Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Զուսպ էր Սերժ Սարգսյանի ելույթը, ագրեսիվ` Ալիևինը»

«Զուսպ էր Սերժ Սարգսյանի ելույթը, ագրեսիվ` Ալիևինը»
22.09.2017 | 03:37

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթները հիմնականում ղարաբաղյան հիմնախնդրին էին նվիրված: Եթե Սերժ Սարգսյանը, ոչ դիվանագիտական լեզվով, միջազգային հանրությանը ներկայացրեց խնդրի ողջ էությունը, ապա ընտանիքով ՄԱԿ եկած Ադրբեջանի նախագահը հավատարիմ մնաց սեփական հռետորաբանությանը և մեղադրանքների տարափ տեղաց: Իսկ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից չվրիպեց, թե այդ ընթացքում նրա դուստրն ինչպես էր սելֆիներ անում` հավանաբար ՄԱԿ-ը խառնելով խանական երկրի հետ: Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Իրատեսը» խնդրեց մեկնաբանել Սերժ Սարգսյանի և Ալիևի ելույթների հիմնական շեշտադրումները:


-Ի՞նչ կառանձնացնեիք Սերժ Սարգսյանի ելույթից:
-Բնական է, որ Հայաստանի նախագահը պետք է մեր դիրքորոշումը ներկայացներ Արցախի խնդրի վերաբերյալ, ուստի նրա ելույթի հիմնական մասը նվիրված էր հենց դրան: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հստակեցվեց նաև Հայաստանի դիրքորոշումը տարբեր հարցերի առնչությամբ, որոնք, անշուշտ, նոր չեն, բայց այդ ամբիոնից կրկին վերահաստատվեցին: Նախագահի ելույթը արտաքին քաղաքական կարևոր ուղղություններ ուներ, խոսքը և՛ ղարաբաղյան հիմնախնդրի, և՛ հայ-թուրքական արձանագրությունների (դրանց չվավերացման մեղավորությունը Թուրքիայինն է, և դա գիտեն նաև միջնորդ պետությունները, որոնք փորձում էին կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները), և՛ խաղաղապահ առաքելությունում մեր գործունեության ակտիվացման մասին է: Վերջին հանգամանքը շատ էական է մեր բանակի մարտունակության, պաշտպանունակության և միջազգային ասպարեզում ներգրավվելու համար: Նախագահը հայտարարեց, որ եթե ՄԱԿ-ը որոշի խաղաղապահներ ուղարկել Սիրիա, Հայաստանը մասնակցելու պատրաստակամություն կհայտնի: Սա չափազանց կարևոր և ճիշտ ժամանակին արված հայտարարություն էր: Սիրիայի հետ մեր կապերը բացառիկ են, քանի որ ունենք այդ երկրում հայկական մեծ համայնք, որը տուժել է սիրիական ճգնաժամի պատճառով: Հայ խաղաղապահների հնարավոր ներկայությունը Սիրիայում և՛ բարոյահոգեբանական, և՛ անվտանգության առումով հայկական համայնքի համար կարող է նշանակալի լինել:
-Սերժ Սարգսյանի ելույթի խաղաղասիրական շեշտադրումներին հակադրվեց Ադրբեջանի նախագահի ելույթը, որը մեզ ագրեսոր համարեց, ՄԱԿ-ին էլ մեղադրեց բանաձևերը կյանքի չկոչելու հարցում: Ի՞նչ որակում կտաք Ալիևի ելույթին:
-Ալիևը որևէ նոր բան չասաց: Այն ագրեսիվ ոճով, որով սերունդներ է թունավորում, հայատյացություն քարոզում, նույն ձևով էլ ելույթ ունեցավ: Փորձեց ողջ գործընթացի, ապրիլյան դեպքերի մեղքը գցել Հայաստանի վրա: Միշտ է այսպես եղել, ադրբեջանական այս դիրքորոշումը նոր չէ: ՄԱԿ-ի բարձր ամբիոնն էլ ևս մեկ անգամ օգտագործեց, որպեսզի Հայաստանին մեղադրի բոլոր մահացու մեղքերի մեջ, այդ թվում՝ Խոջալուի դեպքերի: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ դրանք անհիմն մեղադրանքներ են, որովհետև Ալիևը չի կարող միջազգային հանրության աչքին թոզ փչել: Պետք է հաշվի առնել նաև այն, որ նրա ելույթը ներքաղաքական կարևորություն ուներ, ներքին լսարանի համար էլ էր նախատեսված, բայց Լեյլա Ալիևան իր սելֆիներով դա էլ փչացրեց: Ի դեպ, ՄԱԿ-ին վերագրվող մեղադրանքների մասին. ՄԱԿ-ի բանաձևերն առաջարկում եմ կարդալ հատկապես ադրբեջանցիներին: Երբ Ալիևը պնդում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձև կա, որոնք պետք է կիրառվեն, խորհուրդ եմ տալիս Ալիևին ուշադիր կարդալ այդ տեքստերը, որ հասկանա, որ դրանցով Հայաստանին կոչ է արվում Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի վրա օգտագործել իր ազդեցությունը: Այսինքն, խոսքը չի վերաբերում Հայաստանին, քանի որ Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ:
-Եթե երկու նախագահների ելույթները դիտարկեք ոչ որպես հայ քաղաքագետ, ո՞րն էր ավելի ազդեցիկ միջազգային հանրության աչքում, ո՞վ կարողացավ իր դիրքորոշումն ընդունելի դարձնել արտաքին աշխարհում:
-Եթե ոչ հայի աչքով նայենք, բնականաբար, Սերժ Սարգսյանի ելույթն առավել զուսպ էր, հավասարակշռված, չկար ագրեսիվ խոսք: Այս առումով Հայաստանի նախագահի ելույթը շահեկանորեն տարբերվում էր Ադրբեջանի նախագահի ելույթից: Սերժ Սարգսյանը խոսեց նաև միջազգային գործընթացներից: Մեծ հաշվով, ի տարբերություն Ալիևի ելույթի, մեր նախագահի ելույթը հավասարակշռված առաջնորդի խոսք էր: Ալիևի ելույթից ակնհայտ էր, թե ինչ երկիր է նա ներկայացնում: Բռնապետական պետություն է ներկայացնում, որտեղ իշխանությունը հորից որդուն է անցնում, սեփական կնոջն էլ նշանակում են փոխնախագահ, որպեսզի այդ իշխանությունն ավելի ամրապնդվի: Սա միջազգային հանրությունը տեսնում և հասկանում է:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ