լավ, արժե՞ր, հանգուցյալ Զբիգնև Բժեզինսկուն էլ վկա բերել՝ ապացուցելու համար, որ Թուրքիայի ընդդիմությունը ԱՄՆ-ի ազդեցության տակ է: Առավել ևս, որ դա չի էլ ապացուցում: Բնավ էլ միանշանակ չէ, որ Հարավային միջանցքը սպասարկելու է միմյանց հետ ներհակ շահեր ունեցող այդքան երկրների կամ Թուրքական հոսքը կայանալու է ընդհանրապես: Հնարավո՞ր է, որ Իրանն ու Իսրայելը միավորվեն Հարավային միջանցքում: Նույնիսկ հանուն գազի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ